Համաձայնագիր ՀՀ-ԱՄՆ-ի միջեւ՝ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում

09.02.2023 | 13:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#ատոմային էներգիա
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի եւ ԱՄՆ միջուկային կարգավորող հանձնաժողովի միջեւ միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման եւ համագործակցության մասին» համաձայնագրին:
 
ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն ԱՄՆ միջուկային կարգավորող հանձնաժողովի (ԱՄՆ ՄԿՀ) հետ համագործակցում է 1995 թվականից:

1997 թվականի սեպտեմբերի 30-ին ԱՄՆ միջուկային կարգավորող հանձնաժողովի եւ Հայաստանի միջուկային անվտանգությունը կարգավորող մարմնի միջեւ ստորագրվել է Համաձայնագիր՝ միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման եւ համագործակցության վերաբերյալ։  

Նշվում է, որ Համաձայնագիրը վերաստորագրվել է 2007 եւ 2017 թվականներին։    

Դրա շրջանակում Հայաստանը ստացել է աջակցություն հետեւյալ ուղղություններում՝

•    Անձնակազմի պատրաստում եւ վերապատրաստում,
•    Փորձագիտական աջակցություն,
•    ԱԷԿ-ի աշխատած վառելիքի չոր պահեստարանի անվտանգության գնահատում եւ լիցենզավորում,
•    ԱԷԿ-ի անվտանգության հավանականային վերլուծություն,
•    Ժամանակակից սարքերի եւ սարքավորումների տրամադրում,
•    Հայաստանում իոնացնող ճառագայթման աղբյուրների գույքագրում, գրանցում եւ ազգային ռեգիստրի մշակում, վարում, անվտանգության գնահատում եւ լիցենզավորում,
•    Իոնացնող ճառագայթման աղբյուրների անվտանգության եւ ֆիզիկական պաշտպանության վերաբերյալ կարգավորող փաստաթղթերի մշակում եւ այլն:

Կոմիտեի եւ ԱՄՆ ՄԿՀ-ի միջեւ գործող Համաձայնագրի ժամկետը լրացել է 2022 թվականի մարտի 29-ին:

2021 թվականի դեկտեմբերին կոմիտեն ԱՄՆ ՄԿՀ-ից ստացել է նոր Համաձայնագիր ստորագրելու առաջարկ, որն ամրագրված ուղղություններից բացի, ընդլայնում է համագործակցությունն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի միջուկային ու ճառագայթային անվտանգության կարգավորման հարցերով։

Նոր Համաձայնագիրը կնպաստի անվտանգության հարցերով առաջավոր փորձի ու գիտելիքների փոխանակմանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ Համաձայնագրով առաջարկվող համագործակցությունն ուղղված է ՀՀ-ում կարգավորող ենթակառուցվածքի ուժեղացմանը, անձնակազմի ունակությունների ու կարողությունների զարգացմանը, որը կնպաստի ԱԷԿ-ների շահագործման ժամկետի երկարացման, ՀՀ-ում նոր ԱԷԿ-ի կառուցման լիցենզավորման փուլերում, անվտանգության վերլուծության ու գնահատման իրականացմանը։

Համաձայնագրով ստացված գիտատեխնիկական աջակցությունը կնպաստի  ֆիզիկական պաշտպանության, միջուկային զենքի չտարածման երաշխիքների իրականացման, ռադիոակտիվ նյութերի եւ թափոնների անվտանգության, շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման, անվտանգությունը կարգավորող փաստաթղթերի մշակման համար։

Համաձայնագրի կնքումը նպատակահարմար է Հայաստանում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի հետագա զարգացման համար։
Դիտում՝ 2308
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW