Հայաստանում էլեկտրոնային առեւտրի խթանումը կնպաստի Փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) կայացմանը եւ զարգացմանը: Հենց այս նպատակով Globally Cool միջազգային կազմակերպությունն արդեն երկրորդ տարին անընդմեջ Հայաստանում իրականացնում է էլեկտրոնային առևտրի խթանմանն ուղղված ծրագիր: Ծրագիրը պատվիրատուն Հայաստանում Նիդերլանդների դեսպանատունն է՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և Էկոնոմիկայի նախարարությունների հետ գործընկերությամբ: Այն նպատակ ունի հզորացնել ՓՄՁ-ները Հայաստանում` զարգացնելով դրանց հաջողակ առցանց բիզնեսի կայացմանն ուղղված հմտություններն ու գիտելիքները:Հայաստանի կին ձեռներեցների ցանցի հիմնադիր նախագահ, ծրագրի խորհրդատու Լիլիթ Ասատրյանը Banks.am-ի հետ զրույցում նշել է, որ ծրագիրը նախատեսված է ՓՄՁ-ների հատկապես կին եւ երիտասարդ ներկայացուցիչների համար:«Այն միջազգային ուսումնական ծրագիր է, որը պրակտիկ գործիքների միջոցով մասնակիցներին բերում է այն հարթակ, որտեղ իրենք ավելի լավ կտիրապետեն էլեկտրոնային առեւտրի հմտություններին, կկարողանան մեծացնել էլեկտրոնային առեւտրի վաճառքները, արտահանումը: Ծրագիրը երկարաժամկետ է. մասնակիցների հետ դեմ առ դեմ ձեւաչափով երկօրյա հանդիպմանը հաջորդելու է դասընթաց դասավանդողների համար, այնուհետեւ՝ մինչեւ փետրվար շաբաթական մեկ անգամ անցկացվելու է առցանց վեբինար՝ մասնակիցների համար նախատեսված հատուկ առաջադրանքներով»,- ասել է Լիլիթ Ասատրյանը:ՀՀ-ում Նիդեռլանդների դեսպան Յապ Ֆրեդերիկսի կարծիքով, ՓՄՁ-ները կազմում են Հայաստանի տնտեսության առանցքը, ողնաշարը: «Եթե ուզում ենք տնտեսությունը զարգացնել, պետք է սկսել փոքր եւ միջին ձեռնարկություններից, որոնք կարող են տեղում աշխատել, զարգանալ, ինչն էլ իր հերթին զարգացում կբերի ամբողջ տնտեսությանը: Զարգացման մարտահրավերները ժամանակի ընթացքում փոխվում են․ եթե նայենք Արեւմտյան Եվրոպայում եւ Ամերիկայում առցանցդ վաճառքի թվերին, կհասկանանք՝ ինչ է կատարվում աշխարհում եւ որոնք են գլոբալ մարտահրավերները: Հայաստանը պետք է պատրաստ լինի այդ փոփոխություններին: Սպառողը փոխվում է, ուզում է առցանց առեւտուր անել, հետեւաբար՝ ընկերություններն էլ պետք է կարողանան գնալ ընդառաջ՝ պահանջը բավարարելու համար»:Դեսպանի խոսքով՝ ընկերությունները պետք է հարմարեցվեն առցանց կանոններին՝ ինչպես աշխատել հարկային դաշտում, մատակարարների, սպառողների հետ: «Այս հանդիպումով փորձում ենք ճանաչել մասնակիցներին՝ հասկանալու, թե ինչպիսին եւ նրանց կարողությունները եւ հավակնությունները: Փորձում ենք յուրաքանչյուր ընկերության հետ առանձին աշխատել, իրենց համար առանձին ռազմավարություն մշակել, ինչն էլ իր հերթին տարբեր բաղադրիչներ պիտի ունենա: Դրանցից մեկը պետք է լինի թիրախային շուկաների ընտրությունը: ՓՄՁ-ների ներկայացուցիչները կարող են ընտրել, թե ռազմավարության որ տարրով են առաջ գնում եւ ինչպես են օգտվում էլեկտրոնային առեւտրի առցանց խոշոր հարթակներից, ինչպիսիք են Amazon-ը եւ Alibaba-ն»,- նշել է Globally Cool-ի ղեկավար Ալֆոնս վան Դուջվենբոդը:Նրա խոսքով՝ շատ բան է կախված ընկերության կարողություններից, նրանց հավակնություններից, ինչպիսի ռեսուրսներ կարող են օգտագործել եւ ինչպիսի ուղղություններ կընտրեն: «Սակայն ոչ բոլոր միջազգային առցանց հարթակները կարող են ունենալ քաղաքականություն, որը Հայաստանի համար նպաստավոր կլինի, եւ եթե այդպես լինի, ընկերությունների մեծ մասի համար ավելի ձեռնտու կլինի կենտրոնանալ տեղական կամ տարածաշրջանային շուկաների վրա: Հենց այդ նպատակով էլ ամեն ընկերության համար մշակելու ենք ռազմավարություն, որպեսզի նրանք իրենց համար ընտրեն արագ հաջողության հասնելու ճանապարհը»,- ասել է նա:Արփի Ջիլավյան Tweet Դիտում՝ 1234