Դոլարի փոխարժեքից մինչեւ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ՝ «Ամբերդ»-ի նոր տեղեկագրում

31.01.2023 | 15:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՊՏՀ #«Ամբերդ» #տեղեկագիր
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) «Ամբերդ» հետազոտական կենտրոնի համանուն տեղեկագրի 2022 թվականի ռուսալեզու համարը հասանելի է առցանց ՀՊՏՀ պաշտոնական կայքում:

Թողարկման մեջ տեղ են գտել այնպիսի թեմաներ, ինչպիսիք են դոլարի փոխարժեքը, ռազմական տուրիզմը, ՌԴ նկատմամբ պատժամիջոցները եւ այլն:

Տեղեկագրի առաջին հոդվածում տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Էդգար Աղաբեկյանը փորձ է անում բացահայտելու դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքի անկման մակրոտնտեսական ու շուկայական պատճառները՝ կատարելով ընդհանուր հեռանկարի ուրվագծեր։

2022 թվականին Ռուսաստանի նկատմամբ սահմանվել է, ընդհանուր առմամբ, 12 747 պատժամիջոց: Պատժամիջոցների փաթեթները ներառում են նաեւ հրաժարում Ռուսաստանից կենսական նշանակության մի շարք ռեսուրսների ներմուծումից։ Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աննա Փախլյանն իր հոդվածում նշում է, որ դրանք, ըստ էության, կարեւոր նշանակություն ունեն հենց պատժամիջոց սահմանողների տնտեսությունների համար, հետեւապես, դժվար է կանխատեսել, թե արդյունքում որ կողմն է ավելի մեծ վնասներ կրելու։

Իր հերթին, ներկայիս բարդ պայմաններում Հայաստանի տնտեսության վրա պատժամիջոցների ճնշումը մեծ է, քանի որ Ռուսաստանը Հայաստանի առեւտրային եւ ներդրումային հիմնական գործընկերն է։ Տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահե Բուլանիկյանը, ուսումնասիրելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա, եկել է այն եզրահանգման, որ Հայաստանին հաջողվել է նվազագույնի հասցնել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների բացասական ազդեցությունը տնտեսության վրա, եւ ինչ-որ չափով օգտվել հնարավորություններից։

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարները տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման համատեքստում շարունակաբար խոսում են «Զանգեզուրի միջանցքի» մասին, թեեւ ո՛չ պաշտոնական բանակցություններում, ո՛չ ընդունված փաստաթղթերում նման ձեւակերպում չկա։ ՀՊՏՀ հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս Վահրամ Հովյանն այս երեւույթը բացատրում է երեք գործոններով, որոնցից մեկն ունի ռազմավարական, իսկ մյուս երկուսը՝ հոգեբանական բնույթ։ Ընդ որում՝ դրանք ունեն որոշակի փոխկապվածություն․ երկու հոգեբանական ճնշման ձեւերն էլ առաջինի՝ ռազմավարական նպատակի սպասարկման միջոցներն են։

Վերջին տասնամյակների ընթացքում բնական ռեսուրսների անխնա օգտագործումը եւ դարավոր էկոհամակարգերի ոչնչացումը հսկայական վնաս են հասցնում բնությանը։ Այդ վնասակար երեւույթների կանխարգելման նպատակով ընդունվել են կանաչ տնտեսության եւ շրջանաձեւ տնտեսության հայեցակարգերը: Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը «Կանաչ տնտեսության զարգացման բնապահպանական եւ տնտեսական հիմնախնդիրները Հայաստանում» հոդվածում անդրադարձել է Հայաստանի Հանրապետությունում կանաչ տնտեսության հայեցակարգի սկզբունքների ներդրման հնարավորություններին:

ՀՊՏՀ ասպիրանտ Արաքսյա Բարսեղյանն էլ իր հոդվածում ուսումնասիրել է էլեկտրոնային կառավարման ոլորտի առաջատար երկրների փորձը, բացահայտել նրանց հաջողության գաղտնիքները եւ էլեկտրոնային կառավարման ներդրման հնարավորությունները նվազ զարգացած երկրներում:

Տեղեկագրի մյուս հոդվածներն անդրադառնում են ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում Ռուսաստանում զբոսաշրջության զարգացմանը, ռազմական զբոսաշրջության զարգացմանը, ԱՊՊԱ համակարգում կատարվող բարեփոխումներին, ինչպես նաեւ լոգիստիկ արդյունաբերության  զարգացմանը ամենազարգացած եւ քիչ զարգացած երկրներում։

Տեղեկագիրն ամբողջությամբ կարող եք ընթերցել համարի առցանց տարբերակում։
Դիտում՝ 4072
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW