Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի բանկերի միության եւ “Պրոմեթեյ Բանկի” վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյանի հարցազրույցը ##“Մեդիամաքս” գործակալությանը եւ Banks.am պորտալին- Ինչպիսի՞ն էր ավարտին մոտեցող տարին Հայաստանի բանկային համակարգի եւ “Պրոմեթեյ Բանկի” համար: - 2008-ը, ինչպես եւ նախորդ տարիները, շատ հաջողված տարի էր մեր բանկային համակարգի համար: Տարվա 9 ամիսների ընթացքում բանկային համակարգը բոլոր ուղղություններով արձանագրեց լուրջ առաջընթաց: Բանկային համակարգի ընդհանուր ակտիվները 9 ամսում աճեցին 24%-ով` կազմելով 967 մլրդ դրամ, վարկային ներդրումներն աճեցին 46%-ով` կազմելով 624 մլրդ դրամ: Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն աճել են մոտ 7%-ով եւ կազմել են 176 մլրդ դրամ: Բանկերի ընդհանուր կապիտալը աճել է 31%-ով` կազմելով 217 մլրդ դրամ, իսկ բանկային համակարգի զուտ շահույթը 9 ամսում աճել է 18%-ով և կազմել 20 մլրդ դրամ:Գրեթե նույն համամասնությամբ աճել են նաեւ “Պրոմեթեյ Բանկի” բոլոր ցուցանիշները` նախանշված ռազմավարական ծրագրին համապատասխան:- Հավատու՞մ եք Հայաստանի` տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դառնալու հնարավորությանը առկա խնդիրների եւ միջազգային շուկաներին թույլ ինտեգրման պայմաններում: - Հայաստանը` ֆինանսական կենտրոն դառնալու հասկացության շրջանառություն մտնելու պահին այն բավականին ռեալ էր ու տեղին: Այսօր` համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում, կարծում եմ, ֆինանսական կենտրոնի գաղափարը փոքր-ինչ ժամանակավրեպ է:Այս թեմային նորից կարելի է անդրադառնալ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ավարտից հետո: Այժմ բոլորիս նպատակն է, որպեսզի Հայաստանն առանց ցնցումների կարողանա դիմակայել ֆինանսական ճգնաժամին: - Հայաստանի բանկերի գրեթե կեսը հայտարարել է վարկային եւ ավանդային տոկոսադրույքների բարձրացման մասին` հիմնականում բացատրելով դա դրսից ներգրավվող ռեսուրսների թանկացմամբ: Ինչպիսի՞ն է ձեր բանկի քաղաքականությունը: - Ավանդների եւ վարկերի տոկոսադրույքները վերանայվել են ամբողջ բանկային համակարգում, եւ դա բնական է: Բոլոր բանկերը հայտարարում են ավանդների 10%, 10,5% կամ նույնիսկ 11% տոկոսադրույքներ, եւ երբ թանկանում են ներգրավված միջոցները, մեխանիկորեն պետք է թանկանան նաեւ տեղաբաշխված վարկերը: Եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ այս 10-11%-ը բանկերի համար իրականում կազմում են մոտավորապես 12.5% (բանկերը պարտադիր պահեստավորում ունեն ԿԲ-ում եւ ապահովագրում են ավանդները Ավանդների երաշխավորման հիմնադրամում), ռեսուրսն իրոք բավականին թանկ է ստացվում: Այս պարագայում բնական է, որ բանկերը պետք է վարկավորեն 18-ից 24%-ով:Եթե նախկինում բանկերն ընդունում էին ավանդներ մինչև 6-7%-ով եւ վարկավորում էին 14-16%-ով, ապա այժմ, երբ ավանդային տոկոսադրույքը հասել է 11%-ի, տեսնում ենք, որ մարժան փոփոխության չի ենթարկվել եւ նախկինի պես կազմում է 6%:“Պրոմեթեյ Բանկի” միջին տոկոսադրույքը տատանվում է 18%-ի սահմաններում` նախկինի համեմատ աճելով 2-3%-ով: - Սեպտեմբերին բանկերը ԿԲ-ից պահանջում էին հանել սահմանափակումը առավելագույն թույլատրելի վարկային տոկոսադրույքի նկատմամբ: - Այո, մենք կողմնակից ենք այդ սահմանաչափի վերանայմանը: Առավելագույն թույլատրելի վարկային տոկոսադրույքն, ըստ Քաղաքացիական Օրենսգրքի, որոշվում է Կենտրոնական բանկի հաշվարկային տոկոսադրույքի կրկնապատիկով, այսինքն` այժմյան 11.5%-ի դեպքում` 23%:Բանկերն իրավացիորեն դեմ են դրան, որովհետեւ այսօր անգամ Եվրոպայում կան փոքր եւ շատ արագ ձեւակերպվող վարկատեսակներ 36-40% տոկոսադրույքով: Հայաստանյան այս օրենքն ուժի մեջ է մտել 1998 թվականին եւ այդ օրերին արդարացված էր, քանի որ ավանդների տոկոսադրույքները հասնում էին 20-24%-ի, իսկ վարկերի տոկոսադրույքները` 72%-ի: Այսօր, երբ բանկերը չեն կարող վարկավորել 23%-ից ավել տոկոսադրույքով, դա հակասում է շուկայական հարաբերություններին: Չեմ կարծում, որ այդ սահմանափակումը հանելով` բանկերը կարող են աննախադեպ տոկոսադրույքներ հայտարարել: Բարձրացումն ընդամենը վերաբերվելու է միայն բարձր ռիսկայնությամբ սպառողական եւ միկրովարկերին, որոնք կլինեն 24-26%: Մենք քննարկել ենք այս հարցը Կենտրոնական բանկի հետ եւ ցանկանում ենք ներկայացնել այն կառավարությանն ու Ազգային Ժողովին: - Այս տարի Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը զգուշացրեց մի շարք բանկերի` հակամրցակցային պայմանավորվածությունների կապակցությամբ: - Բանկերի եւ ապահովագրական ընկերությունների միջեւ չեն եղել հակամրցակցային պայմանավորվածություններ: Բանկերն իրենց ռիսկերը ճիշտ գնահատելու համար նախընտրություն էին տալիս այն ապահովագրական ընկերություններին եւ գնահատող կազմակերպություններին, որոնց ավելի շատ էին վստահում: Հայաստանի շատ ապահովագրական ընկերություններ ունեն չնչին կապիտալ եւ չունեն վերաապահովագրություն ավելի խոշոր ապահովագրական ընկերություններում: Ինչպե՞ս կարելի է նրանց վստահել անշարժ գույքի ապահովագրությունը: Այդուհանդերձ, կան բազմաթիվ այլ վարկեր, որոնք ստանալիս հաճախորդներն օգտվում են իրենց նախընտրած ապահովագրական ընկերության ծառայություններից: Մենք դա մրցակցության սահմանափակում չենք համարում, այդ իսկ պատճառով բանկերը բողոքարկում են հանձնաժողովի որոշումը դատարանում, որի վճիռը, հուսով եմ, արդարացի կլինի: - Բանկային համակարգը վերջերս սկսում է ակտիվություն ցուցաբերել կապիտալի շուկայում: Ի՞նչ ծրագրեր ունի “Պրոմեթեյ Բանկը”: - Այս տարի մենք իրականացրել ենք բաժնետոմսերի փակ թողարկում` մոտ $6.5 մլն չափով: Գնորդը ոչ ռեզիդենտ արտասահմանյան բանկ է: Ես ողջունում բանկերի աճող ակտիվությունը կապիտալի շուկայում, որովհետեւ դա ռեսուրսների ներգրավման կարեւորագույն միջոց է: “Պրոմեթեյ Բանկն” առայժմ մտադիր չէ բաց թողարկում իրականացնել, որովհետեւ այսօր մենք ռեսուրսի կարիք չունենք: Եթե նման պահանջ առաջանա, հնարավոր է` մտածենք բաց թողարկման մասին:- Տարբեր կարծիքներ են հնչում այն մասին, թե ինչպե՞ս կազդի Հայաստանի վրա համաշխարհային ֆինանսական ճգնաժամը: Դուք ի՞նչ եք կարծում: - Կարծում եմ, այս ճգնաժամը Հայաստանի վրա մեծ ազդեցություն չի ունենալու: Հնարավոր է ֆիզիկական անձանց տրանսֆերտների ծավալների նվազում, ինչը հիմնականում պայմանավորված կլինի Ռուսաստանում աշխատող մեր հայրենակիցների ֆինանսական վիճակով: Դա, կարծում եմ, կզգացվի 2009 թ. առաջին եռամսյակի ավարտին:Միջազգային ճգնաժամի պայմաններում հնարավոր է նույնիսկ արտասահմանյան կապիտալի ներհոսք եւ նոր ներդրումներ Հայաստանում: Հաշվի առնելով մեծ սփյուռքի առկայությունը` Հայաստանն ԱՊՀ երկրներից ամենաբարենպաստ վիճակում է:Ճգնաժամն ազդում է Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության վրա, սակայն, կարծում եմ, այստեղ իրավիճակը կշտկի կառավարությունը` նոր ծրագրերի եւ առաջարկությունների միջոցով: - Ի՞նչ է անհրաժեշտ Հայաստանի ֆինանսական համակարգին` համաշխարհային շուկային ամբողջովին ինտեգրվելու համար: Ինտեգրման գործում ի՞նչ դեր կխաղա Համահայկական բանկը: - Ես դրական եմ վերաբերվում Համահայկական բանկի ստեղծմանը, որը զբաղվելու է պետական ծրագրերի վարկավորմամբ: Այդ բանկում մասնաբաժիններ կունենան սփյուռքահայության միջին եւ ունեւոր խավի հայրենակիցները, ինչպես նաեւ ՀՀ կառավարությունը: Համահայկական բանկը չի մրցելու մասնավորների հետ, այն զբաղվելու է պետական նշանակության ծրագրերի վարկավորմամբ: Դա կլինի կարեւորագույն քայլերից մեկը Հայաստանը ֆինանսական կենտրոն դարձնելու ճանապարհին:Իսկ ինտեգրման հետ մենք որեւէ խնդիր չունենք: Հայաստանի բանկերը, կարելի է ասել, լիովին ինտեգրված են համաշխարհային շուկա` ունենալով թղթակցային հարաբերություններ գրեթե բոլոր խոշոր միջազգային ֆինանսական կառույցների հետ: Բացի այդ, վերջիններս շատ հայաստանյան բանկերում ունեն մասնաբաժիններ, ինչը վկայում է մեր բանկերի վստահելիության մասին: Այսօր Հայաստանի բանկային համակարգի միակ բացասական գործոնը, եթե այն կարելի է այդպես որակել, բանկերի կապիտալի փոքր ծավալն է: Ես դրանում վատ բան չեմ տեսնում, որովհետեւ փոքր բանկերը շատ ավելի ճկուն են, ճիշտ ու ժամանակին են արձագանքում շուկայի ցանկացած պահանջին, շատ ավելի վստահելի են ու իրացվելի:Կարծում եմ, մեր բանկերը բավարարում են Հայաստանի տնտեսության եւ մեր պետության պահանջները: Մյուս կողմից, բանկերին անհրաժեշտ է աշխուժացնել վարկային ներդրումները տնտեսության տարբեր ճյուղերի պահանջներին համապատասխան:- Վերջերս հաճախ է խոսվում այն մասին, որ Հայաստանի բանկային համակարգում սպասվում են միաձուլումներ եւ կլանումներ: - Կենտրոնական բանկի խորհուրդը բազմիցս օժանդակություն է առաջարկել բանկերին` միաձուլումները կազմակերպելու համար: Իսկ միաձուլվե՞լ, թե՞ ոչ, դա արդեն բաժնետերերի խնդիրն է: Ես չափազանցված խոշորացումների կողմնակից չեմ: Չմոռանանք, որ միջազգային ֆինանսական ճգնաժամը հենց այս խոշորացումների, իսկ ավելի հստակ, համաշխարհային մասշտաբով այդ խոշորացումները վերահսկող մարմնի բացակայության արդյունք է: - AEPLAC-ի ՙՀայաստանի տնտեսական զարգացումները 2007 թվականին՚ զեկույցում նշվում է, Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական խոչընդոտը ֆինանսական շուկայի անարդյունավետությունն է ու անկատարությունը, իսկ ավանդների ու վարկերի տոկոսադրույքների միջեւ տարբերությունը կազմում է 11.2%, ինչն աշխարհի ամենաբարձր ցուցանիշներից է: - Չեմ կարծում, որ Հայաստանում վարկերի եւ ավանդների միջեւ մարժան ամենաբարձրն է: Ինչպես արդեն ասացի, մենք միջոցներ ենք ներգրավում 10-11% տոկոսադրույքով, ռեալ վարկերի (խոսքը գնում է ոչ թե սպառողական եւ միկրովարկերի, այլ բիզնես-վարկերի մասին) տոկոսադրույքները միջինում կազմում են 18%, եւ մարժան 6-7% է, ինչը շատ նորմալ երեւույթ է: AEPLAC-ի կողմից մատնանշված 11.2%-ը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի խոշորագույն 2-3 բանկերը 2007-ին ավանդներ էին ներգրավում շատ ցածր տոկոսադրույքով և բարձր տոկոսադրույքով տրամադրում էին վարկեր, մինչդեռ 2007-ին Հայաստանի բանկերի մեծամասնության մարժան կազմում էր նույն 6-7%-ը: Անհիմն եմ համարում նաեւ ֆինանսական համակարգի անարդյունավետության մասին կարծիքը: Մատերի վրա կարելի է հաշվել Հայաստանի այն ձեռնարկությունները, որոնք վարկեր են ստացել անմիջապես դրսի ֆինանսական կառույցներից: Մնացած բոլորն աշխատում են Հայաստանի բանկերի կողմից տրամադրված վարկերի հաշվին: Վարկային ներդրումներն արդեն գերազանցում են $2 մլրդ-ը եւ շուտով կհավասարվեն ՀՆԱ-ի 20%-ին: Չեմ կարծում նաեւ, որ Հայաստանի տնտեսությունն այսօր ավելի մեծ պահանջ ունի, քան բանկերը կարող են ապահովել: - Ի՞նչ ծրագրեր ունեն ՀԲՄ-ն ու “Պրոմեթեյ Բանկը” 2009 թ. համար: - Հայաստանի բանկերի միությունը պատրաստվում է մի շարք հարցադրումներ ներկայացնել Կենտրոնական բանկին եւ կառավարությանը. գործող մի շարք օրենքներ լրջորեն խոչընդոտում են սպառողական եւ հիփոթեքային վարկավորման զարգացմանը: Սպառողական եւ հիփոթեքային վարկավորման հիմնական գրավն անշարժ գույքն է, իսկ Քաղաքացիական Օրենսգիրքը բազմաթիվ բացթողումներ ունի անշարժ գույքի գրավի տնօրինման եւ իրացման հարցերում, ինչի հետեւանքով անլուծելի խնդիր են դառնում քաշքշուկները` կապված վարկը չմարած անձի գրավ դրած անշարժ գույքը օտարելու եւ իրացնելու հետ: Մենք խնդրելու ենք Հայաստանի ղեկավարությանը արագ արձագանքել այս հարցերին: Բացի այդ, Հայաստանում այսօր չի վարվում շարժական գույքի կադաստր, ինչը լրացուցիչ խնդիրներ է առաջացնում ավտովարկավորման ընթացքում:Մենք կդիմենք կառավարությանը այս եւ այլ խնդիրների լուծումներ պարունակող օրենսդրական առաջարկությունների փաթեթով, եւ հուսով ենք, որ այն կընդունվի 2009 թվականին: Այժմ “Պրոմեթեյ Բանկի” մասին. արդեն 17 տարի լինելով այս բանկի ղեկավար` ես միշտ վարել եմ շատ կոնսերվատիվ քաղաքականություն եւ ամեն տարի իրականացրել եմ բանկի զարգացումը` համաձայն բաժնետերերի կողմից նախանշված ռազմավարական ծրագրի: Բանկը 2009 թվականին կպահպանի իր կայուն աճը: Մենք մտադիր չենք ոչ միաձուլվել, ոչ կլանվել: Ես ագրեսիվ քաղաքանություն վարող չեմ եւ կայուն զարգացման կողմնակից եմ: Հաջորդ տարի մենք կփորձենք լինել ավելի ճկուն եւ ապահովել ավելի մեծ շահույթ` կատարելով հաճախորդների բոլոր պահանջներն ու ապահովելով սպասարկման բարձր մշակույթ: Tweet Դիտում՝ 7867