«Լույս» հիմնադրամը վերլուծել է 2023թ. առաջին կիսամյակում Հայաստանի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը եւ նշել, որ թեեւ արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի բարձր աճ, սակայն ակնհայտ է, որ աճի տեմպերը էապես դանդաղում են։Հիմնադրամի վերլուծության մեջ նշվում է, որ 2023թ. հունիս ամսին տնտեսական ակտիվության ցուցանիշը մայիս ամսի համեմատ կրկնակի նվազել է։ «Տնտեսական աճը եւս դանդաղել է. աճի տեմպը 2023թ. երկրորդ եռամսյակում առաջին եռամսյակի համեմատ նվազել է 3.0 տոկոսային կետով եւ կազմել 9.1%, իսկ 2023թ. առաջին կիսամյակի աճի տեմպը կազմել է 10.5%, որը 2.1 տոկոսային կետով ցածր է 2022թ. տարեկան ցուցանիշից։ Նկատի ունենալով վերոհիշյալը, ինչպես նաեւ վերջին շրջանում արձանագրվող որոշակի միտումները՝ չի բացառվում, որ առաջիկայում արձանագրվի աճի տեմպերի էական դանդաղում։ Այս տեսակետը կիսում են նաեւ մի շարք միջազգային կազմակերպություններ, ինչպես նաեւ ՀՀ կենտրոնական բանկը՝ համաձայն որոնց կանխատեսումների նախորդ տարվա բարձր տնտեսական աճի համեմատ այս տարի սպասվում է էապես ավելի համեստ աճ` տարբեր գնահատումներով 4.5-7.5%։ՀՀ պետական բյուջեն 2023թ. առաջին կիսամյակում ունեցել է 134.3 մլրդ դրամ հավելուրդ՝ ծրագրված 125.5 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բյուջեի հավելուրդը 53.1 մլրդ դրամով ավելի փոքր էր։ 2023թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարումը պլանից շեղվել է շուրջ 259.8 մլրդ դրամով: Սրա հիմնական պատճառը բյուջեի ծախսերի թերակատարումն է, ինչը նշանակում է, որ կառավարությունը տնտեսությունից հավաքագրում է հարկերը, սակայն չի ծախսում՝ այդպիսով նվազեցնելով տնտեսական ակտիվությունը: Մինչդեռ, ներքին պահանջարկի ներկայիս կտրուկ աճի պայմաններում էապես պետք է ավելացվեն առաջարկի աճին միտված միջոցառումների իրականացմանն ուղղված ծախսերը։Պետական բյուջեի ծախսերի շարունակական թերակատարումը մտահոգիչ է։ Ծրագրվածի համեմատ թերակատարումը թե՛ բացարձակ մեծությամբ եւ թե՛ տոկոսային արտահայտությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է: Ընդ որում, թերակատարվել են թե՛ ընթացիկ եւ թե՛ կապիտալ ծախսերը։ Կապիտալ ծախսերի ամենամեծ թերակատարումն արձանագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով»,- ասված է զեկույցում:Նշվում է, որ կատարողականի ցածր ցուցանիշները ցույց են տալիս, որ կապիտալ ծրագրերի կառավարման եւ իրականացման խնդիրը շարունակում է մնալ չլուծված.«2023թ. առաջին կիսամյակում արձանագրված թերակատարման միտումների պահպանման պարագայում կապիտալ ծախսերը կթերակատարվեն նաեւ տարեկան կտրվածքով` թողնելով 2023թ. պետական բյուջեով նախատեսված ծախսերի կտրուկ աճը պարզապես «չիրականացված բարի ցանկություն»»:Հիմնադրամի վերլուծությունն ամբողջությամբ այստեղ: Tweet Դիտում՝ 5084