«Լույս» հիմնադրամն անդրադարձել է Հայաստան-Հնդկաստան համագործակցությանն ու դրա հեռանկարներին:Վերլուծության մեջ նշվում է, որ Մեծ Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Կովկասում վերջին տարիներին ավելի նկատելի է դառնում բնակչությամբ աշխարհի ամենամեծ, իսկ տնտեսությամբ 5-րդ երկրի՝ Հնդկաստանի աճող հետաքրքրությունն ու արտաքին քաղաքական ակտիվությունը։ «Ներկա աշխարհաքաղաքական շահերն ու տարածաշրջանային առաջնահերթությունները իրական հնարավորություններ են ստեղծում հայ-հնդկական հարաբերութունները զարգացման նոր մակարդակի բարձրացնելու համար։ Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի դուրս չմնա տարածաշրջանում Հնդկաստանի հիմնական աշխարհաքաղաքական նախաձեռնությունից՝ Հյուսիս-Հարավ ծրագրից։ Այն եզակի տարածաշրջանային ծրագրերից է, որին մասնակցելու եւ որից օգտվելու հնարավորությունը Հայաստանը դեռ պահպանում է։ Սակայն այս միջանցքի ընձեռած հնարավորություններից լիարժեք օգտվելու համար մեզ անհրաժեշտ են համապատասխան ենթակառուցվածքներ, որոնք առայժմ բացակայում են։ Փոխարենը, տարածաշրջանի մյուս երկրները ակտիվորեն զարգացնում են իրենց տրանսպորտային ենթակառուցվածքները՝ դրանք հարմարեցնելով Հյուսիս-Հարավ միջանցքի պահանջներին։ Եթե Երեւանն այս հարցում հապաղի եւ չկարողանա ճիշտ օգտվել ստեղծված հնարավորությունից, մեծ է հավանականությունը, որ Հայաստանը դուրս կմնա նաեւ այս ծրագրից, ինչը առավել կխորացնի երկրի տարածաշրջանային մեկուսացումը»,- ասվում է հիմնադրամի վերլուծության մեջ:Նշվում է, որ Հյուսիս-Հարավ ՄՏՄ-ի շահագործումը էականորեն կկրճատի ԵԱՏՄ-Հնդկաստան առեւտրի տրանսպորտային ծախսերը։ Հնդկաստանի հետ ազատ առեւտրի պայմանագրի հնարավոր կնքումը կարող է ԵԱՏՄ-Հնդկաստան առեւտրաշրջանառության համար լրացուցիչ խթան հանդիսանալ։ «Սա նշանակում է, որ Հնդկաստանը կարող է հետաքրքրված լինել նաեւ Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման գործում ներդրումներով։ Ուշագրավ է, որ Հնդկաստանի համար ԵԱՏՄ-ի հետ համագործակցության առաջնային ոլորտներն են՝ էներգետիկան, դեղագործությունը, առողջապահությունը, ՏՏ ոլորտը, ծառայություններն ու ոսկերչությունը: Նշված գրեթե բոլոր ուղղություններով Հայաստանը կարող է Հնդկաստանի համար կարեւոր գործընկեր դառնալ, իսկ տարածաշրջանում ԵԱՏՄ անդամ միակ պետություն լինելու հանգամանքը կարող է առավել մեծացնել Հնդկաստանի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։Անհրաժեշտ է որոշակի քայլեր ձեռնարկել, որոնք թույլ կտան Հնդկաստանի ուշադրությունը սեւեռել Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի վրա։ Հաշվի առնելով Իրանում ենթակառուցվածքների զարգացման նպատակով Հնդկաստանի կողմից իրականացվող ներդրումների ծավալը՝ կարող ենք ենթադրել, որ վերջինիս հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ բավական մեծ է։ Հյուսիս-Հարավ ՄՏՄ-ը Հնդկաստանի կողմից դիտարկվում է ոչ միայն տնտեսական, այլեւ աշխարհաքաղաքական տեսանկյունից, ուստի տարածաշրջանում ճիշտ քաղաքական դիրքավորումը Հայաստանին հնարավորություն կտա դառնալ Հարավային Կովկասում Հնդկաստանի հիմնական գործընկերները նաեւ Հյուսիս-Հարավ ծրագրի շրջանակում։Անհրաժեշտ է Իրանի, Ռուսաստանի եւ Հնդկաստանի հետ ինտենսիվ երկխոսություն սկսել հատկապես Սյունիքում ենթակառուցվածքների արագ ձեւավորման համար ֆինանսական ռեսուրսների ներգրավման ուղղությամբ։ Հայաստանն այսօր էլ հանդիսանում է Հնդկաստանի զարգացման աջակցության ծրագրի՝ տարածաշրջանում ամենախոշոր շահառուն եւ այս ուղղությամբ համագործակցությունը մեծ պոտենցիալ ունի։ Մասնավորապես, Նյու Դելին մի շարք բարեգործական ծրագրեր է իրականացրել Հայաստանի մարզերում։ Այս բոլոր ուղղություններով երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի հասցնելու լուրջ հնարավորություն կա, որի համար անհրաժեշտ է միայն քաղաքական կամք եւ գրագետ մոտեցում»,- ասված է վերլուծության մեջ:Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետեւյալ հղումով։ Tweet Դիտում՝ 2493