«իԳործ» ծրագրի նախորդ 2 փուլերի մասնակիցների մոտ 68%-ը հայրենադարձվել է

07.02.2023 | 09:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#«իԳործ» #Նիլոլ Փաշինյան #Զարեհ Սինանյան
ՀՀ պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի նախորդ 2 փուլերի մասնակիցների մոտ 68%-ը հայրենադարձվել է՝ ակնկալվող 25%-ի փոխարեն:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի փոխանցմամբ՝ նրանցից ոմանք նշանակվել են բարձր պաշտոնների, մասնավորապես, փոխնախարար, կոմիտեի նախագահ, ՊՈԱԿ-ի տնօրեն, նախարարի խորհրդական եւ հանրային ծառայության այլ պաշտոնների: 2021-2022թթ. փուլի Հայաստանում մնացած ծրագրերի մասնակիցների 60%-ն աշխատանքի է անցել, որոնցից 13-ը՝ Հայաստանի պետական կառավարման մարմիններում:

Ինչպես հայտնել են Կառավարության մամուլի ծառայությունում, նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել էր «իԳործ» ծրագրի մասնակիցներին։ Նա հույս է հայտնել, որ այս շրջափուլից հետո էլ ներկաներից շատերը կմնան աշխատելու Հայաստանում, աջակցելու երկրին պետական ինստիտուտների կառավարման արդյունավետությունը բարձրացնելու գործում։

«Հույս ունեմ, որ ձեր կայացրած այդ որոշումը չի բերի հիասթափության՝ առաջին հերթին ձեզ, եւ այդ կայացված որոշման արդյունքում մեր պետական կառավարման համակարգի որակը կլավանա, սփյուռքի հետ մեր հարաբերություններն ավելի բովանդակային եւ կոնկրետ կլինեն, արդյունքները՝ ավելի չափելի եւ շոշափելի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Զարեհ Սինանյանը մանրամասներ է ներկայացրել «իԳործ» ծրագրի 2022-2023թթ. խմբի մասին․

«Այս տարի եւս ունենք 50 փորձագետ, որոնք աշխատում են 24 տարբեր գերատեսչությունում, այդ թվում՝ այս տարի ունենք նոր գերատեսչություններ, ինչպիսիք են՝ Վիճակագրական կոմիտեն, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը եւ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը: Մասնակիցները եկել են Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Լիբանանից, Արգենտինայից, Բելգիայից, Եգիպտոսից, Ֆրանսիայից, Կանադայից, Բելառուսից եւ Ուկրաինայից»:

Նա հավելել է, որ «իԳործականները» հիմնականում երիտասարդ են, բայց կան ներկայացուցիչներ տարիքային բոլոր շերտերից, եւ որեւէ սահմանափակում չկա եւ չի լինելու:

ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը 2020 թվականից իրականացնում է «իԳործ» ծրագիրը, որի նպատակներն են պետական կառավարման համակարգի բարելավումը, Սփյուռքի ներգրավումը կառավարման համակարգում, ինչպես նաեւ մասնագիտական հայրենադարձությունը:

Ծրագրի մասնակիցներն ընդգրկվում են Հայաստանի պետական կառավարման մարմինների աշխատանքներում 1 տարի ժամկետով: Նրանց աշխատանքային փորձը եւ կարողությունները կիրառվում են պետական մարմինների կողմից իրականացվող աշխատանքներում եւ ծրագրերում, նպաստում են նորարարական գաղափարների եւ ոլորտային հետազոտությունների իրականացմանը:
Դիտում՝ 1851
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW