ԱՄՆ-ն այլեւս առաջատար չէ միլիոնատերերի ներհոսքի առումով
16.02.2023 | 12:24 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ forumdaily.com

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ներդրումային ներգաղթի ոլորտում մասնագիտացած լոնդոնյան Henley & Partners խորհրդատվական ընկերության հետազոտությունը։
Վերջինիս տվյալներով՝ մինչհամավարակային ցուցանիշի համեմատ 2022 թվականին միլիոնատերերի ներհոսքն ԱՄՆ նվազել է 80%-ով։ Դեռեւս 2014 թվականին Միացյալ Նահանգները երկիր ժամանող հարուստների թվով առաջատարն էր, մինչդեռ անցած տարի երկիրը իջել է վեցերորդ տեղ՝ զիջելով Արաբական Միացյալ Էմիրություններին, Ավստրալիային, Սինգապուրին, Կանադային եւ Շվեյցարիային, նշել են Henley & Partners-ում։
Միաժամանակ, աճել է մեծահարուստների արտահոսքը ԱՄՆ-ից։ «Մարդիկ դեռեւս ժամանում են, սակայն ԱՄՆ-ը լքողների թիվը զգալիորեն աճել է»,- Bloomberg-ին ասել է New World Wealth-ի հետազոտական բաժնի ղեկավար Էնդրյու Ամոյլսը, ով մասնակցել է հետազոտությանը:
Առավել նկատելի է հարուստ ռուսաստանցիների, չինացիների եւ հնդիկների արտահոսքը։ Հեռացողներից շատերը 50-ից 60 տարեկան են, ովքեր իրենց որոշումը վերագրում են հարկային կամ անվտանգության խնդիրներին, նշել է Ամոյլսը: Ունեւոր մարդկանց շրջանում ԱՄՆ-ի գրավչության նվազումը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ շատ հարուստ ամերիկացիներ «աննախադեպ արագությամբ» նոր հնարավորություններ են փնտրում այլ երկրներում, ասված է հետազոտության մեջ։
«Նախկինում ներդրումային միգրացիայի ծրագրերը հիմնականում գրավիչ էին ռուսաստանցիների, չինացիների, արաբների եւ զարգացող երկրների բնակիչների համար, ովքեր ունեին թույլ անձնագրեր, մուտքի սահմանափակ հասանելիություն եւ տնտեսական ցածր շարժունակություն», - Bloomberg-ին ասել է Հյուսիսային Ամերիկայում Henley & Partners-ի ղեկավար Մեհդի Քադիրին: Այժմ իրավիճակը փոխվել է՝ ընկերության հաճախորդների մեծ մասը զարգացած երկրներից են, նշել է նա։
Միլիոնատերերը կարող են իրենց թույլ տալ ազատ շրջել աշխարհով մեկ, ուստի նրանց տեղաշարժը կարող է լինել տնտեսության կամ հասարակության առողջության բարոմետր՝ ներկայացնելով «տագնապալի վաղ ազդանշան» երկրում ապագա միտումների համար, եզրափակել է Քադիրին:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: