Հարավարեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (EFSE) վերահաստատում է հանձնառությունը՝ խթանելու Հայաստանի տնտեսական զարգացումը եւ $5 միլիոնի չափով առաջնային վարկ տրամադրում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ին:Ինչպես հայտնել են բանկից, այս նոր վարկային գործիքի նպատակն է բարելավել ֆինանսավորման հասանելիությունը միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ), հատկապես կանանց պատկանող կամ նրանց կողմից ղեկավարվող ՄՓՄՁ-ների համար եւ խթանել Հայաստանում բիզնեսի մրցունակության եւ ներառականության աճը: «ԱրարատԲանկը ՓՄՁ ոլորտի առաջատար ֆինանսավորող կառույց է, որը մեծ փորձ է կուտակել կանանց ֆինանսավորման բնագավառում: EFSE-ի ներդրումն ավելի կամրապնդի բանկի նվիրվածությունը կանանց պատկանող կամ նրանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին աջակցելու եւ սոցիալ-տնտեսական հզորացմանն ու ներառմանը նպաստելու գործին»,- ասված է բանկի հաղորդագրությունում:«Մեզ համար պատիվ է շարունակել մեր ուղին ԱրարատԲանկի` մեր վստահելի գործընկերոջ հետ, որը կիսում է տնտեսական զարգացման խթանման մեր տեսլականը: $5 միլիոնի այս ներդրումը վկայում է ՄՓՄՁ-ներին, մասնավորապես, կանանց պատկանող կամ նրանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին աջակցելու եւ Հայաստանի տնտեսական լանդշաֆտի վրա նշանակալի ազդեցություն ունենալու մեր համատեղ հանձնառության մասին», - ասել է EFSE-ի տարածաշրջանային տնօրեն Օքսանա Բինզարուն:«Այս ռազմավարական գործընկերությունն արտացոլում է երկրի տնտեսական առաջընթացը խթանելու եւ միկրո, փոքր ու միջին ձեռնարկություններին հզորացնելու մեր հանձնառությունը: ՄՓՄՁ-ները կենսական դեր են կատարում նորարարության խթանման, աշխատատեղերի ստեղծման եւ ընդհանուր տնտեսական կայունության ապահովման գործում: Վստահ ենք, որ ֆինանսավորման ոլորտում Հարավարեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի ունեցած փորձի եւ մեր բանկի լայնածավալ ցանցի եւ ռեսուրսների շնորհիվ այս համագործակցությունն էական ազդեցություն կունենա Հայաստանի բիզնես միջավայրի ձեւավորման վրա»,- նշել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի վարչության նախագահ Մհեր Անանյանը։ Tweet Դիտում՝ 6749