ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության ու գործընկեր կառույցների ջանքերով Լոռու մարզում կիրականացվեն անտառապատման եւ անտառվերականգնման աշխատանքներ:Այսօր ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի անտառների դիմակայունության բարձրացմանն ուղղված ծրագրի քննարկում:Ներկայացվել են ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները, նախատեսվող գործողություններն ու ոլորտի դերակատարների հետ համագործակցության հնարավորությունները։ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունից հայտնել են, որ Կլիմայի կանաչ հիմնադրամի տրամադրած $10 միլիոն դրամաշնորհի եւ $8,7 միլիոն համաֆինանսավորման շնորհիվ ծրագիրը երկարաժամկետ սոցիալական, տնտեսական եւ բնապահպանական արդյունքներ կունենա։ 8 տարվա ընթացքում Լոռու եւ Սյունիքի մարզերում կիրականացվեն հետեւյալ աշխատանքները․• պետական անտառային ֆոնդի 4700 հեկտար հողատարածքի անտառապատում եւ անտառվերականգնում,• 1000 հեկտար համայնքապատկան հողատարածքների անտառապատում եւ անտառվերականգնում,• 1600 հեկտար դեգրադացված անտառների կոճղաշիվային աշխատանքների կազմակերպում,• անտառամերձ բնակավայրերի 9000 խոցելի տնային տնտեսություններին աջակցության տրամադրում՝ առկա ցածր արդյունավետություն ունեցող փայտի վառարաններն ավելի արդյունավետ վառարաններով փոխարինելու համար։«Կլիմայի փոփոխության տեսանկյունից Հայաստանը շատ խոցելի է։ Անտառների վերականգնման եւ ծավալների մեծացման շնորհիվ հնարավոր կլինի բարձրացնել Հայաստանի դիմակայունությունը կլիմայի փոփոխության նկատմամբ, ինչն այս ծրագրի նպատակն է: Ծրագիրը կօգնի նաեւ նվազեցնել բնակչության կախվածությունը վառելափայտից՝ կանխելով ապօրինի անտառահատումները եւ խթանելով անտառների արդյունավետ օգտագործումը», - ասել է ՊԳԿ «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում» ծրագրի ազգային համակարգող Ներսես Կյուրինյանը։«Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման եւ գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագիրն իրականացնում են ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունն ու ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Ծրագիրը ֆինանսավորում են Կանաչ կլիմայի հիմնադրամը, Հայաստանի կառավարությունը, Ավստրիական զարգացման գործակալությունը, Իտալիայի Բոլցանո ինքնավար նահանգը եւ Բնության համաշխարհային հիմնադրամը: Tweet Դիտում՝ 4886