Փաշինյանը նոր ատոմակայան կառուցելը «մեգանախագիծ է» անվանել

16.01.2024 | 12:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Էներգաբլոկ #ատոմակայան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը:

Ինչպես հայտնել են կառավարությունից, նշվել է, որ միջուկային տեղակայանքների նկատմամբ վերահսկողության շրջանակում շարունակվել են Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության բարձրացման եւ 2-րդ էներգաբլոկի շահագործման լիցենզիայի պայմանների ու պահանջների կատարման միջոցառումները: Իրականացվել են ստուգայցեր, վերլուծվել են հաշվետվությունները, ուսումնասիրվել են անվտանգության համար կարեւոր համակարգերի մոդիֆիկացիաների ներդրման նախագծային փաստաթղթերը, այդ թվում՝ Սթրես-թեսթի ազգային պլանով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը։

Ներկայացվել է Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու, փոքր մոդուլյար ռեակտորներ տեղակայելու նպատակահարմարության, ինչպես նաեւ անհրաժեշտ տեխնոլոգիաների ընտրության նպատակով վերլուծություններ իրականացնելու եւ հետագա քայլերի հաջորդականությունը:  

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չտիրապետելով մասնագիտական նրբություններին՝ քաղաքական առումով հետաքրքիր է համարում մոդուլյար ռեակտորների տարբերակը: «Վերջիններիս վթարն ինքը վթարային հակազդման գոտիներ չի պահանջում։ Այսինքն, որ վթար եղավ, մենք հարյուր կիլոմետր շառավղով բնակչությանը պաշտպանելու միջոցներ չենք կիրառելու»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Ի պատասխան՝ պատասխանատուները նշել են, որ վթարը դասակարգվում է որպես ներքին վթար. արտաքին վթար հասկացությունն այդ ռեակտորների համար վերանում է:

Խոսելով ատոմային նոր էներգաբլոկի կառուցման հետագա քայլերի վերաբերյալ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Խոսք էր գնում, որ նոր ատոմակայանի ստեղծման համար նախ իրականացնող կազմակերպություն ստեղծենք։ Ինձ թվում է` դա շատ կարեւոր է, որովհետեւ նախ դա ցույց կտա մեր վճռականությունը, որ մենք իրոք, ոչ միայն խոսում ենք, այլեւ գնում ենք այդ ուղղությամբ։ Իհարկե, այստեղ, կրկին ինչպես ամեն տեղ, ունենալու ենք ուժեղ կադրային բազա ապահովելու հարցը, որովհետեւ նոր ատոմակայան կառուցելը մեգանախագիծ է, այդ կազմակերպությունն, ըստ էության, այդ ծրագրի իրականացման գրասենյակ է դառնալու։ Այստեղ մենք պետք է շատ ակտիվ աշխատենք, որպեսզի պատշաճ կադրեր կարողանանք ներգրավել այդ աշխատանքի մեջ»:

Նշվում է, որ հանդիպմանը ներկայացվել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ իրականցվող տեխնիկական համագործակցության ծրագրերն ու դրանց նպատակները, ինչպես նաեւ Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում իրականացվող աշխատանքները:

Ներկայացվել են նաեւ 2023թ. ընթացքում «Միջուկային եւ ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից իրականացված գիտահետազոտական աշխատանքները:
Դիտում՝ 1426
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW