2023-ին վենչուրային շուկայի ծավալն աշխարհում նվազել է 35%-ով

09.01.2024 | 14:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վենչուրային շուկա #PitchBook
Նախնական տվյալներով՝ 2023 թվականին վենչուրային համաշխարհային շուկայի ծավալը 2022 թվականի համեմատ նվազել է 35%-ով եւ կազմել $345,7 մլրդ։

 «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ այս տվյալները ներկայացրել է ամերիկյան PitchBook վերլուծական ընկերությունը։ Նման ներդրումների չափն ամենացածրն է եղել 2019 թվականից ի վեր, երբ այն կազմել էր $333,4 մլրդ:

Վենչուրային ներդրումների ծավալին զուգահեռ նվազել է նաեւ գործարքների թիվը։ Եթե 2022-ին եղել է 51 894 գործարք, ապա 2023-ին` 27%-ով պակաս, 37 809: Վենչուրային հիմնադրամների կողմից ներգրավված միջոցների ծավալը 2023-ին նվազել է շատ ավելի կտրուկ, քան շուկայի ընդհանուր չափը` 47,5%-ով, եւ կազմել $160,9 մլրդ:

Ընդհանուր նվազման ֆոնին ստարտափների նկատմամբ առավել ուշադիր էին Հյուսիսային Ամերիկայի երկրներում (հիմնականում՝ ԱՄՆ-ում), որոնց բաժին է ընկել վենչուրային ներդրումների ծավալի կեսից ավելին (51,8%, կամ $179,1 մլրդ)։

Չնայած ԱՄՆ ընկերություններում վենչուրային ներդրումների գերակշռող մասնաբաժնին (2023 թվականին դրանք կազմել են $170,6 մլրդ), ներդրումների չափը 2022 թվականի համեմատ նվազել է 29,6%-ով։ Կրճատվել է նաեւ գործարքների թիվը. հաշվի առնելով միայն ավարտվածները (13 608) անկումը կազմել է 22,6%:

Ավելի քան մեկ քառորդը (26,4%, կամ $91,1 մլրդ) կազմել են ներդրումներն Ասիայում, իսկ Եվրոպայում՝ 18%, կամ $61,9 մլրդ։ Վենչուրային բոլոր գործարքների 38%-ը կնքվել է Հյուսիսային Ամերիկայում։ Ասիային բաժին է ընկել 11 307 գործարք, կամ 30%, իսկ Եվրոպային` 9429 գործարք, կամ 25%:

Ինչպես ավելի վաղ նշել էին KPMG Private Enterprise-ի վերլուծաբանները, վենչուրային ներդրումները 2023 թվականին դարձել են ավելի ռիսկային՝ բանկային տոկոսադրույքների աճի, համաշխարհային կայուն բարձր գնաճի եւ աշխարհաքաղաքական խնդիրների վատթարացման պատճառով:

Այնուամենայնիվ, այս անորոշության պայմաններում 2023 թվականին բարձր են եղել ներդրումներն արհեստական բանականության տեխնոլոգիաներում: Օրինակ՝ միայն տարվա երկրորդ եռամսյակում ամերիկյան Anthropic ստարտափը Google-ից եւ այլ ներդրողներից $450 միլիոն է ներգրավել՝ հաջորդ սերնդի արհեստական բանականության հիման վրա օգնական ստեղծելու համար, իսկ Inflection Al-ը՝ $1,3 միլիարդ, այդ թվում՝ Microsoft-ից եւ Nvidia-ից՝ «անկաշկանդ զրույցների» համար Pi չաթ բոտ ստեղծելու նպատակով:
Դիտում՝ 5528
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW