Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) «Ամբերդ» հետազոտական կենտրոնի համանուն տեղեկագրի 2023 թ. 1-ին թողարկումը հասանելի է առցանց: 2022 թվականին ՀՀ-ում, չնայած տարածաշրջանային լարվածությանը, գրանցվեց բավական մեծ տնտեսական ակտիվություն։ Տնտեսական կարեւորագույն մարտահրավերն արագացող եւ բարձր գնաճն էր։ Տեղեկագրի առաջին հոդվածում տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Էդգար Աղաբեկյանը «Գնաճի հաղթահարումը՝ 2022 թվականի գլխավոր մարտահրավեր. ի՞նչ սպասել 2023 թվականին» հոդվածում եկել է այն եզրահանգման, որ 2023 թվականի համար գնաճի նվազման դրական սպասումներ են ձեւավորել:Ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու եւ երկարաժամկետ հեռանկարում տնտեսության զարգացման կարեւորագույն նախապայմանն է տնտեսական վերափոխումների նպատակային քաղաքականության իրականացումը։ Տնտեսագիտության թեկնածու Անի Խաչատրյանը կատարել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի տնտեսական վերափոխումների եւ դրանց առանցքային բաղադրիչների շարժընթացի համեմատական վերլուծություն եւ ընդգծել, որ ՀՀ համար օրակարգային է համապատասխան տնտեսական ուղենիշների հստակեցումը՝ առանցքում պահելով բարեփոխումների որակական կողմը:«Հայաստանը շրջանցող թուրք-ադրբեջանական տրանսպորտային ծրագրերը» հոդվածում տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աննա Փախլյանը ուսումնասիրել է Հայաստանը շրջանցող ենթակառուցվածքային խոշոր նախագծերը։ Հոդվածագիրն ընդգծում է, որ տարանցիկ տրանսպորտային ենթակառուցվածքների ձեւավորման գործում Հայաստանի շահերը կարող են մեկտեղվել Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի շահերի հետ: Տարածաշրջանի տարանցիկ ծրագրերից դուրս չմնալու առումով Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեն Պարսից ծոց-Սեւ ծով եւ Հյուսիս-հարավ միջանցքները, որոնցում ներգրավվածության հարցը մշտապես պետք է պահել դիտակետում։ Սոցիալ-տնտեսական ոլորտի կարեւոր գերակայություններից է գյուղական տարածքների համաչափ զարգացումը, որի լուծումն առավել արդյունավետ է համակարգային մոտեցման դեպքում, որը բնորոշ է «Խելացի քաղաք» եւ «Խելացի գյուղ» հայեցակարգերին։ Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանն իր հոդվածում անդրադարձել է «Խելացի գյուղ» եւ «Խելացի գյուղատնտեսություն» հայեցակարգերի էությանը, իրականացման կառուցակարգերին, արտասահմանյան փորձին եւ Հայաստանում այդ ծրագրերի ներդրման սկզբնական արդյունքներին։Հայաստանում կան էական նախադրյալներ կրոնական զբոսաշրջության զարգացման համար։ ՀՀ-ն համարվում է քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած երկիրը, եւ այսօր այստեղ առկա է 1475 եկեղեցի, 610 մատուռ: Կրոնական կառույցների ընդհանուր թիվը 2444 է։ Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Գայանե Թովմասյանը իր հոդվածում ներկայացրել է ուխտագնացության զբոսաշրջության որոշ երթուղիներ, ինչպես նաեւ կատարել երթուղիների ընդլայնման, մարքեթինգային գործունեության բարելավման առաջարկներ։ Տեղեկագրի մյուս հոդվածներն անդրադառնում են աշխատաշուկայում տեղի ունեցող փոփոխություններին, ուսուցիչների վարձատրության խնդիրներին, կլիմայի փոփոխության պատճառներին: Տեղեկագիրն ամբողջությամբ կարող եք ընթերցել համարի առցանց տարբերակում։ Tweet Դիտում՝ 1567