Visa. ՀՀ-ում կանանց հիմնականում մտահոգում է ֆինանսական վիճակի վատթարացումը

01.03.2023 | 16:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Visa #Emerging Europe #«She’s Next»
Visa-ն այսօր հրապարակել է կանանց առաջնորդության եւ ձեռներեցության վերաբերյալ Արեւելյան եւ Հարավարեւելյան Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում ու Հարավային Կովկասում անցկացված հետազոտության արդյունքները։

Այն իրականացվել է տարածաշրջանում մեծ փորձ ունեցող Emerging Europe աճի հայտնի կենտրոնի կողմից՝ «She’s Next» նախաձեռնության շրջանակում։

Ծավալուն հետազոտության շրջանակում իրականացվել է 2,000 առցանց հարցում 11 երկրում, այդ թվում՝ Հայաստանում բիզնեսի սեփականատեր կամ ինքնազբաղված կանանց շրջանում, ինչպես նաեւ 75 խորը հարցազրույցներ ու ֆոկուս խմբեր:

«Ինչպես մեր հարցվողներից մեկն է նշել, կանանց համար ավելի դժվար է միջոցներ հայթայթելը: Դա ավելի դժվար է եւ՛ Սիլիկոնյան հովտում, եւ՛ իր երկրում՝ Հայաստանում։ Եվ միջոցներ գտնելը կին ձեռներեցներին հանդիպող բազմաթիվ մարտահրավերներից միայն մեկն է»,- նշել է Emerging Europe-ի հիմնադիր գործընկեր Էնդրյու Վրոբելը։

Ընդհանուր առմամբ, Արեւելյան եւ Հարավարեւելյան Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում կանանց պատկանող բիզնեսների մեծ մասը (84%) իրենց երկրների սահմաններից դուրս գործունեություն չի ծավալում, սակայն կին ձեռներեցները պատրաստ են սովորել արտերկրում բիզնես վարել:

Կանանց պատկանող բիզնեսների առաջատար ոլորտներն են՝ գեղեցկությունն ու առողջությունը (17%), մանրածախ առեւտուրը (12%), գյուղատնտեսությունը եւ սննդամթերքի արտադրությունը (12%), կրթությունը (8%) եւ հասարակայնության հետ կապերն ու մարքեթինգը (7%):

Կին ձեռներեցների երկու երրորդը չի օգտվում արտաքին ֆինանսավորումից, մինչդեռ նրանց երեք քառորդը չունի վարձու աշխատող: Տարածաշրջանում կանանց պատկանող բիզնեսների մոտ 35%-ը ստեղծվել է $1,000-ից պակաս ներդրումով: 10 կնոջից միայն մեկն է, ով ունի 5-ից ավելի վարձու աշխատող։

«Մենք ուրախ ենք տեսնել, որ Հայաստանի եւ Արեւելյան ու Հարավարեւելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի կին ղեկավարները աստիճանաբար անցնում են էլեկտրոնային կոմերցիայի ու վայելում հարմարավետ եւ հուսալի թվային վճարումների առավելությունները»,- նշել է Visa-ի ավագ փոխնախագահ, ԱՊՀ եւ Հարավարեւելյան Եվրոպայի երկրների տարածաշրջանային ստորաբաժանման ղեկավար Վիրա Պլատոնովան։

Հիմնական եզրահանգումներ

1․ Կանայք ձգտում են մասնագիտական եւ ֆինանսական անկախության։ Կանանց համար իրենց բիզնեսը սկսելու մոտիվացիայի հիմնական աղբյուրներն են եկամուտը մեծացնելու ցանկությունը (50%), իրենց համար աշխատելու պատրաստակամությունը (31%) եւ երազանքի իրականացումը (21%):

Հայաստանում հիմնական դրդապատճառը եկամուտների ավելացումն է (58%):

2. Կին ձեռներեցները գրեթե հավասարապես հոգ են տանում իրենց բիզնեսի եւ անձնական կյանքի մասին: Հարցվածներն իրենց ամենամեծ մտահոգությունների թվում նշել են բիզնեսի ձախողումը (29%), ֆինանսական վիճակի վատթարացումը (27%) եւ ընտանիքի ու երեխաների երկրորդական պլան մղվելը (25%):

Հայաստանում կանանց հիմնականում մտահոգում են ֆինանսական վիճակի վատթարացումը (34%), որին հաջորդում են բիզնեսի ձախողումը (32%) եւ շատ աշխատելն ու բավականաչափ չհանգստանալը (28%):

3. Կանանց պատկանող բիզնեսները պայքարում են մրցակցության պայմաններում գոյատեւելու եւ ֆինանսավորում հայթայթելու համար: Կին ձեռներեցներին առավել հաճախ հանդիպող մարտահրավերներն են բարձր մրցակցությունը (40%), կապիտալ միջոցների ներգրավումը (32%) եւ բիզնեսվարության համար անբարենպաստ պայմանները (31%):

Ըստ հայաստանցի հարցվածների՝ իրենց երկրում բիզնես հիմնելու եւ վարելու հետ կապված հիմնական խնդիրներն են ներդրումներ/ֆինանսավորում ստանալը (46%), բարձր մրցակցությունը (38%) եւ աշխատողներ հավաքագրելն ու թիմ ստեղծելը (26%):

4. Կին ձեռներեցները ցանկանում են սովորել առցանց բիզնես վարել: Հարցվածների շրջանում առավել ցանկալի հմտություններն են՝ լրացուցիչ ֆինանսավորում ձեռք բերելու ռազմավարությունները (47%), թվային մարքեթինգն ու սոցիալական ցանցերի կառավարումը (37%), էլեկտրոնային կոմերցիան (24%) եւ միջազգային բիզնեսի զարգացումը (21%):

Հայաստանում որպես առավել ցանկալի հմտություններ են նշվել լրացուցիչ ֆինանսավորում ստանալը (42%), թվային մարքեթինգն ու սոցիալական ցանցերի կառավարումը (37%), էլեկտրոնային կոմերցիան եւ առցանց գործառնությունները (28%):

5. Կանանց պատկանող բիզնեսներն աշխատակիցների եւ մատակարարների վճարումներն առավելապես կատարում են կանխիկով, բայց, որպես կանոն, POS տերմինալներ են տեղադրում հաճախորդների համար: Կին ձեռներեցների 42%-ն իրենց աշխատակիցներին եւ մատակարարներին վճարում է կանխիկ, մինչդեռ 37%-ը նախընտրում է քարտային վճարումները:

Հայաստանի դեպքում 57%-ը նախընտրում է քարտով վճարումը, եւ միայն 37%-ը՝ կանխիկ:

Ինչ վերաբերում է հաճախորդներին, ապա այս դեպքում էլեկտրոնային վճարումները շատ ավելի տարածված են. հարցվածների 37%-ը նշել է, որ քարտային վճարումներն իրենց ապրանքների եւ ծառայությունների համար վճարելու ամենահաճախ հանդիպող ձեւն է, իսկ 42%-ը նշել է, որ նախընտրում է, երբ հաճախորդները վճարում են անում քարտով: Համեմատության համար նշվում է, որ կին ձեռներեցների 35%-ը նշել է, որ իրենց հաճախորդներն ավելի հաճախ վճարում են կատարում կանխիկ, բայց միայն 28%-ն է նախընտրում, որ իրենց հաճախորդները վճարումները կատարեն կանխիկ:

Հայաստանում քարտային վճարումների տեսակարար կշիռը կազմում է 48%, որը գերակշռում է այն 28% ձեռնարկատերերին, որոնք նախընտրում են կանխիկ վճարումները:

Visa-ի եւ Emerging Europe-ի համագործակցության հաջորդ փուլը, որն ունի տարածաշրջանի կին ձեռներեցներին «She’s Next» համայնքի ներքո միավորելու հավակնոտ նպատակ, նրանց շփվելու, մենտորության, փորձի փոխանակման եւ իրենց բիզնեսի հորիզոններն ընդլայնելու հարթակ տրամադրելն է։
Դիտում՝ 15525
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW