Չինաստանը դարձել է զարգացող երկրների աշխարհում խոշորագույն վարկատուներից մեկը՝ ստեղծելով անդրսահմանային վարկավորման նոր գլոբալ համակարգ:ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին վկայում են ամերիկյան AidData հետազոտական լաբորատորիայի կողմից այսօր հրապարակված տվյալները։Մասնավորապես, 2000 թվականից ի վեր Չինաստանի իշխանությունները շտապ օգնության համար առնվազն $240 միլիարդ են ուղղել ավելի քան 20 երկրների, այդ թվում՝ Արգենտինային, Մոնղոլիային, Պակիստանին եւ Թուրքիային։ Գումարի մեծ մասը՝ $185 միլիարդ, Պեկինը հատկացրել է վերջին հինգ տարվա ընթացքում։ «Չինաստանը ստեղծել է աղետալի վիճակում գտնվող երկրների անդրսահմանային վարկավորման նոր գլոբալ համակարգ»,- ասված է հետազոտության մեջ:Ինչպես նշում է Bloomberg գործակալությունը, Չինաստանը գնալով ավելի նշանակալի դեր է խաղում զարգացող երկրներին վարկավորելու հարցում եւ առաջարկում է այլընտրանք այն համակարգին, որը տասնամյակներ շարունակ որոշել է տնտեսական հարաբերությունները։ Այժմ Պեկինը եւ Վաշինգտոնը պայքարում են համաշխարհային ֆինանսական եւ արժութային համակարգում ազդեցության համար, նշում է գործակալությունը։Ավելի վաղ ամերիկյան սենատորների խումբը ներկայացրել էր օրինագիծ, որով Համաշխարհային բանկին եւ Ասիական զարգացման բանկին արգելվում է վարկեր տրամադրել Չինաստանին։ Ըստ հանրապետական սենատոր Ջոն Բարասոյի՝ օրինագծով պահանջվում է, որպեսզի ֆինանսների նախարարը հանձնարարի այդ կազմակերպություններում ԱՄՆ ներկայացուցիչներին «առարկել Չինաստանին ցանկացած բանկային վարկի, դրա երկարաձգման կամ տեխնիկական աջակցության դեմ», գրում է ՏԱՍՍ-ը։ Tweet Դիտում՝ 3982