Ռուսաստանի բանկերի ասոցիացիան առաջարկում է 10 անգամ ավելացնել ՌԴ արտարժույթի ներմուծման չհայտարարագրվող սահմանաչափը՝ մինչեւ $100 հազար, եւ այժմ Դաշնային մաքսային ծառայությանը հասցեագրված դիմում է պատրաստում:Անհրաժեշտության դեպքում ասոցիացիան մտադիր է այս հարցը քննարկման ներկայացնել ԵԱՏՄ-ում, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ասոցիացիայի փոխնախագահ Ալեքսեյ Վոյլուկովը։«Մենք առաջարկ ենք պատրաստում Ռուսաստան արտարժույթի ներմուծման չհայտարարագրվող սահմանաչափը $100 հազարի հասցնելու մասին, այդ հարցը քննարկվել է ասոցիացիայի շրջանակում։ Դիմեցինք ֆինանսների նախարարություն, Կենտրոնական բանկ, ասացին, որ դեմ չեն, սակայն պետք է դիմել Դաշնային մաքսային ծառայություն։ Այսպիսով, մենք առաջարկ ենք պատրաստում՝ մաքսային ծառայությանը ներկայացնելու համար»,- ասել է նա:Վոյլուկովը պարզաբանել է, որ այսօր բանկերի մեծ մասը, հատկապես խոշորները, պատժամիջոցների պատճառով չեն կարող դոլար եւ եվրո գնել ու ներմուծել երկիր, ինչպես դա եղել է նախորդ տարիներին, ուստի «այնպես չէ, որ երկրի ներսում ազատ շատ արժույթ կա»։ Միաժամանակ, փոքր ընկերություններին արժույթն անհրաժեշտ է բիզնես գործարքների համար, այն անհրաժեշտ է նաեւ ֆիզիկական անձանց, ովքեր կցանկանան միջոցներ հանել իրենց հաշիվներից:Այժմ Ռուսաստանում՝ որպես ԵԱՏՄ անդամ պետության, գործում է ներմուծվող արժույթի հայտարարագրման շեմ ՝ $10 000-ին համարժեք գումարից սկսած։ «Ռոսֆինմոնիթորինգ»-ից գործակալությանը հայտնել են, որ հայտարարագրման շեմի բարձրացում հնարավոր է միայն ԵԱՏՄ մաքսային օրենսդրության փոփոխության դեպքում։ Tweet Դիտում՝ 8261