Fitch-ը բարելավել է Հայաստանի վարկանիշի կանխատեսումը
12.02.2023 | 17:50 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ businesswire.com

«Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Բելառուսից ներգաղթյալների հոսքը (իշխանությունների կողմից գնահատվում է մոտ 65,000), որը ներկայացնում է բնակչության տարեկան 2,2% աճ, խթանել է արտաքին, ինչպես նաեւ մակրոտնտեսական եւ հարկաբյուջետային ցուցանիշները:
Ռուսաստանից ներգաղթի ստույգ մասշտաբները դժվար է քանակապես գնահատել՝ հաշվի առնելով Հայաստանում ռուսաստանցիների համար բաց միգրացիոն ռեժիմը, իսկ այս դրական շոկի տեւողությունը դեռեւս անորոշ է: Այնուամենայնիվ, դա հանգեցրել է դրամական փոխանցումների 140%-ով աճին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Fitch-ն ակնկալում է, որ նոր ներգաղթյալների զգալի մասը կմնա Հայաստանում առնվազն երկու-երեք տարի եւ զգալի հնարավորություն է տեսնում, որ որոշ դրական հետեւանքները կպահպանվեն:
Գործակալությունը նշում է, որ արտաքին ներհոսքը հանգեցրել է Հայաստանի արտաքին հաշվեկշռի զգալի բարելավմանը․ 2022 թվականին արտարժույթային պահուստներն ավելացել են $880 միլիոնով ՝ մինչեւ $4,1 միլիարդ:
Բացի այդ, ըստ հաղորդագրության, զուտ արտաքին պարտքը նվազել է մոտ 12 տոկոսային կետով՝ մինչեւ 2022 թվականին ՀՆԱ-ի մոտ 44,5%-ը:
Fitch-ի փոխանցմամբ՝ 2022 թվականին Հայաստանի տնտեսությունն աճել է 11,6%-ով, ինչը 15 տարվա ամենաբարձր ցուցանիշն է՝ պայմանավորված միգրանտների մեծ հոսքով։
Գործակալության գնահատմամբ՝ 2023 թվականին աճը կդանդաղի մինչեւ 6,1%, իսկ 2024 թվականին՝ մինչեւ 4,7%: Աճը պայմանավորված կլինի անձնական սպառմամբ, համեմատաբար կայուն արտահանմամբ (հատկապես դեպի Ռուսաստան, քանի որ Հայաստանը փոխարինում է ներմուծման աղբյուրները, որոնք խաթարվել են պատժամիջոցների պատճառով) եւ պետական ներդրումների ակնկալվող աճով։
«2022 թվականին գնաճը միջինում կազմել է 8,6%, ինչը զգալիորեն գերազանցում է ՀՀ Կենտրոնական բանկի 4% թիրախը (+/-1,5 տ.կ.), որը պայմանավորված է պարենային ապրանքների համաշխարհային բարձր գներով եւ ներքին պահանջարկի աճով՝ կապված միգրանտների ներհոսքի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ 2022 թվականին արժույթի ամրապնդումը, նավթի համաշխարհային գների նվազումը եւ ԿԲ-ի կողմից քաղաքականության տոկոսադրույքի բարձրացման հետաձգված ազդեցությունը կնվազեցնի գնաճը միջինում մինչեւ 6,5%՝ 2023 թվականին եւ մինչեւ 4,2%՝ 2024 թվականին։
Անդրադառնալով աշխարհաքաղաքական ռիսկերին՝ Fitch-ը նշում է, որ 2022 թվականի երկրորդ կեսին լարվածությունը Ադրբեջանի հետ սրվեց, երբ «Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի սահմանային շրջաններ, ինչը դեռ շարունակվում է»:
Բացի այդ նշվում է, որ ադրբեջանցի ցուցարարները դեկտեմբերից փակել են մուտքը դեպի Լեռնային Ղարաբաղ, իսկ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունները փակուղի են մտել: Ադրբեջանի հետ նոր հակամարտության հնարավորությունը մնում է, «թեեւ ցանկացած ավելի լայն մակրոտնտեսական ազդեցությունը, հավանաբար, սահմանափակ կլինի»:
Ըստ հաղորդագրության՝ Հայաստանը նաեւ չափազանց կախված է Ռուսաստանից էներգակիրների մատակարարման հարցում, եւ դիվերսիֆիկացիայի քիչ նշաններ կան:
Վերջին լուրեր
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: