Հայաստանի կենտրոնական բանկի (ԿԲ) փոխնախագահ Արմեն Նուրբեկյանն այսօր անդրադարձել է Fitch-ի՝ օրերս հրապարակած այն կանխատեսմանը, թե 2023-2024 թվականներին ՀՀ դրամը չափավոր կարժեզրկվի։ «Երբ խոսում ենք փոխարժեքի արժեզրկման մասին, պետք է նշել, որ արժութային շուկայում այսօր նման նախադրյալներ չենք տեսնում: Դրամի արժեւորման ճնշումները շարունակվում են, արժեզրկման ուղղությամբ այսօր նոր երեւույթ չենք տեսնում, հոսքերը հիմնականում կայունացել են, բայց դեռեւս բարձր մակարդակի վրա են գտնվում»,- ասել է նա։ ԿԲ փոխնախագահը Հայաստանում հնարավոր է համարել արժեզրկման սցենարը։ «Այդ սցենարները երկկողմանի են՝ կարող է լինել ավելի արժեզրկում, կարող է լինել արժեւորում: Դրա համար ԿԲ-ն փոխարժեքի մասին խոսում է որպես հետեւանք, ոչ թե՝ պատճառ: Եթե Հայաստան հոսքերը ավելի արագացված տեմպերով շատանան, ապա Fitch-ի այս սցենարն իրատեսական չի լինի, որովհետեւ արժեւորման ճնշումներ կլինեն, եթե հակառակ ուղղությամբ երեւույթներ տեսնենք, ապա կարող ենք տեսնել արժեզրկման ուղղությամբ որոշակի սցենարներ։ Ամեն դեպքում, Հայաստանի պարագայում Fitch-ը փոխարժեքի իր սցենարի մեջ դրել է չափավոր արժեզրկում, ինչը կապում եմ մեր արտադրողականության աճի եւ պոտենցիալի հետ»,- ասուլիսի ժամանակ ասել է ԿԲ փոխնախագահը: Արմեն Նուրբեկյանի խոսքով՝ Fitch-ն արձանագրել է, որ այն բարձր տնտեսական աճի էական մասը, որ ՀՀ-ն ունի, կարճաժամկետ չէ․ «Դրա համար մեր փոխարժեքը նրանց սցենարում չի գնում նախկին մակարդակներին, այլ միայն՝ որոշակի արժեզրկման ուղղությամբ»։ Նա նաեւ ասել է, թե փոխարժեքի մասին խոսելիս կարեւորը հասկանալ, թե այդ փոխարժեքի ներքո ինչ սցենարի մասին է խոսք գնում։«Այդ իմաստով ամենակարեւորն այն է, որ ռիսկերը երկկողմանի են՝ փոխարժեքը կարող է թե արժեզրկվել, թե արժեւորվել։ Այս հարցում թիվ մեկ անորոշությունն այսօր աշխարհաքաղաքական ռիսկերն են, բայց ներքին տնտեսության տեսանկյունից տարբեր գործոններ եւս կարող են բերել այս կամ այն սցենարի»,- ասել է նա։ Tweet Դիտում՝ 2754