«Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Դավիթ Անանյանը «Կարմիր թել» հաղորդման ընթացքում ասել է, որ այսօրվա տնտեսական աճը պայմանավորված է ոչ թե տնտեսությունում կառուցվածքային փոփոխությունների կամ ներդրումների ծավալների շեշտակի աճի շնորհիվ, այլ հանգամանքների բերումով: «Կարող է մեզ լսող ընդդիմադիրները կամ այսօրվա իշխանությունները հակադարձեն, ասեն՝ ինչո՞ւ, 2022 թվականին աննախադեպ օտարերկրյա ներդրումների մեծ ծավալ ենք ապահովել՝ շուրջ 998 մլն դոլարային արտահայտությամբ, որը ռեկորդային է վերջին 20 տարվա համար: Թվային արտահայտությամբ իրենք ճիշտ կլինեն: Նախորդ տարվա համեմատ շուրջ 662 մլն դոլարով օտարերկրյա ուղղակի ներդրումները աճել են ՀՀ-ում: Բայց պետք է վերլուծել, որտեղ են խաբում կամ մանիպուլացնում ժողովրդին: Օտարերկրյա ուղղակի ներդրումներն այն ներդրումներն են, որոնք կատարվում են օտարերկրյա բաժնեմասնակցությամբ ընկերությունների կանոնադիր կապիտալում կամ սեփական կապիտալում: Այսինքն, եթե մենք ունենք օտարերկրյա ներդրող, որն այստեղ ընկերություն է հիմնել կամ ձեռք բերել, եւ ներդրումներ է կատարել դրա կանոնադիր կամ սեփական կապիտալում, շահույթ է ստացել եւ չի բաշխել, այս բոլորի հանրագումարը կոչվում է օտարերկրյա ներդրումներ: Այդ $ 998 մլն-ի 59%-ը բաժին է ընկնում վերաներդրումներին: Էներգետիկայի, գազի եւ հանքարդյունաբերության ոլորտներում գործող եւ օտարերկրյա բաժնեմասնակցություն ունեցող ընկերությունները 2022թ.-ին շահույթ են ունեցել, որից մասհանում չեն կատարել: $ 998 մլն-ից շուրջ $ 600 մլն-ը բաժին է ընկնում այդ «թղթային ներդրումներին»»,- ներկայացրել է Դավիթ Անանյանը:ՊԵԿ նախկին նախագահն իր ասածը պարզաբանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» եւ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների օրինակով:«ՀԷՑ-ի սեփական կապիտալը 40 մլրդ-ից դարձել է շուրջ 72 մլրդ դրամ: 2022թ.-ին ունեցած զուտ չբաշխված շահույթի աճը եղել է 34 մլրդ դրամ: Այսինքն՝ ընկերությունն իր սպառողներին էլեկտրականություն է մատակարարել, դրա արդյունքում շահույթ է ունեցել, ինչը դեռեւս մնացել է ընկերության տրամադրության տակ: Եթե այս թիվը վերցնենք փոխարժեքի տարբերության մանիպուլյացիայի հետ միասին, ապա միայն ՀԷՑ-ը 104 մլն դոլար օտարերկրյա ուղղակի ներդրումների գծով ցուցանիշ է ապահովել՝ աշխատելով եւ շահույթ ստանալով: «Գազպրոմ Արմենիա»-ի դեպքում կուտակված մոտ 70 մլրդ դրամ վնասը պակասել է 30 մլրդ-ով: Վնասի այս պակասումը եւս դիտարկվում է որպես օտարերկրյա ուղղակի ներդրումների աճ», - նշել է Դավիթ Անանյանը:Անդրադառնալով օտարերկրյա ներդրումների որակին՝ նա նշել է. «Տնտեսագիտական տերմին կա՝ Greenfield investment, որը ներկայացնում է նոր ստեղծվող կազմակերպություններում կապիտալ ներդրումները: Նման ներդրումներիմասնաբաժինը մեր տնտեսության մեջ բավականին ցածր է»: Tweet Դիտում՝ 3119