120 մլն դրամ նվիրաբերություն Fab Lab Armenia-ին՝ նոր իրականություն կրթության ոլորտում

22.11.2023 | 17:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #Fab Lab Armenia
Նոյեմբերի 17-ին Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի է ունեցել «Հաջորդը՝ հիմա» խորագրով համաժողով, որի ընթացքում Evocabank-ն ու Fab Lab Հայաստանը կնքել են համագործակցության պայմանագիր:

Բանկը Fab Lab Հայաստանին է նվիրաբերել ավելի քան 120 մլն դրամ՝ ՀՀ-ում նոր fab lab-եր բացելու նպատակով:

Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթեւիկ Խաչատրյանը, ով Fab Lab Հայաստանի խորհրդի անդամ է, կոնֆերանսի պանելային քննարկման ժամանակ նշել է, որ բանկն ու Fab Lab-ն ունեն կրթության ապագայի նույն տեսլականը.

«Աջակցելով այս ծրագրին՝ մենք կկարողանանք ներդնել կրթության նոր ֆորմատ Հայաստանում, որի շրջանակում կկարողանանք սովորեցնել երիտասարդներին՝ ինչպես փորձարկել ու իրականացնել իրենց ստեղծագործ գաղափարները»:

Նշվում է, որ կոնֆերանսին իրենց խոսքն են ասել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը, Learning Learning Architects ԳՏ եւ Fab Lab Հայաստանի խորհրդի անդամ Ժաքլին Կարաասլանյանը, ինչպես նաեւ Labster եւ UbiSim համագործակցությունների Եվրոպայի, Միջին Արեւելքի եւ Աֆրիկայի տնօրեն Մալթ Սթեփսը:

«Լինելով նորարար թվային բանկ՝ Evocabank-ը տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերել տարբեր նախաձեռնություններին` նորագույն տեխնոլոգիաների զարգացման, կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում: Սա մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարեւոր մասն է»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

Fab Lab-ը (fabrication laboratory)՝ «խելացի» լաբորատորիա, ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի՝ MIT-ի ստեղծած արհեստանոց-լաբորատորիա՝ հագեցած հատուկ սարքավորումներով եւ նյութերով, որոնք հնարավորություն են տալիս ստեղծել «գրեթե ամեն ինչ»՝ «համարյա ոչնչից»։ Fab lab-եր գործում են աշխարհի ավելի քան 34 երկրում՝ ԱՄՆ-ից մինչեւ Հարավային Աֆրիկա, Հնդկաստանից մինչեւ Նորվեգիա։

Fab Lab-երում կատարվող աշխատանքները կապված են ոչ միայն տեխնոլոգիական նորարարությունների, այլեւ նոր բիզնես մոտեցումների, ռոբոտաշինության, դիզայնի, ճարտարապետության, գյուղատնետեսության եւ առողջապահության հետ։

Միանալով Fab lab-ի ցանցին՝ Հայաստանը դարձել է աշխարհի լավագույն տեխնիկական բուհի՝ MIT-ի միջազգային կրթական հսկա ցանցի անդամ եւ հնարավորություն է ստացել օգտվել այն հմտություններից, գիտելիքից եւ փորձից, որոնք ստեղծվել են ցանցի անդամ լաբորատորիաներում: Սա նաեւ հնարավորություն է՝ ցուցադրելու Հայաստանի տաղանդը աշխարհին:
Դիտում՝ 2162
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW