Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է Ֆինանսների նախարարության 2023 թվականի գործունեության հաշվետվությունը:Իրականացված ծրագրերը ներկայացնելիս նշվել է, որ մակրոտնտեսական կանխատեսումներում բարձրացվել է սցենարային վերլուծության դերակատարումը: Ներկայացվել են վերլուծություններ եւ կանխատեսումներ, որոնց համաձայն կառավարության 7% տնտեսական աճի թիրախին հասնելու համար անհրաժեշտ է իրականացնել թիրախային կառուցվածքային քաղաքականություն, ինչը կխթանի մասնավոր ներդրումները եւ արտահանումը՝ բարձրացնելով արտադրողականությունը: «Ներկայացնելով առաջիկա ծրագրերը նշվել է, որ միջնաժամկետ մակրոտնտեսական կանխատեսումների համակարգի բարելավման նպատակով կմշակվի նոր համապարփակ գործիք: Հարկային եկամուտների կանխատեսումների համակարգը կհամալրվի նոր գործիքներով՝ տարբեր փուլերում մշակված մոդելների ներդաշնակեցմամբ: Նախատեսվում է նաեւ ֆիսկալ ռիսկերի կառավարման համապարփակ մեթոդաբանության եւ հաշվետվության ներդրում, հատվածային եւ առանձին խնդիրներին նվիրված վերլուծությունների եւ ախտորոշումների շարունակական իրականացում, այդ թվում`ԼՂ բռնի տեղահանված բնակչության ինտեգրման ծրագրերի ազդեցությունների գնահատում, տնտեսության ներուժի գնահատման նոր համակարգի մշակում: Նշվել է, որ կիրականացվեն նաեւ աշխատանքներ՝ տոկոսադրույքների նվազման ֆոնին միջնաժամկետ պարտատոմսերի կշռի ավելացման ուղղությամբ: Նախատեսվում է նաեւ Եվրոբոնդերի մասնակի հետգնում, վերաֆինանսավորման եւ փոխարժեքի ռիսկերի նվազեցում: Միջազգային կառույցների հետ համագործակցության հասցեականության բարձրացման նպատակով նախատեսվում է աջակցության ներգրավում՝ ուղղված մակրոտնտեսական կայունության ապահովմանը, կայուն եւ ներառական տնտեսական աճի խթանմանը, առանցքային ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: Կիրականացվեն նաեւ կարողությունների զարգացմանը, փորձի փոխանակմանն ուղղված աշխատանքներ: Նշվել է, որ եկամուտների քաղաքականության նպատակադրումներից են՝ կառավարության ծրագրով նախատեսված՝ 25% Հարկեր/ՀՆԱ ծրագրային ցուցանիշի՝ քաղաքականության բաղադրիչի ապահովում՝ զուգահեռաբար ապահովելով նպաստավոր ներդրումային եւ գործարար միջավայր: Ակնկալվում է 2024թ. ընթացքում կատարվելիք օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հարկեր/ՀՆԱ ցուցանիշը մինչեւ 2026թ. 0.75 տոկոսային կետով բարելավող օրենսդրական կարգավորումների ապահովում, հարկման համակարգերի կատարելագործում, այդ թվում՝ հարկման անհավասարության մեղմում, հարկումից խուսափելու հնարավորությունների վերացում: Զեկուցվել է, որ լրացուցիչ հարկային եկամուտների ապահովման շրջանակում իրականացվել է, մասնավորապես, ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացում 2024-2026թթ. համար: Գործարար միջավայրի բարելավման շրջանակում կբարելավվի գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերից օգտվող տնտեսավարող սուբյեկտների հարկային միջավայրը»,- ասված է կառավարության հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 1789