Ալկիս Վրյենիոս Դրակինոսը նշանակվել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի տարածաշրջանի ղեկավար, տնօրեն։Նա իր պաշտոնը ստանձնում է սեպտեմբերի 1-ից, նստավայրը կլինի Թբիլիսիում: Ալկիս Վրյենիոս Դրակինոսը կառաջնորդի բանկի գործառնությունները Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում՝ սերտորեն համագործակցելով պետական իշխանությունների եւ շուկայում գործող շահագրգիռ կողմերի հետ՝ միտված երեք երկրների տնտեսությունների հետագա զարգացմանը, աջակցելով մասնավոր հատվածին եւ հիմնական ենթակառուցվածքների զարգացմանը՝ ներդրումների, բարեփոխումների եւ փոքր բիզնեսի ֆինանսավորմանն ու խորհրդատվական ծառայություններին ուղղված քաղաքականության երկխոսության միջոցով՝ ՎԶԵԲ-ին անդամակցող երկրների համապատասխան ռազմավարություններին համահունչ: «Կովկասի տարածաշրջանին աջակցելը բանկի հիմնական առաջնահերթություններից է: Տարածաշրջանը մեծ ներուժ ունի հետագա զարգացման եւ համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրվելու համար: Ոգեւորված եմ սկսելու ՎԶԵԲ-ի տեղական թիմերի հետ աշխատանքս՝ այս տնտեսությունների հաջողության գործում շոշափելի ներդրում ունենալու նպատակով»,- ասել է Դրակինոսը: Նա ազգությամբ հույն է, բանկին միացել է 1993 թ․-ին՝ որպես Հունաստանում ՎԶԵԲ-ի Տնօրենների խորհրդի խորհրդական, այնուհետեւ 1995 թ․-ին միանալով Ֆինանսական հաստատությունների թիմին եւ 1998 թ․-ին դառնալով Երեւանում տեղակայված Հայաստանի գրասենյակի ղեկավար: Հետագայում 12 տարի նա ստանձնել է ֆինանսական ոլորտում խորհրդատվական եւ բանկային դերեր «Քեյ-Փի-Էմ-Ջի»-ում, Եվրոպական բանկում եւ Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկում: Նա կրկին միացել է ՎԶԵԲ-ին 2012 թ․-ին որպես գրասենյակի ղեկավար Թուրքմենստանում, իսկ 2015-ին ստանձնել է Աթենքում տեղակայված Հունաստանի գրասենյակի փոխտնօրենի եւ ղեկավարի տեղակալի պաշտոնը: Մինչ օրս բանկը կատարել է ավելի քան €10 միլիարդ արժողությամբ ներդրում Կովկասի տարածաշրջանի երկրների 680 նախագծում: Tweet Դիտում՝ 6891