ԵԱԶԲ ներկայացուցիչները շրջայց են կատարել «Երեմյան Փրոջեքթսի» նոր կառուցվող ֆերմայում

16.02.2023 | 14:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Երեմյան Փրոջեքթս»
«Երեմյան Փրոջեքթս» ընկերության եւ Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) ներկայացուցիչները շրջայց են կատարել «Երեմյան Փրոջեքթսի»՝ Լոռու մարզի Տաշիր համայնքում նոր կառուցվող ֆերմայում։  

«Երեմյան Փրոջեքթսի» գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի եւ ընկերության Ներդրումային նախագծերի ղեկավար Ավետիք Գեւորգյանի ուղեկցությամբ ԵԱԶԲ-ի Կառավարման խորհրդի նախագահի տեղակալ Դենիս Իլյինը, ԵԱԶԲ հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանը շրջել են անասնապահական համալիրի տարածքում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, քննարկել ֆերմայի գործունեությանը վերաբերող հարցեր։

Դավիթ Երեմյանի խոսքով ՝ այս պահին շինարարական ակտիվ փուլ է, եւ ֆերման այս տարի կհանձնվի շահագործման.

«Այս նախագիծն աննախադեպ է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի համար, որովհետեւ նման ծավալի խոշոր ներդրում հենց այս ոլորտում երբեւէ չի իրականացվել, եւ նման մոդելով ու տեխնիկական հագեցվածությամբ ֆերմաներ Հայաստանում չեն գործում։ 2019 թվականից մենք գործում ենք փակ ցիկլով եւ «Սերմից՝ սեղան» հայեցակարգով, ինչի շնորհիվ մենք վերահսկում ենք սննդի արտադրության ամբողջ շղթան։  Այսօր էլ մեր նպատակը պարենային անվտանգության ապահովումն է, ինչպես նաեւ Հայաստանում օրինակելի գյուղատնտեսության զարգացումն ու տնտեսվարության նոր մշակույթի ներդնումը։ Վստահ եմ, որ Տաշիրում կառուցվող մեր նոր ֆերման կդառնա այդ օրինակը, եւ մենք կունենանք միանգամայն նոր ստանդարտներով  գյուղատնտեսության ու անասնապահության ոլորտներ։ Ես հույս ունեմ, որ մոտ ժամանակներում մենք կունենանք բարձրորակ կաթնամթերքի սպառման նոր մշակույթ, ինչն առաջին հերթին կարեւոր է սննդի անվտանգության տեսանկյունից»,- նշել է Դավիթ Երեմյանը։

«Կառուցվող ֆերման եւ  դրա ենթակառուցվածքները ԵԱԶԲ-ի առաջնային ծրագրերից են Հայաստանում»,- ասել է ԵԱԶԲ-ի Կառավարման խորհրդի նախագահի տեղակալ Դենիս Իլինը:



«Մեր խնդիրն է նպաստել Հայաստանի Հանրապետությունում ագրոարդյունաբերական հատվածի աճին եւ՛ բիզնեսի զարգացման, եւ՛ բնակչության համար անհրաժեշտ քանակությամբ որակյալ մթերքի արտադրության առումով: Սա Հայաստանի ԵԱԶԲ ռազմավարության առանցքային առաջնահերթությունն է եւ Եվրասիական ապրանքաբաշխիչ ցանցի մեգանախագծի բաղադրիչը: Բացի այդ, տվյալ նախագիծն իր չափանիշներով եւ մասշտաբներով աննախադեպ է, ուստի մենք առանձնահատուկ ուշադրությամբ ենք հետեւում դրան յուրաքանչյուր փուլում», - հավելել է նա:

Լոռու մարզի Տաշիր համայնքում կառուցվող  խոշոր անասնապահական համալիրի մակերեսը 29 հեկտար է, որը ներառելու է 1200 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների եւ 580 գլուխ մայրացուխոզերի համար նախատեսված ֆերմաներ, սպանդանոց երկու ֆերմաների համար, կերախառնուրդի պահեստ, կերային կուլտուրաների աճեցման համար նախատեսված հողատարածք, գյուղատնտեսական մեքենաների կայանատեղի։ ֆերման համապատասխանեցված է լինելու արտադրության եւ որակի սահմանված միջազգային չափանիշներին։ Ֆերման ունենալու է նաեւ կերի պատրաստման հատված եւ պահմպանման մեծ բունկերներ։

Ավտոմատացված են լինելու կերակրման, գոմաղբի հեռացման եւ կիթի գործընթացները։ Կիթն իրականացվելու է շրջանաձեւ պտտվող կարուսել տեսակի ժամանակակից կթարանում, որը հնարավորություն է տալու  կազմակերպել միաժամանակ 40 գլուխ եղջերավորի  կիթը։

«Երեմյան Փրոջեքթսի» նոր ֆերման նման մոդելով ու մասշտաբներով առաջին սմարթ ֆերման է Հայաստանում։

Նախագծի ներդրումային ընդհանուր արժեքը 31,6 մլն ԱՄՆ դոլար է։
Դիտում՝ 10738
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW