Արտակ Հանեսյանը՝ միջազգային շուկաների անկայունության պայմաններում Ամերիաբանկի հաջողության մասին

13.12.2023 | 16:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արտակ Հանեսյան #Ամերիաբանկ #Global Finance
Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն ասել է, որ «վերջին տարիներին բանկը կայուն հաջողություններ է գրանցում, որը կառուցված է ամուր հիմքերի վրա` պատշաճ դիվերսիֆիկացված հաշվեկշիռ, արդյունավետ կորպորատիվ կառավարում եւ ապագայի հստակ տեսլական»:

«Աշխարհաքաղաքական լարվածությամբ եւ շուկայի անկայունությամբ պայմանավորված բարդ միջավայրում բանկը ճկունություն է ցուցաբերել եւ մի քանի հիմնական ֆինանսական ցուցանիշներով գերազանցել շուկայի միջին ցուցանիշները»,- Global Finance պարբերականին տված հարցազրույցում ասել է Արտակ Հանեսյանը:

Նա նշել է, որ ֆինանսական արդյունավետությունը բարելավելու եւ ռիսկով ճշգրտված կայուն շահութաբերություն ապահովելու համար մենք կարողացել ենք կիրառել ռիսկերի եւ իրացվելիության կառավարման հավասարակշռված մեխանիզմ.

«2023թ. սեպտեմբերի դրությամբ բանկի ընդհանուր ակտիվները կազմել են 1.33 տրիլիոն ՀՀ դրամ` 2019թ. ի վեր գրանցվող 12% միջին տարեկան աճի տեմպով: 2023թ. 3-րդ եռամսյակի տվյալներով Ամերիաբանկն ամենախոշոր վարկատուն է շուկայում՝ 902 մլրդ ՀՀ դրամ վարկային պորտֆելով եւ շուկայի 19.1% մասնաբաժնով: Մեր որդեգրած ունիվերսալ բանկային մոդելի ներքո շարունակել ենք դիվերսիֆիկացնել բանկի վարկային պորտֆելը՝ վերջին տարիներին մանրածախ եւ ՓՄՁ վարկերի գծով ապահովելով պորտֆելի երկնիշ աճ, ինչը նպաստել է վարկերի արդյունավետ բաշխմանը. մանրածախ եւ ՓՄՁ վարկերը կազմում են ընդհանուր վարկային պորտֆելի 61.2%-ը:

2020թ. սկսած շարունակաբար բարելավվում է նաեւ բանկի վարկային պորտֆելի որակը։ 2023թ. սեպտեմբերի դրությամբ չաշխատող վարկերը կազմել են 2.16% (շուկայում գրանցված 2․97%-ի համեմատ)`պահպանելով նվազման միտումը եւ մնալով երկարաժամկետ միջին եւ նախահամաճարակային ցուցանիշից ցածր մակարդակի վրա (2.87%)։ Ընդհանուր ավանդների ու պարտատոմսերի գծով տարեսկզբից գրանցվել է 14.2% աճ եւ 27% աճ նախորդ տարվա համեմատ՝ հիմնականում ժամկետային ավանդների հաշվին: Չնայած անորոշ արտաքին պայմաններին` ինչպես կորպորատիվ, այնպես էլ մանրածախ սեգմենտներում ընդլայնվել է հաշվետերերի բազան, եւ էապես աճել են ավանդների պորտֆելները:

2023թ. առաջին երեք եռամսյակների ընթացքում մեր ընդհանուր կապիտալն աճել է 10.1%-ով ՝ հասնելով 190 մլրդ ՀՀ դրամի, ինչի հիմքում 2019թ.-ից գրանցված 17% միջին տարեկան աճի տեմպն է, որին նպաստել է կայուն շահույթի ապահովումը:  Փաստացի, մեր զուտ շահույթը վերջին տարիներին աճում է երկնիշ թվով եւ՛ զուտ տոկոսային, եւ՛ ոչ տոկոսային եկամուտների հաշվին, ինչը վկայում է բանկի կողմից կայուն շահույթ գեներացնելու կարողության մասին: Արդյունքում, շահութաբերության ցուցանիշները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա (բանկի զուտ տոկոսային մարժան կազմել է 6.4%, կապիտալի եկամտաբերությունը՝ 26%, իսկ ակտիվների եկամտաբերությունը՝ 3.6%)` էապես գերազանցելով նաեւ շուկայական միջին ցուցանիշը:

Նման դինամիկ արդյունքները մեծ հետաքրքրություն են առաջացրել ներդրողների շրջանում, եւ վկայում են, որ Ամերիաբանկը շարունակելու է իր փոխակերպման ուղին: Իրականում, այս առումով բանկի հաջողությունն արտացոլում է դրական մակրոտնտեսական միջավայրը. 2022թ․–ին Հայաստանի տնտեսությունը դրսեւորեց ճկունություն եւ աճի բարձր ներուժ՝. ապահովելով ՀՆԱ-ի 12.6%- աճ` միեւնույն ժամանակ պահպանելով տարածաշրջանում ամենացածր գնաճի մակարդակը եւ ամենակայուն արժույթը»:  

Արտակ Հանեսյանի խոսքով՝ Ամերիաբանկը մշտապես հետեւել է, որ իր կորպորատիվ կառավարումը համապատասխանի միջազգային լավագույն ֆինանսական եւ ինստիտուցիոնալ փորձին:  

«Դա կարեւոր է բանկի հիմնական դիրքերը եւ հեղինակությունը ամրապնդելու տեսանկյունից: Բանկի ընդհանուր կառավարման համար պատասխանատու Տնօրենների խորհրդի անդամների բացարձակ մեծամասնությունն անկախ, ոչ գործադիր տնօրեններ են՝ միջազգային բազմակողմանի փորձով եւ ֆինանսական ոլորտի խորը գիտելիքներով: Բանկի հաջողությանը նպաստում են նաեւ փորձառու, բանիմաց, կազմակերպության արժեքներին եւ գաղափարներին հավատարիմ բաժնետերերը, որոնց կազմում ընդգրկված են նաեւ միջազգային ֆինանսական հաստատություններ (ՎԶԵԲ եւ ԱԶԲ):

Ֆինանսական կայունության մեր ցուցանիշները նույնիսկ ամենադժվար ժամանակներում մնացել են բարձր մակարդակի վրա, իսկ շահութաբերության շարունակական բարելավումը վկայում է բանկի ֆինանսական կայունության մասին: Մասնավորապես, բանկը կատարեց «Բազել 3» համաձայնագրով նախատեսված կապիտալի բուֆերների ներդրման պահանջները՝ նախապես ապահովելով պաշտպանության անհրաժեշտ մեխանիզմները»,- նշել է նա:

Ամերիաբանկի գլխավոր տնօրենի խոսքով՝ բանկը եղել է տարածաշրջանում թվային փոխակերպումը խթանող առաջին հաստատություններից մեկը.

«Թվային փոխակերպումը մենք դիտարկում ենք որպես բանկային ոլորտի սահմաններից դուրս նոր հորիզոններ բացելու հնարավորություն. զարգացման այս արդյունավետ հարթակները մենք կարող ենք առաջարկել տարբեր ոլորտներին, շուկաներին եւ պոտենցիալ հաճախորդների լայն շրջանակին: Առողջապահությունից մինչեւ ճամփորդություն ու մինչեւ ֆինտեխ կրթություն, որտեղ տվյալների եւ հնարավորությունների համապարփակ կիրառումը կարող է նոր հեռանկարներ ստեղծել եւ տարբերակներ ներկայացնել, մենք այս ուղղությամբ համագործակցում ենք առանցքային դերակատարների հետ՝ մեր տեխնոլոգիական փորձառությունն առավել արդյունավետ օգտագործելու եւ շուկայում ներկայացնելու համար»:
Դիտում՝ 9704
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW