«հայrate». Հայտնի են Հայաստանի ամենագրավիչ գործատուներն` ըստ ուսանողների

29.01.2024 | 12:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#«հայrate» #Գրանթ Թորնթոն Հայաստան
Հունվարի 26-ին տեղի է ունեցել «հայrate» մրցանակաբաշխությունը, որի շրջանակում պարգեւատրվել են Հայաստանում ամենագրավիչ գործատուները՝ համաձայն ուսանողների շրջանում անցկացված համապարփակ հարցման։

Արդեն երրորդ տարին է, ինչ նախաձեռնությունն իրականացվում է Գրանթ Թորնթոն Հայաստանի եւ Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի համատեղ ջանքերով՝ նպատակ ունենալով շեշտադրել գործատուների գրավչությունը աշխատաշուկա մուտք գործող երիտասարդների շրջանում։ Մրցանակաբաշխությունն իր ուրույն տեղն է գտել մարդկային ռեսուրսների համայնքի տարեկան միջոցառումների շարքում եւ ամրապնդել իր կարեւորությունը գործատու–բուհ հարաբերությունների կառուցման բնագավառում։

Հարցմանը մասնակցել է Հայաստանի առաջատար բուհերի շուրջ 1000 ուսանող՝ արտահայտելով իր կարծիքը եւ նշել 2023 թվականի ամենագրավիչ գործատուին՝ անկախ գործունեության ոլորտից:

«Պետք է փաստել, որ այս տարի ուսանողները նշել են բազմաթիվ կազմակերպություններ՝ առանձնացնելով նաեւ իրենց ընտրության պատճառները։ Որպես հետազոտական նյութ կազմակերպիչների կողմից կարեւորվել է ոչ միայն բուն մրցանակաբաշխությունը, այլեւ՝ ուսանողների կողմից տարբեր ընկերությունների ընկալման դինամիկ փոփոխությունները եւ տենդենցները»,- ասված է Գրանթ Թորնթոն Հայաստանի հաղորդագրությունում:

Մրցանակաբաշխության ընթացքում հայտարարվել են հարցման արդյունքում ամենից շատ ձայներ հավաքած 10 ընկերության անունները: Առանձնահատուկ շեշտադրվել եւ պարգեւատրվել է «ամենագրավիչ գործատու» անվանակարգում առավելագույն ձայներ հավաքած կազմակերպությունը:

Այսպիսով, առաջին հորիզոնականներում տեղ գտած կազմակերպությունների շարքում են՝ Դիջիթեյն, Պիքսարտ, Ամերիաբանկ, Սոֆթ Կոնստրակտ, Կենտրոնական բանկ, Սինոփսիս, Արդշինբանկ, Ինեկոբանկ, Սերվիս Տիտան, Վիվա–ՄՏՍ:

«Գրանթ Թորնթոնն արդեն երրորդ տարին է, ինչ նախաձեռնել է եւ ՄՌ Ասոցիացիայի հետ համատեղ իրականացնում է «հայrate»-ը, որն արդեն իսկ դարձել է հայաստանյան աշխատաշուկայի ամենասպասված վարկանիշերից մեկը: Շնորհավորում եմ այս տարի հարցման արդյունքներում տեղ գտած գրավիչ գործատուներին: Երիտասարդ տաղանդների ներգրավման համար մեծ ջանքեր են տարվում բազմաթիվ կազմակերպությունների կողմից ու այսօր «հայrate»-ը փաստացի տալիս է այդ ջանքերի ուրույն գնահատականը»,- ասել է Գրանթ Թորնթոն ընկերության Մարդկային ռեսուրսների կառավարման խորհրդատվական ծառայությունների ղեկավար Լիլիթ Գեւորգյանը:

Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանն ասել է.

«Կարելի վստահորեն ասել, որ «հայrate»-ը, որպես հետազոտություն եւ միջոցառում, ամրապնդել է իր կարեւորությունը՝ երեք տարի շարունակ ընդգծելով երիտասարդության եւ գործատուների կապի անհրաժեշտությունը։ Հայաստանի ՄՌ Ասոցիացիան շատ է կարեւորում գործատուի բրենդինգի ուղղությամբ տարվող աշխատանքները, քանի որ այն ուղղակիորեն արտացոլում է ոլորտի հիմնական խնդիրները եւ նախանշում զարգացման ուղղությունները։ Բնականաբար, մենք տարեցտարի փորձում ենք անել առավելագույնը, որպեսզի մեր գործընկերների հետ համատեղ ավելի խորը եւ համապարփակ հետազոտությունների արդյունքներ ապահովենք»։

Միջոցառմանը հրավիրված էին համապատասխան պետական մարմինների եւ ԲՈւՀ-երի ներկայացուցիչներ, գործընկերներ, մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ ուսանողներ։

Մասնակիցները բարձր են գնահատել նման նախաձեռնության անհրաժեշտությունը՝ նշելով, որ Հայաստանի գործատուները «հայrate»-ի շնորհիվ հնարավորություն ունեն գնահատել ինչպես իրենց ձեռնարկած քայլերի արդյունավետությունը, այնպես էլ բացահայտել նոր հնարավորություններ երիտասարդ տաղանդների ներգրավման համար:

Նշվում է, որ վերահաստատվել է ուսանող-գործատու կապի պահպանման անհրաժեշտությունը եւ ընդգծվել «հայrate»-ի կարեւորությունը՝ որպես այդ հաղորդակցության բացահայտման գործուն միջոց:

Հետազոտության վերլուծության ամբողջական արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիտում՝ 4945
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW