ՀԲ. Համաշխարհային տնտեսությունը հակառեկորդ կսահմանի մինչեւ 2024-ի տարեվերջ

10.01.2024 | 12:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲ #համաշխարհային տնտեսություն #զեկույց
Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ»  զեկույցը:

Համաձայն զեկույցի՝ թեեւ այս տասնամյակը զարգացման իմաստով պետք է դառնար շրջադարձային, սակայն ըստ կանխատեսումների՝ համաշխարհային տնտեսությունը հակառեկորդ կսահմանի մինչեւ 2024թ-ի տարեվերջ՝ «համաշխարհային ՀՆԱ-ի աճն այս տասնամյակի առաջին կիսամյակում կլինի ամենացածրը վերջին 30 տարվա ընթացքում»:

Նշվում է, որ համաշխարհային տնտեսությունում տիրող իրավիճակն այժմ ավելի լավ է, քան մեկ տարի առաջ․ համաշխարհային ռեցեսիայի ռիսկի նվազմամբ պայմանավորված՝ հիմնականում ԱՄՆ-ի տնտեսության կայունության շնորհիվ։

«Սակայն աշխարհաքաղաքական լարվածության բարձրացումը կարող է մոտ ապագայում նոր սպառնալիքներ առաջացնել համաշխարհային տնտեսության համար։

Միեւնույն ժամանակ, զարգացող տնտեսություններ ունեցող շատ երկրների համար կանխատեսումները միջնաժամկետ հեռանկարում վատթարացել են՝ խոշոր տնտեսությունների մեծ մասի դեպքում աճի դանդաղելու, համաշխարհային առեւտրի լճացման եւ վերջին տասնամյակների ընթացքում վարկավորման պայմանների խստացման համատեքստում: Ակնկալվում է, որ 2024 թվականին համաշխարհային առեւտրի աճը կկազմի համավարակին նախորդ տասնամյակի միջին ցուցանիշի միայն կեսը:

Կանխատեսումների համաձայն՝ 2024 թվականին համաշխարհային տնտեսության աճի տեմպերը կշարունակեն դանդաղել երրորդ տարին անընդմեջ՝ նախորդ տարվա 2,6%-ից իջնելով մինչեւ 2,4%, ինչը գրեթե երեք քառորդ տոկոսային կետով ցածր է 2010-ականների միջինից: Կանխատեսումների համաձայն՝ զարգացող տնտեսություններում տնտեսական աճը կկազմի ընդամենը 3,9%, որն ավելի քան մեկ տոկոսային կետով ցածր է նախորդ տասնամյակի միջին ցուցանիշից: Ակնկալվում է, որ ցածր եկամուտ ունեցող տնտեսությունները, որոնք անցյալ տարի հիասթափեցնող ցուցանիշներ են ունեցել, կաճեն 5,5%-ով (նախորդ կանխատեսումներից ցածր): Մինչեւ 2024 թվականի տարեվերջ զարգացող յուրաքանչյուր չորս երկրից գրեթե մեկի բնակչությունը եւ ցածր եկամուտ ունեցող երկրների մոտավորապես 40%-ը կշարունակի ավելի աղքատ լինել, քան նախքան 2019 թվականի COVID-ի համավարակը։ Միեւնույն ժամանակ, ակնկալվում է, որ զարգացած տնտեսություն ունեցող երկրներում աճն այս տարի կդանդաղի մինչեւ 1,2%՝ 2023 թվականի 1,5%-ի համեմատ»,- ասված է ՀԲ զեկույցում:

Համաշխարհային բանկի Խմբի Գլխավոր տնտեսագետ եւ ավագ փոխնախագահ Ինդերմիթ Գիլն ասել է, որ «կուրսը լրջորեն չճշգրտելու դեպքում 2020-ականները պատմության մեջ կմնան որպես բաց թողնված հնարավորությունների տասնամյակ».

«Կարճաժամկետ հեռանկարում տնտեսական աճի տեմպը ցածր կմնա, եւ շատ զարգացող երկրներ՝ հատկապես ամենաաղքատները, թակարդում կհայտնվեն․ պարտքի բարձր մակարդակը կխոչընդոտի զարգացմանը, իսկ պարենային անապահովության խնդիրը ծառացած կլինի գրեթե երեքից մեկ բնակչի առջեւ»:

Զեկույցում նշվում է, որ մինչեւ 2030 թվականը կլիմայի փոփոխության դեմ պայքարելու եւ զարգացման իմաստով համաշխարհային հիմնական այլ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ կլինի, որպեսզի զարգացող երկրներն էապես մեծացնեն ներդրումների ծավալները՝ տարեկան մոտ $2,4 տրիլիոն.

«Առանց տնտեսական միջոցառումների համալիր փաթեթի դժվար թե հնարավոր լինի ապահովել նման ծավալը։ Ակնկալվում է, որ 2023-24 թվականներին զարգացող տնտեսություն ունեցող երկրներում բնակչության մեկ շնչի հաշվով ներդրումների աճի միջին տեմպը կկազմի ընդամենը 3,7%, ինչը նախորդ երկու տասնամյակների տեմպերի կեսից մի փոքր ավելին է:

Զարգացող տնտեսություն ունեցող երկրները, որոնք ապահովում են մեկ շնչի հաշվով ներդրումների աճի արագացումը մինչեւ առնվազն 4%-ի եւ պահպանում են այդ տեմպերը առնվազն վեց տարի եւ ավելի, հաճախ զգալի տնտեսական ձեռքբերումներ են ունենում. վերջիններիս եւ զարգացած տնտեսություն ունեցող երկրների միջեւ եկամուտների մակարդակի մոտարկման գործընթացի արագացում, աղքատության մակարդակի ավելի արագ նվազեցում եւ արտադրողականության աճի տեմպերի քառապատկում։ Նման վերելքների ժամանակ նկատվում են գնաճի նվազեցում, ֆիսկալ եւ արտաքին դիրքավորման բարելավում եւ բնակչության համար ինտերնետ հասանելիության արագ ընդլայնում»:

ՀԲ Գլխավոր տնտեսագետի տեղակալ եւ Նախատեսության խմբի տնօրեն Այհան Քոսեն նշել է, որ ներդրումային բումերը կարող են փոխակերպել զարգացող տնտեսությունները՝ օգնելով նրանց արագացնել իրենց էներգետիկ անցումը եւ լուծել զարգացման մարտահրավերների լայն շրջանակ.

«Նման բում առաջացնելու համար զարգացող տնտեսությունները պետք է իրականացնեն համապարփակ միջոցառումների փաթեթներ՝ հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականության շրջանակներն ամրապնդելու, անդրսահմանային առեւտուրը եւ ֆինանսական հոսքերն ընդլայնելու, ներդրումային միջավայրը եւ հաստատությունների որակը բարելավելու նպատակով»:
Դիտում՝ 1987
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW