ԱՆԻՖ-ի նոր ներդրումը. շշերի կափարիչների արտադրության գործարանը կընդլայնվի

17.05.2023 | 12:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՆԻՖ #«Ձեռնարկատեր+պետություն» #Յունիվերսալ Քլոզերս
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի` (ԱՆԻՖ) «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդը Յունիվերսալ Քլոզերս ՓԲԸ (Universal Closures CJSC) ընկերության հետ համատեղ ներդրումներ կիրականացնեն շշերի կափարիչների արտադրության գործարանի ընդլայնման նպատակով։

Նախատեսվող ներդրումների շնորհիվ ընկերությունը ձեռք կբերի լրացուցիչ նոր հաստոցներ եւ սարքավորումներ, որոնց շնորհիվ TALOG / MASC տեսակի կափարիչների արտադրության եւ վաճառքի ընթացիկ ծավալները կաճեն մոտ 80%-ով:

ԱՆԻՖ-ից հայտնել են, որ ծրագրի շրջանակում ընկերությունը ձեռք կբերի նաեւ Crown Cap տեսակի կափարիչների արտադրության նոր հոսքագիծ: Այս տեսակի կափարիչները արտադրվում են սննդի բնագավառում օգտագործվող հատուկ պողպատի գլանվածքից եւ օգտագործվում են հիմնականում գարեջրի, ինչպես նաեւ ջրերի եւ ալկոհոլային խմիչքների համար:

«Ներկրվող բոլոր սարքավորումները եւ հոսքագծերը բացառապես արեւմտաեվրոպական արտադրության են, իսկ արտադրությունում օգտագործվող հումքը ձեռք կբերվի միայն եվրոպական առաջատար արտադրողներից:

Ծրագրով նախատեսված արտադրատեսակներն ունեն մեծ եւ կայուն պահանջարկ տեղական եւ միջազգային շուկաներում: Այս տեսակետից ծրագիրն ունի արտահանման խիստ որոշակի կողմնորոշում։ Նախատեսվում է արտահանել արտադրանքի ընդհանուր ծավալի ավելի քան 85%-ը»,- ասված է հաղորդագրությունում։

Գործարանի արտադրության ընդլայնման համար «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդը կներդնի € 3,9 միլիոնին համարժեք ՀՀ դրամ։

«Ձեռնարկատեր + պետություն» ներդրումային ֆոնդի տնօրեն Բելլա Մանուկյանը նշել է, որ ֆոնդը ներդրումներ է իրականացնում ամենատարբեր ոլորտներում մեծ պոտենցիալ ունեցող ընկերությունների հետ մրցունակ բիզնես ծրագրեր ստեղծելու նպատակով։

«Այս ծրագիրը մեծ ձեռքբերում է հայկական արտադրանքը միջազգային շուկային տեսանելի դարձնելու ուղղությամբ։ Մշտապես կարեւորելով տեղական արտադրության աճի եւ արտահանման խթանումը` մեր այս ներդրումային ծրագիրը միտված է հենց այդ նպատակի իրականացմանը»,- ասել է նա։

Յունիվերսալ Քլոզերս ՓԲԸ-ն հիմնադրվել է 2017թ.-ին: Ընկերության սարքավորումների առկա ընդհանուր արտադրական հզորությունը կազմում է տարեկան մինչեւ 180 մլն հատ կափարիչ:

Ոլորտում տարիների փորձ ունեցող Յունիվերսալ Քլոզերս ընկերությունն արտադրում է կափարիչներ եւ մատակարարում տեղական ու տարածաշրջանային այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են Կոկա Կոլան, Բջնին, Բայկալը, Տասսայը (Ղազախստան) եւ այլն։

Յունիվերսալ Քլոզերս ընկերությունը TALOG / MASC տեսակի կափակիչների միակ արտադրողն է Հայաստանում, ինչպես նաեւ հանդիսանում է ԵԱՏՄ եւ ԱՊՀ շուկաների հիմնական մատակարարներից մեկը: Ընկերության արտադրանքը վաճառվում է Վրաստանում, Միջին Ասիայում, Մերձավոր Արեւելքում եւ Եվրոպայում:
Դիտում՝ 18375
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW