Կոնվերս Բանկը եւ ԵՊՀ-ն համագործակցության համաձայնագիր են կնքել

13.12.2023 | 17:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #ԵՊՀ #համաձայնագիր
«Կոնվերս Բանկ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը եւ Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր ստորագրել են համագործակցության համաձայնագիր:

Համաձայնագրով կմիավորվեն երկու կառույցների ջանքերը ֆինանսական ոլորտի մասնագետների վերապատրաստման, կրթական, գիտահետազոտական աշխատանքներ եւ համատեղ այլ ծրագրեր իրականացնելու համար:

Ինչպես հայտնել են բանկից, սահմանված նպատակներին հասնելու համար օգտագործվելու են ԵՊՀ ուսումնամեթոդական բազաները, լաբորատորիաները, ինչպես նաեւ Կոնվերս Բանկի ու Մայր բուհի մարդկային ռեսուրսները, մասնագիտական գիտելիքները, ունակություններն ու հմտությունները:

«Այսօրվա ուսանողները վաղը համալրելու են տարբեր ոլորտների կառույցների, այդ թվում՝ բանկերի աշխատակիցների շարքերը: Մենք՝ որպես պատասխանատու բիզնես, կարեւորում ենք մասնակցությունը ֆինանսական համակարգի մասնագետների պատրաստման գործում եւ պատրաստ ենք աջակցել ինչպես մեր փորձառությամբ, այնպես էլ տարբեր համատեղ նախագծերի իրականացման միջոցով»,- ասել է Անդրանիկ Գրիգորյանը՝ կարեւորելով միջազգային չափորոշիչներին համապատասխան մրցունակ կրթությունը:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ կրթության զարգացման երաշխիքներից մեկը կապն է աշխատաշուկայի հետ. «Համալսարանի տրամադրած գիտելիքը պետք է իր արդյունավետ կիրառությունը գտնի աշխատանքում։ Այս համագործակցությամբ մենք կկարողանանք հասկանալ ու ձեւակերպել արդի միտումները, վերանայել մեր կրթական ծրագրերն ու քայլել ժամանակի պահանջներին համընթաց»։

Նշվում է, որ բուհ-մասնավոր ընկերություն կապն ամրապնդելու եւ զարգացնելու համար կկազմակերպվեն գիտաժողովներ, կլոր սեղան-քննարկումներ, այդ թվում՝ միջազգային, միմյանց են ներկայացվելու կատարված հետազոտությունների արդյունքները։

Հաստատված գործակցության շրջանակում ԵՊՀ ուսանողները հնարավորություն կունենան մասնագիտական պրակտիկան անցնել Կոնվերս Բանկում: ԵՊՀ-ը բանկի աշխատակիցների համար կկազմակերպվի կարճաժամկետ դասընթացներ, ինչպես նաեւ կապահովի նրանց մասնակցությունն ամբիոնի բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերի առանձին դասընթացներին։
Դիտում՝ 2450

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW