Հունիսի 16-ին տեղի է ունեցել «Հայաստանի արտահանման ուղիների ներուժի բացահայտում եւ արտահանման խթանմանն աջակցության մեխանիզմների մշակում» ծրագրի ամփոփումը:Հայաստանի ներդրումային խորհրդից հայտնել են, որ ծրագիրը նպատակն է ՀՀ արտահանման տրանսպորտային ուղիների գնահատումն ու համապատասխան աջակցության մեխանիզմների մշակումը, որոնք կխրախուսեն աճի ներուժ ունեցող ապրանքների արտահանմանը եւ կնպաստեն երկրի տնտեսական աճին։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը նշել է. «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ Մեծ Բրիտանիայի կառավարության աջակցությամբ փորձագիտական խմբի, խորհրդատուների եւ Հայաստանի ներդրումային խորհրդի կողմից արված հետազոտական աշխատանքը խորքային ազդեցություն կարող է ունենալ մեր արտահանման խթանման ծրագրերի, ռազմավարության, մոտեցումների վրա: Առաջիկայում նախատեսում ենք ունենալ արտահանման ավելի համապարփակ ռազմավարություն, որի հիմնական թիրախները լինելու են արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը, ապրանքային զամբյուղի բազմազանությունը եւ ընդհանուր զամբյուղի բարդության մակարդակի ավելացումը, ինչը թույլ կտա մեր ապրանքներին եւ ծառայություններին ավելի մրցունակ դառնալ միջազգային շուկաներում»:Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի երեւանյան գրասենյակի ավագ բանկիր Աննա Խաչատրյանն էլ նշել է, որ միջազգային առեւտուրը զգալիորեն աճել է վերջին տասնամյակների ընթացքում հեռահաղորդակցության եւ լոգիստիկայի ոլորտում բարեփոխումների եւ նորարարությունների շնորհիվ.«Այս ծրագիրը կարեւոր է մի քանի տեսանկյունից, քանի որ ապահովում է Հայաստանի համար նշանակալի ձեռքբերումներ, այդ թվում` տնտեսական աճ, դիվերսիֆիկացիա, նոր շուկաների հասանելիություն եւ մրցունակության բարձրացում: Ի լրումն, Հայաստանի արտահանման ներուժի բացահայտումը կօգնի տեղական տնտեսվարողներին մուտք գործել նոր շուկաներ եւ կապեր հաստատել նոր գործընկերների հետ»:Նշվում է, որ ծրագրի շրջանակում մանրամասն նկարագրվել է բոլոր առկա (օդային, երկաթուղային, բեռնատար, ծովային) երթուղիներին, ներկայացվել է այդ երթուղիների առավել արդյունավետ օգտագործման եւ նոր երթուղիներով արտահանման իրականացման առաջարկություններ։«Հայաստանի համար ներկայում գործում են մեկ տեսակի եւ մուլտիմոդալ լոգիստիկ երթուղիներ, օրինակ՝ բեռնատարով Վրաստան-Լարսով դեպի Ռուսաստանի Դաշնություն եւ ԵԱՏՄ երկրներ կամ բեռնատարով Վրաստան-Փոթի/Բաթում եւ նավերով դեպի ԵՄ/Ռուսաստան/աշխարհ: Այս երթուղիներն ունեն որոշակի թերություններ, ինչպիսիք են անկանխատեսելիությունը/անորոշությունը ձմռան եղանակային պայմանների, սեզոնային ծանրաբեռնվածության մակարդակը, անորոշությունը բարձր ծախսերի եւ մաքսային ընթացակարգերի պատճառով։ Ծրագրի շրջանակում քարտեզագրվել է նաեւ Հայաստանում արտադրված արտահանման մեծ ներուժ ունեցող ապրանքները, որոնց արտահանումը դեռեւս լիովին իրացված չէ՝ նպատակային շուկաներ հասցնելու տրանսպորտային բարձր ծախսերի պատճառով: Շեշտը դրվել է ՓՄՁ ոլորտի արտադրողների կողմից արտադրվող ապրանքների արտահանման ներուժի վրա»,- ասված է հաղորդագրությունում:Նշվում է, որ փորձագիտական թիմը ներկայացրել է նաեւ Հայաստանից արտահանման վրա ներկայացված առաջարկությունների ազդեցության գնահատականը՝ ըստ արտահանման ներուժ ունեցող ապրանքների խմբերի։ «Ազդեցության գնահատման ժամանակ դիտարկվել են մի շարք գործակիցներ, ինչպես օրինակ տրանսպորտային ծախսերը, գործընկեր երկրի համախառն ներքին արդյունքի մեծությունը, հուսալիությունը եւ այլն։ Օրինակ, ըստ գնահատականների, տրանսպորտային ծախսերի 1% նվազումը կարող է հանգեցնել արտահանման ծավալների մինչեւ 1,738% աճի՝ արտահանման ներուժ ունեցող բացահայտված ապրանքային խմբերի համար։ Հետեւաբար, դեպի Փոթի կամ Բաթումի կանոնավոր կոնտեյներներով երկաթուղային փոխադրումների կազմակերպման եւ պետական աջակցության պարագայում արտահանման ծախսերի 5% նվազեցումը կարող է հանգեցնել արտահանման մինչեւ 8,69% աճի՝ ընտրված ապրանքային խմբերի համար»,- ասված է հաղորդագրությունում:Ծրագիրը համատեղ համակարգում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։ Tweet Դիտում՝ 5046