«Լույս» հիմնադրամը, ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից, վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2023թ. հունվար-օգոստոս ամիսներին։ Հիմնադրամի զեկույցում նշվում է, որ տնտեսական ակտիվության աճի տեմպը որոշակիորեն արագացել է 2023թ. օգոստոսին՝ պայմանավորված ծառայությունների եւ առեւտրի ոլորտների զարգացումներով։ «2023թ. առաջին ամիսներին գրանցված տնտեսական աճի բարձր տեմպը պայմանավորված էր նախորդ տարվա սկզբին ռուս-ուկրաինական հակամարտության սրման հետեւանքով ՀՀ տնտեսության համար առաջացած դրական գործոններով, որոնց ազդեցության չափը աստիճանաբար նվազում է: Սակայն օգոստոսին արձանագրվել է ՏԱՑ-ի տեմպի արագացում, ինչը կարող է մի կողմից պայմանավորված լինել տուրիզմի աճի հետեւանքով ծառայությունների եւ առեւտրի աճով, կամ կարող է լինել միանգամյա գործոնների հետեւանք: Այդ մասին հնարավոր կլինի առավել հստակ դատողություն անել հաջորդ ամիս՝ սոցիալ-տնտեսական վիճակագրության հրապարակումից հետո:Արդյունաբերության ոլորտի զարգացումները առավել մտահոգիչ են դառնում: Արդյունաբերության ոլորտում արդեն 3 ամիս շարունակ գրանցվում են անկման ցուցանիշներ: Ընդ որում, ինչպես ցույց են տալիս նախորդ՝ հունիս եւ հուլիս ամիսների ցուցանիշները, անկում է գրանցվում ոչ միայն հանքարդյունաբերության, այլեւ՝ մշակող արդյունաբերության ոլորտներում, ինչը առավել վտանգավոր է: Այդ իրավիճակը խոսում է ՀՀ տնտեսության ներուժի եւ մրցունակության անկման մասին, որը պայմանավորված է նաեւ փոխարժեքի վարքագծի դրսեւորումներով:Գնաճի տեմպը շարունակել է մնալ բացասական տիրույթում: Երկար ժամանակահատված բարձր գնաճից հետո, հունիս-օգոստոս ամիսներին գրանցվել է գնանկում, որը, բնականաբար, էապես ցածր է ԿԲ թիրախից: Իրավիճակին արձագանքելով՝ ՀՀ ԿԲ-ն արդեն, ընդհանուր առմամբ, 1.0 տոկոսային կետով նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչը պետք է նպաստի տնտեսությունում ամբողջական պահանջարկի խթանմանը եւ գնաճի՝ դեպի թիրախին վերադարձին»,- ասված է վերլուծության մեջ:Նշվում է, որ արտահանման աճի տեմպը զգալիորեն դանդաղել է վերջին ամիսներին, ինչը կարող է պայմանավորված լինել ՀՀ ապրանքների գնային մրցունակության նվազմամբ: 2023թ. օգոստոսին արտահանման աճը կազմել է 6.1%, ինչն էականորեն ցածր է հուլիսի աճից.«Հունվար-օգոստոս ամիսների աճի տեմպը նույնպես դանդաղել է՝ կազմելով 51.8% եւ հունվար-հուլիսի աճից ցածր լինելով 10.9 տոկոսային կետով: Կարեւոր է նշել նաեւ, որ աճի տեմպի դանդաղման գործում էական դեր ունի նաեւ «պատրաստի սննդի արտադրանք» ապրանքախմբի արտահանման աճի տեմպի դանդաղումը (հունվար-հունիսի 17.7%-ից հունվար- հուլիսին դարձել է 13.0%), որի նպաստումը նվազել է 1.0 տոկոսային կետ:Պետական բյուջեի կատարումը շարունակում է շեղված մնալ պլանավորվածից: Պետական բյուջեի պակասուրդը էապես շեղված է պլանավորված մակարդակից: Մասնավորապես, պլանավորված պակասուրդի փոխարեն արձանագրվում է էական բարձր հավելուրդ, ինչը պայմանավորված է նաեւ բյուջեի ծախսերի՝ հատկապես կապիտալ ծախսերի թերակատարմամբ: Այսպես, հունվար-օգոստոս ամիսներին իրականացվել է 189.3 մլրդ դրամ ծավալով կապիտալ ծախսեր, մինչդեռ բյուջեով հունվար-հունիսի պլանը կազմում է 214.9 մլրդ դրամ: Կապիտալ ծախսերի՝ տնտեսության ներուժի եւ երկարաժամկետ աճի տեսանկյունից կարեւորության մասին բազմիցս խոսվել է, սակայն դրանց կատարողականի խնդիրը շարունակում է արդիական մնալ»:Վերլուծությունն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ: Tweet Դիտում՝ 1928