Հայաստանի բանկերի միության հասարակայնության հետ կապերի ծառայությունը UBA TALKS նախագծի շրջանակներում զրուցել է Հայբիզնեսբանկի Վարչության նախագահ Գեւորգ Թառումյանի հետ։ Ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից:«Մեր առջեւ դրված է խնդիր՝ դարձնել այն մեր հաճախորդների համար առավել ժամանակակից եւ թվային հարթակներով հագեցած՝ապահովելով հասանելիությունը ամենուր եւ ցանկացած պահի», - ասել է Գեւորգ Թառումյանը:Խոսելով բանկի վերաբրենդավորման մասին, նա նշել է.«Պարբերաբար թարմացումը, նոր շնչով, նորովի ներկայանալը ցանկալի է, մեր ոլորտում նույնիսկ պարտադիր՝ հաշվի առնելով, որ շուկան դարձել է ավելի մրցակցային եւ շարժուն: Բանկային հատվածը շուկայում ամենադինամիկ փոփոխվողներից է՝ տեխնոլոգիաների զարգացում, ծառայությունների թվայնացում, թեժ մրցակցություն: Փոխվում են նաեւ հաճախորդների ակնկալիքները՝ կապված հարմարավետության, ծառայությունների, պրոդուկտների բազմազանության հետ: Կարծում եմ, հաջողել են վերաբրենդավորման գնացած այն բանկերը, որոնք կարողացել են հաճախորդի գիտակցության մեջ նոր կորպորատիվ ինքնությունն ասոցացնել ոչ միայն արդիականացված ծառայությունների, այլեւ հուսալիության, կայունության եւ թափանցիկության հետ: Իմ կարծիքով, ցանկացած փոփոխության հիմքում վերջնանպատակը մեկն է՝ կատարելագործել ֆինանսական ծառայությունները եւ դրանց մատուցման միջոցները՝ հասանելի դարձնելով դրանք հաճախորդների ավելի լայն զանգվածի»: Գեւորգ Թառումյանը շեշտել է, որ «վերաբրենդավորումը միայն արտաքին տեսքի, տարբերանշանի կամ մատուցված ծառայությունների որակի փոփոխություն չէ»։ «Վստահ եմ, որ մեր պարագայում եւս վերաբրենդավորումն իր դրական ազդեցությունը կունենա ընդհանուր համակարգային ընկալման վրա», - ասել է նա:Գեւորգ Թառումյանը տեղեկացրել է, որ վերաբրենդավորում իրականացնելու որոշումը կայացվել է մեկ տարի առաջ՝ նոր բաժնետերերի քաղաքականության փոփոխության արդյունքում: «Մինչ այժմ բանկը ճանաչված էր՝ որպես իրավաբանական անձանց ծառայություններ մատուցող խոշոր բանկերից մեկը: Այժմ բանկի ուղղվածության մեջ հատուկ շեշտադրվել է մանրածախ բիզնեսի զարգացումը: Այս ուղղությամբ բանկի ռազմավարությունը պատահական չէ ընտրված, քանի որ ունենք մանրածախ հատվածի ակտիվ զարգացման բոլոր նախադրյալները եւ, ամենակարեւորը, նոր առաջարկների սպասող հաճախորդների մեծ բազա։ Շուտով լինելու են նաեւ նոր թվային պրոդուկտներ, որոնք իրականություն են դարձնելու մեր հաճախորդների ամենահամարձակ եւ նորարար նպատակները: Մենք ցանկանում ենք ընկալվել որպես ժամանակակից, թվային եւ նորարար՝ միաժամանակ դրանք համակցելով եղած ուժեղ կողմերի հետ: Մեզ հետ արդեն երկար ճանապարհ անցած եւ նոր հաճախորդներին նորովի կներկայանանք արդեն այս տարեվերջին», - ասել է Հայբիզնեսբանկի Վարչության նախագահը: Tweet Դիտում՝ 11575