ԱՄՀ ղեկավար․ Համաշխարհային տնտեսության համար գարունը դեռ չի եկել

27.03.2023 | 09:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՀ #Կրիստալինա Գեորգիեւա #Չինաստան
Բարձր գնաճի դեմ պայքարելու նպատակով կենտրոնական բանկերի կողմից տոկոսադրույքների կտրուկ բարձրացումն ուժեղացնում է ռիսկերը համաշխարհային ֆինանսական կայունության համար։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նախօրեին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Կրիստալինա Գեորգիեւան՝ ելույթ ունենալով Պեկինում տեղի ունեցած Չինաստանի զարգացման համաժողովում, որը նվիրված էր առեւտրատնտեսական քաղաքականության առանցքային հարցերի քննարկմանը։

Նա նշել է, որ անորոշությունը համաշխարհային տնտեսության մեջ «չափազանց բարձր է, այդ թվում՝ աշխարհատնտեսական մասնատման ռիսկի պատճառով, որի հետեւանքով աշխարհը կարող է բաժանվել մրցակից տնտեսական բլոկների․ դա վտանգավոր պառակտում է, որի արդյունքում բոլորը կդառնան ավելի աղքատ եւ ավելի քիչ պաշտպանված»: Ինչպես ընդգծել է Գեորգիեւան, այս իրավիճակը նշանակում է, որ «միջնաժամկետ ապագայում համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները, ամենայն հավանականությամբ, կմնան թույլ»:

«Ակնհայտ է նաեւ, որ ուժեղացել են ֆինանսական կայունության համար ռիսկերը։ Պարտքի մակարդակի աճի պայմաններում արագ անցումը ցածր տոկոսադրույքների երկարատեւ ժամանակաշրջանից դեպի շատ ավելի բարձր տոկոսադրույքների, որոնք անհրաժեշտ են գնաճի դեմ պայքարելու համար, անխուսափելիորեն առաջացնում է ցնցումներ եւ խոցելիության գործոններ, ինչի մասին են վկայում որոշ առաջադեմ տնտեսությունների բանկային հատվածում տեղի ունեցած վերջին դեպքերը»,- նշել է նա:

Հիմնադրամի ղեկավարը հավելել է, որ բանկային ճգնաժամի առումով ձեռնարկված միջոցները «որոշ չափով թուլացրել են լարվածությունը շուկայում, սակայն անորոշությունը շարունակում է բարձր մնալ, ինչն ընդգծում է զգոն լինելու անհրաժեշտությունը»։

«Մենք շարունակում ենք ուշադիր հետեւել իրավիճակին եւ գնահատել հնարավոր հետեւանքները համաշխարհային տնտեսական հեռանկարների եւ գլոբալ ֆինանսական կայունության համար: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում առավել խոցելի երկրներին, մասնավորապես՝ ցածր եկամուտ եւ պարտքի բարձր մակարդակ ունեցող պետություններին»,- ասել է Գեորգիեւան՝ հիշեցնելով, որ ապրիլին ԱՄՀ-ն կհրապարակի տնտեսական զարգացման հեռանկարների վերաբերյալ հերթական զեկույցը, որում մանրամասն գնահատական կտա իրավիճակին։

Խոսելով Չինաստանի տնտեսության մասին՝ հիմնադրամի ղեկավարն ընդգծել է, որ 2023 թվականին «Չինաստանի տնտեսությանը բաժին կհասնի համաշխարհային աճի մոտ մեկ երրորդը, ինչը կապահովի գլոբալ տնտեսության երկար սպասված վերելքը»:

Նա խորհուրդ է տվել Պեկինին «բարձրացնել արտադրողականությունը եւ փոխել տնտեսության հավասարակշռությունը՝ ներդրումների կրճատման եւ ավելի շատ սպառման վրա հիմնված [տնտեսական] աճի ուղղությամբ, որը կլինի ավելի երկարատեւ, ավելի քիչ կախված կլինի պարտքից, ինչպես նաեւ կօգնի լուծել կլիմայական խնդիրները»:

Գեորգիեւան նշել է, որ ԱՄՀ-ի հաշվարկներով, «Չինաստանի արտադրողականության բարձրացմանն ուղղված բարեփոխումները մինչեւ 2027 թվականը կարող են ավելացնել [երկրի] իրական ՀՆԱ-ն 2,5%-ով, եւ մոտ 18%-ով՝ մինչեւ 2037 թվականը․ աճն ավելի որակական ու ներառական կլինի»։

RBC-ի փոխանցմամբ՝ իր ելույթի սկզբում Կրիստալինա Գեորգիեւան խոսել է Պեկինի գարնանային գեղեցկության մասին՝ ընդգծելով, որ «միլիոնավոր ծաղիկների շլացուցիչ գույները» կերպարանափոխել են քաղաքը։

«Դրանց գեղեցկությունն ու փայլն ավետում են նոր հույսեր եւ հնարավորություններ: Սակայն համաշխարհային տնտեսության համար գարունը դեռ չի եկել»,- ասել է Գեորգիեւան։
Դիտում՝ 2911
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW