Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը քննարկում է երկրում «բարեկամական» երկրների վճարային համակարգերի օգտագործումը թույլատրելու հնարավորությունը։Նշված հարցի շուրջ գերատեսչությունը ՌԴ խոշոր բիզնեսի ներկայացուցիչների շրջանում հարցում է անցկացրել: Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «Վեդոմոստի»-ն՝ վկայակոչելով կառավարությանն ու ռուսաստանյան խոշոր ընկերությանը մոտ կանգնած աղբյուրները։Թերթի տվյալներով՝ առաջարկը տարածվել է ՌԴ ֆինանսների նախարարության ֆինանսական քաղաքականության վարչության տնօրեն Իվան Չեբեսկովի անունից։ Նամակին կցված է նախագահի հրամանագրի նախագիծը, որով վերացվում է «բարեկամական» երկրներից օտարերկրյա մատակարարների էլեկտրոնային վճարային միջոցներով հաշվարկների նկատմամբ արգելքը։ Ռուսաստանյան բիզնեսը գտնում է, որ երկրի գործող արժութային օրենսդրությունը ռեզիդենտներին անհավասար պայմանների մեջ է դնում ոչ ռեզիդենտների հետ, ասված է առաջարկներին կից պարզաբանման մեջ։Գործարարներին խնդրել էին պատասխանել ֆինանսների նախարարության այս առաջարկին մինչեւ 2023 թվականի փետրվարի 6-ը, գրում է «Վեդոմոստի»-ն։ Գերատեսչության ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից:2021 թվականի հուլիսի 1-ից Ռուսաստանի ռեզիդենտներին արգելված է օգտագործել օտարերկրյա էլեկտրոնային դրամապանակները (Alipay, WebMoney, PayPal եւ այլն) կոմերցիոն նպատակներով, օրինակ՝ դրանց միջոցով ոչ ռեզիդենտների հետ հաշվարկներ կատարել, Ռուսաստանում ապրանքների եւ ծառայությունների դիմաց վճարումներ ստանալ: Ռուսաստանցի հարկատուներից պահանջվում է նաեւ նման դրամապանակների միջոցով տարեկան 600 000 ռուբլուց ավելի փոխանցումները հայտարարագրել։Ֆինանսների նախարարությունն առաջարկում է թույլատրել ռեզիդենտներին արտասահմանյան էլեկտրոնային դրամապանակների միջոցով առանց հաշիվ բացելու արտարժույթ փոխանցել ոչ ռեզիդենտներին, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, եթե ծառայությունների մատակարարը գրանցված է ԵԱՏՄ-ում կամ Ռուսաստանի «բարեկամական» երկրներից մեկում։ Վերջիններս ներառում են մոտ 50 պետություն, այդ թվում՝ Թուրքիան (երկրում գործում է Troy վճարային համակարգը), Հայաստանը (ArCa), Ղրղզստանը («Էլքարտ») եւ Բելառուսը («Բելքարտ»)։ Ենթադրվում է, որ հրամանագիրը կտարածվի 2022 թվականի օգոստոսի 8-ից ծագած իրավահարաբերությունների վրա։ Այդ օրը Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որով թույլատրվել էր ՌԴ բանկերին, որոնց արտարժութային միջոցները սառեցվել են արտասահմանում, կատարել իրենց պարտավորությունները ռուբլով կամ ամբողջությամբ կասեցնել դրանց կատարումը։ Tweet Դիտում՝ 4283