Տղամարդկանց եւ կանանց միջեւ աշխատավարձերի գենդերային տարբերության կրճատումը կօգնի բարձրացնել համաշխարհային տնտեսական ակտիվությունը մոտ 7%-ով կամ $7 տրիլիոնով:Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին նշում են Moody’s միջազգային վարկանիշային գործակալության վերլուծաբաններն իրենց զեկույցում։ Ըստ զեկույցում բերված տվյալների՝ ներկայիս տեմպերով խնդրի լուծման համար աշխարհին կարող է պահանջվել 132 տարի: Ինչպես պարզել են Moody’s-ում, տնտեսության վերելքի արագությունը կախված է համաշխարհային աշխատուժում եւ արդյունավետ ղեկավար պաշտոններում կանանց մասնաբաժնի աճի տեմպերից: Բացի այդ, զեկույցում նշվում է, որ զարգացող շուկաներում, ինչպիսին Հնդկաստանն է, վարձատրության տարբերության կրճատումն էլ ավելի կբարձրացնի այդ ներուժը:Աշխատավարձերի գենդերային տարբերության առանցքային պատճառների թվում զեկույցում նշվում են «կանանց ուսերին դրված տնային պարտականությունները» եւ կանանց համար անհրաժեշտ կապեր հաստատելու ու իրենց կարիերան առաջ տանելու նմանատիպ հնարավորությունների բացակայությունը: Փաստաթղթում ընդգծվում է, որ կանայք «ավելի քիչ են հակված» պաշտոնի բարձրացում խնդրելու, քանի որ նրանց նկատմամբ հաճախ ավելի բարձր պահանջներ են ներկայացվում, քան տղամարդկանց։«Սոցիալական նորմերի փոփոխությունը երկար եւ դժվար գործընթաց է, բայց այն քաղաքականությունը, որը ներառում է աշխատանքի ճկուն պայմաններ, երեխաների մատչելի խնամք եւ երեխայի խնամքի համար վճարովի արձակուրդի տրամադրում, օգնում է փոփոխություններ կատարել ճիշտ ուղղությամբ»,- գրում է Moody’s-ը: Tweet Դիտում՝ 7438