ԱրարատԲանկը $5 մլն է ներգրավել GGF-ից՝ խթանելու կանաչ ֆինանսավորումը Հայաստանում

17.01.2024 | 15:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #GGF #ՓՄՁ
Green for Growth Fund (GGF) սոցիալական ազդեցության ներդրումային հիմնադրամը, որի կառավարիչն է Finance in Motion ընկերությունը, շարունակում է համագործակցությունը Հայաստանում ՓՄՁ ֆինանսավորման ոլորտի առաջատար բանկերից մեկի` ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի հետ՝ տրամադրելով $5 միլիոն վարկ:

«ԱրարատԲանկի հետ այս ռազմավարական համագործակցությունը, որը նշանակալի առաջընթաց է Հայաստանում կայուն զարգացման նպատակներին հասնելու ճանապարհին, միտված է ընդլայնելու GGF-ի գործընկերային ցանցը երկրում եւ ավելացնելու ՓՄՁ-ների եւ մանրածախ հաճախորդների կանաչ գործունեությանն ուղղված աջակցությունը:

Տրամադրված ֆինանսավորումը թույլ կտա բանկին բավարարել կանաչ գործունեության գծով կապիտալ ծախսերի աճող պահանջարկը առանցքային ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, սննդի վերամշակումը, արտադրությունը եւ շինարարությունը: Բացի այդ, այն կօժանդակի առանձին տնային տնտեսություններին՝ ներդնելու էներգաարդյունավետ համակարգեր եւ որդեգրելու էկոլոգիապես մաքուր գործելակերպ, ներառյալ վերականգնվող էներգետիկայի բնագավառում փոքրածավալ միջոցառումների իրականացումը:

Ի լրումն ֆինանսավորման, hիմնադրամի աջակցության շրջանակը ներառում է նաեւ Տեխնիկական աջակցության (ՏԱ) հատուկ փաթեթ, որը կոչված է զարգացնելու ԱրարատԲանկի կանաչ վարկավորման կարողությունները՝ օգտագործելով GGF-ի հսկայական փորձն ու փորձագիտական գիտելիքները ոլորտում: Սա համահունչ է GGF-ի ավելի լայն առաքելության նպատակին` խթանելու կայուն ֆինանսական գործելաոճը եւ ընդգծելու GGF-ի ամբողջական մոտեցումը կանաչ նախաձեռնություններին ԱրարատԲանկի հավատարմությանը աջակցելու գործում»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

GGF-ի նախագահ Քրիստոֆեր Նոուլզը ոգեւորվածություն է հայտնել ԱրարատԲանկի հետ կրկին համագործակցելու կապակցությամբ. «Մենք շատ ուրախ ենք խորացնել մեր համագործակցությունը ԱրարատԲանկի` մեր գործընկերոջ հետ, որը կիսում է կայուն զարգացման խթանման մեր տեսլականը: Այս վարկային ներդրումը մատնանշում է հավաքական ջանքերի միջոցով դրական փոփոխությունների ներուժը եւ ընդգծում մեր համատեղ հանձնառությունը` բարելավելու էներգիայի եւ ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը երկրում` կանաչ տնտեսության անցումը արագացնելու նպատակով»:

«Ուրախ ենք հայտարարել «Green for Growth Fund»-ի հետ մեր համագործակցության մասին, որի շրջանակում $5 միլիոն կտրամադրվի փոքր եւ միջին ձեռնարկություններին՝ էներգաարդյունավետության եւ վերականգնվող էներգիայի լուծումների հասնելու ճանապարհին աջակցելու համար: Այս համագործակցությունն արտացոլում է մեր նվիրվածությունը ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագրի» 8-րդ սկզբունքին, որը կոչ է անում ձեռնարկություններին իրագործել նախաձեռնություններ, որոնք նպաստում են բնապահպանական պատասխանատվության բարձրացմանը:

Ընդլայնելով ՓՄՁ-ների հնարավորությունները կայուն պրակտիկայի ներդրման ուղղությամբ՝ մենք ոչ միայն նպաստում ենք էկոլոգիային միտված, կանաչ եւ առողջ ապագային, այլեւ խթանում ենք տնտեսական աճը եւ ճկունությունը: Միասին մենք կարող ենք շոշափելի ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա եւ ավելի կայուն ապագա ապահովել գալիք սերունդների համար»,- նշել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի վարչության նախագահ Մհեր Անանյանը։
Դիտում՝ 6137
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW