Փխրուն շուկաներ, ստվերային բանկեր, միջազգային լարվածություն եւ չափազանց շատ պատերազմներ. այս թեմաները դարձել են առանցքային Հոնկոնգում կայացած խոշորագույն ֆինանսական գագաթնաժողովի ժամանակ։Ինչպես գրում է Frank Media-ն՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը, Հոնկոնգում ֆինանսական առաջնորդների ներդրումային գագաթնաժողովը, որին մասնակցել են «Wall Street-ի հսկաները» եւ եվրոպական ամենախոշոր բանկերը, անցել է «մռայլ տրամադրությամբ»՝ պատերազմների ու հնարավոր տնտեսական ցնցումների քննարկման պայմաններում։Գագաթնաժողովին, որը կազմակերպել էր Հոնկոնգի դրամական շրջանառության վարչությունը (Կենտրոնական բանկի առանձին գործառույթներ իրականացնող պետական հաստատություն), ժամանել էին ավելի քան 300 ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Goldman Sachs-ի, Morgan Stanley-ի եւ Citi-ի ղեկավարները, եվրոպական UBS-ի, Barclays-ի, HSBC-ի եւ Deutsche Bank-ի վարչության անդամները, ինչպես նաեւ BlackRock-ի, Blackstone-ի եւ Apollo Global Management-ի ղեկավարները:Ըստ Financial Times-ի՝ լրագրողներին թույլ չեն տվել մտնել նիստերի դահլիճ:Morgan Stanley-ի տնօրենների խորհրդի նախագահ Ջեյմս Գորմանը հայտարարել է, որ հաջորդ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի աղբյուրը, ամենայն հավանականությամբ, «կլինի աշխարհաքաղաքական»:Deutsche Bank-ի գլխավոր տնօրեն Քրիստիան Սեւինգն իր հերթին նշել է, որ գլոբալ իրադարձությունների լույսի ներքո շուկաները հիմնականում պահպանում էին կայունությունը, բայց իրավիճակը կարող է փոխվել: «Իմ ամենամեծ մտավախությունն այն է, որ եւս մեկ աշխարհաքաղաքական էսկալացիա, իսկ դա կարող է տեղի ունենալ բավականին արագ, եւ շուկաներն ինչ-որ պահի իսկապես կկորցնեն իրենց հանդարտությունը, եւ այդ ժամանակ ապակայունացում տեղի կունենա»,- ասել է Սեւինգը:Բացի այդ, բանկիրների կողմից բարձրացված թեմաներ շարքում էին.- Կենտրոնական բանկերի կողմից տոկոսադրույքների բարձրացումը,- Բանկային կարգավորման խստացումը, մասնավորապես, լայնածավալ բարեփոխումը, որը հայտնի է որպես «Բազելյան խաղավերջ»,- Ստվերային բանկային հատվածը, որն, ըստ UBS-ի տնօրենների խորհրդի նախագահ Քոլմ Քելեհերի, արդեն վերահսկում է համաշխարհային ֆինանսական ակտիվների գրեթե կեսը, եւ որտեղ, նրա կարծիքով, կժայթքի հաջորդ ֆինանսական ճգնաժամը,- Ապագլոբալացումը, որը Citadel ընկերության հիմնադիր Քեն Գրիֆինն անվանեց ապագայի «հսկա վայրի խաղաքարտ»,- Ընդհանուր անորոշությունը. «Այս դահլիճում ոչ ոք չէր կանխատեսել Covid-ը»,- հիշեցրել է Ջեյմս Գորմանը: Tweet Դիտում՝ 6761