«Լույս». 2023թ. I եռամսյակում կապիտալ ծախսերը թերակատարվել են շուրջ 70%-ով

27.04.2023 | 15:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Լույս #կապիտալ ծախսեր
2023 թվականը սկսվել է բարձր տնտեսական աճերով՝ հիմնականում պայմանավորված բազայի էֆեկտի ազդեցությամբ, այս մասին ասված է ՀՀ տնտեսության հունվար-մարտ ամիսների սոցիալ-տնտեսական զարգացումները թեմայով «Լույս» հիմնադրամի վերլուծության մեջ։  

Այսպես, վերլուծության մեջ ասվում է.

«Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ-ի) դինամիկան 2023թ. ընթացքում զգալիորեն կապված կլինի նախորդ տարիների զարգացումների հետ՝ նախորդ տարվա աճի դանդաղման ամիսներին, ընթացիկ տարում գրանցելով աճի արագացում եւ ընդհակառակը (այս երեւույթը կոչվում է բազայի էֆեկտ): Սա նշանակում է, որ տարվա հաջորդ ամիսներին հնարավոր է նկատվի տնտեսական աճի տեմպի դանդաղում, ինչի արդյունքում տարեկան տնտեսական աճը կարող է ցածր լինել սպասվածից:

Արդյունաբերության աճի տեմպն արագացել է, սակայն, քանի որ այն կապված է նախորդ տարվա նույն ամսում արդյունաբերության աճի անկման հետ, ապա կարող ենք նշել, որ արդյունաբերության ոլորտում խնդիրները դեռեւս պահպանվում են՝ վտանգելով տնտեսության աճի երկարաժամկետ ներուժը։

Պետական բյուջեի կապիտալ ծախսերի գծով նախորդ ամիսների մտահոգությունները հաստատվում են։ 2023թ. առաջին եռամսյակում իրականացվել է ընդամենը 30.4 մլրդ դրամի կապիտալ ծախս (ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր), մինչդեռ ըստ բյուջեի պլանի՝ նախատեսված էր իրականացնել 98.1 մլրդ դրամ: Այսինքն՝ կապիտալ ծախսերը շուրջ 70%-ով թերակատարվել են: Սա ցույց է տալիս, որ կառավարության ջանքերը կապիտալ ծախսերի կատարողականի բարձրացման ուղղությամբ նշանակալի արդյունքների չեն հանգեցրել: Այս իրավիճակում վտանգի տակ է դրվում նաեւ 2023 թ. պետական բյուջեի կապիտալ ծախսերի տարեկան պլանի իրականացումը, ինչն իր հերթին կվտանգի նաեւ բարձր տնտեսական աճի ձեւավորումը:

Հարկային եկամուտների հավաքագրման տեմպը հետ է մնում տնտեսական ակտիվության աճից: Հարկային եկամուտների աճի տեմպը 2023թ. հունվար-մարտին կազմել է 15.2%՝ նախորդ ամսվա համեմատ արագանալով 2.5 տոկոսային կետով: Սակայն անվանական տնտեսական աճը նույն ժամանակահատվածում ավելի բարձր է եղել` կազմելով շուրջ 20.3%, ինչը նշանակում է, որ հարկային եկամուտների հավաքագրումը հետ է ընկնում տնտեսական ակտիվությունից: Այս պարագայում վտանգի տակ է նաեւ հարկեր/ՀՆԱ հարաբերակցության պլանավորված բարելավումը 2023 թվականին»:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետեւյալ հղումով։
Դիտում՝ 3293
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW