EY ընկերության հայաստանյան գրասենյակը, որն ընտրվել էր որպես Անկախ ադմինիստրատոր, պատիվ է ունեցել կազմելու առաջին, երկրորդ եւ այժմ նաեւ չորրորդ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) զեկույցները: Նախկինում Հայաստանին ԱՃԹՆ վավերացման ընթացքում շնորհվել է գոհացուցիչ առաջընթաց ունեցող երկրի ամենաբարձր կարգավիճակ։ Այս նվաճմանը նախորդել են կարողությունների զարգացման աշխատանքները, ոլորտին առնչվող ուսումնասիրությունները, օրենսդրական բարեփոխումները եւ այլն: ԱՃԹՆ ազգային զեկույցի նպատակն է ոլորտի մասին համախմբված տեղեկատվություն տրամադրել՝ հնարավորություն տալով իրականացնել ոլորտային համապարփակ եւ ճշգրիտ վերլուծություն, նպաստել հանրային ըմբռնմանը եւ տեղեկացված որոշումների կայացմանը։Հայաստանի 2020 եւ 2021 թվականների 4-րդ ազգային ԱՃԹՆ զեկույցը եւ դրա ամփոփումն արդեն հասանելի են Հայաստանի ԱՃԹՆ կայքում։ Զեկույցը ներկայացնում է 2020 եւ 2021 թվականներին Հայաստանում գործող ընդերքօգտագործող ընկերությունների գործունեության վերլուծություն՝ արդյունահանվող հանքաքարի ծավալների եւ արժեքի, դրա արտադրության, ներքին իրացման եւ արտահանման մակարդակների, զբաղվածության վերաբերյալ տվյալների, ընդերքօգտագործող ընկերությունների կողմից պետական եւ համայնքային բյուջեներին կատարված վճարումների եւ կառավարության ստացած եկամուտների, ոլորտը կարգավորող օրենսդրության հիմնական փոփոխությունների, ընդերքի օգտագործման պայմանագրերի եւ իրական շահառուների, ինչպես նաեւ ԱՃԹՆ ստանդարտի պահանջներին համապատասխանող այլ օգտակար տեղեկությունների բացահայտման կապակցությամբ:2020-2021թթ. ՀՀ ԱՃԹՆ-ի զեկույցը կազմվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվող՝ Համաշխարհային բանկի Արդյունահանող ճյուղերի գլոբալ ծրագրային աջակցության (EGPS) բազմադոնոր հիմնադրամի՝ «Աջակցություն Հայաստանի ԱՃԹՆ-ին, լրացուցիչ ֆինանսավորում» դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորմամբ:Ռազմավարության եւ Գործարքների ուղեկցման բաժնի թիմը ավագ խորհրդատու Աննա Մարտիրոսյանի գլխավորությամբ պատասխանատու էր ծրագրի ընդհանուր կառավարման համար: Աննա Մարտիրոսյանը, մեծ փորձ ունենալով ոլորտի ուսումնասիրություններում եւ խորհրդատվական ծրագրերում պատվիրված խոշոր, միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են ԵՄ-ն եւ Համաշխարհային բանկը, համակարգել է EY թիմերի միջեւ աշխատանքը՝ համագործակցելով հայաստանյան եւ միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՃԹՆ միջազգային քարտուղարության հետ: Նրա թիմի աշխատանքի առանցքային մասն էր կազմում հանքարդյունաբերության ոլորտի սոցիալ-տնտեսական եւ բնապահպանական ազդեցությունը գնահատելը՝ շեշտը դնելով COVID-19-ի, ռազմական գործողությունների հետեւանքների եւ էներգետիկ անցման մեջ ԱՃԹՆ-ի կարեւորության վրա: Ավելին, հիմնվելով լայնածավալ վերլուծության վրա՝ թիմը հանդես է եկել առաջարկություններով՝ ԱՃԹՆ-ի հաշվետվողականությունը բարելավելու համար:EY ընկերության հայաստանյան գրասենյակի իրավաբանական բաժնի կրտսեր մենեջեր Էդգար Մեյրոյանի գլխավորությամբ իրավաբանական թիմը, մասնագիտացած հանքարդյունաբերական նախագծերի, այդ թվում Հայաստանի խոշոր հանքարդյունաբերական ընկերությունների իրավաբանական փորձաքննությունների մեջ, սույն զեկույցի շրջանակում կատարել է մետաղների արդյունահանման ոլորտին վերաբերող օրենսդրական փոփոխությունների վերլուծություն, հանքարդյունաբերության թույլտվությունների տրամադրման, պայմանագրերի կնքման, իրական շահառուների բացահայտման ընթացակարգերի, մինչեւ զեկույցի պատրաստման պահը ոլորտում իրականացվող իրավական կարգավորումների, հանքարդյունաբերության հետ կապված այլ իրավական հարցերի վերաբերյալ ուսումնասիրություն:EY ընկերության հայաստանյան գրասենյակի հարկային ծառայությունների ղեկավար, գործընկեր Կամո Կարապետյանը եւ նրա թիմը օգնել են ամփոփել Հայաստանի հարկային օրենսդրության հիմնական փոփոխություններն ու լրացումները: Մեծ փորձ ունենալով հանքարդյունաբերության ոլորտի ընկերություններին մասնագիտական ծառայություններ մատուցելու հարցում՝ թիմը ներկայացրել է ռոյալթիների հաշվարկման առնչությամբ կատարված օրենսդրական փոփոխությունները ու ամփոփել ոլորտին վերաբերող պետական տուրքի վճարների փոփոխությունները։:2022 թվականի դեկտեմբերի 22-ին Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) չորրորդ ազգային զեկույցը (2020-2021 թվականների համար) ներկայացվեց Հայաստանի ԱՃԹՆ ազգային քարտուղարության կողմից կազմակերպված տարեկան համաժողովի ժամանակ, որին մասնակցում էին ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի անդամները՝ կառավարության ներկայացուցիչներ, հանքարդյունաբերական ընկերություններ եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ԱՃԹՆ միջազգային քարտուղարությունը եւ միջազգային գործընկեր կազմակերպություններ: Tweet Դիտում՝ 15929