ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ասել է, որ «հարափոփոխ միջավայրն աղավաղում է դրամավարկային, ֆինանսական եւ հարկաբյուջետային քաղաքականությունների սահմանները»: «Եթե ավելի լայն հայացք նետենք Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ընդարձակ տարածաշրջանին՝ պետք է փաստենք, որ հաճախակի ցնցումների ու տատանումների, ինչպես նաեւ ներկա իրավիճակից ածանցվող ռիսկերի նկատմամբ մեր շարունակական զգայունությունը իրական ներդրումներ եւ փոփոխություններ է պահանջում բոլորիցս: Դա սկսվում է միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում եւ՛ մշտական, եւ՛ նոր մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտ ինստիտուցիոնալ եւ մարդկային կապիտալի կարողությունների եւ մոտեցումների զարգացմամբ: Ավելին, հարափոփոխ միջավայրն աղավաղում է դրամավարկային, ֆինանսական եւ հարկաբյուջետային քաղաքականությունների սահմանները՝ պահանջելով ավելի մեծ փոխկապվածություն եւ գործակցություն այս ոլորտների միջեւ: Այնպիսի գործոններ, ինչպիսիք են սոցիալական բարեկեցության նախաձեռնությունները, կլիմայի փոփոխությունը եւ արժույթի թվայնացումը, բավականին բարդ տարրերով իրար են շաղկապում այս քաղաքականությունները», - ասել է Մարտին Գալստյանը՝ սեպտեմբերի 2-ին Դիլիջանում կայացած «Հայկական դրամի 30-ամյակը. կողմնորոշվել նոր թվային դարաշրջանում՝ խորհելով անցյալի մասին» բարձր մակարդակի գիտաժողովի իր ելույթում:«Վերջին ժամանակների տնտեսական եւ աշխարհաքաղաքական իրադարձությունները մատնանշում են նաեւ գլոբալ հատվածայնության ռիսկերի հնարավոր հետեւանքները համաշխարհային ֆինանսական համակարգի համար եւ, մասնավորապես, դրանց ազդեցությունը մեր տարածաշրջանի զարգացող տնտեսությունների զարգացման ներուժի վրա: Անշուշտ, ապագլոբալացման ուղղությամբ տեղաշարժերը կարող են ռիսկեր ստեղծել կապիտալի համաշխարհային հոսքերի համար եւ իրական մարտահրավերներ ձեւավորել կապիտալի միջազգային շուկաների հասանելիության առումով՝ ԿԿԱ տարածաշրջանում եւ դրա սահմաններից դուրս զարգացող շուկայական տնտեսությունների երկարաժամկետ աճի ներուժի վրա իրական հետեւանքներով հանդերձ: Սրանով ընդգծվում է նաեւ, թե որքան կարեւոր է համակարգված դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունը՝ ներքին տնտեսության վրա հիշյալ ռիսկերի ազդեցությանը դիմագրավելու եւ անկայունությունը մեղմելու տեսանկյունից: Այստեղ միջազգային կառույցների (ԱՄՀ եւ այլն) դերը կարեւոր է համաշխարհային ֆինանսական համակարգի ամբողջականությունն ապահովելու եւ զարգացող երկրների՝ կապիտալի շուկաներ կայուն հասանելիությունը սատարելու համար», - նշել է Մարտին Գալստյանը: Tweet Դիտում՝ 1415