2022 թվականին ՎԶԵԲ-ը Հայաստանում €117 միլիոնի չափով ներդրումներ է իրականացրել

30.01.2023 | 15:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎԶԵԲ #Հայաստան #ներդրում
2022 թվականին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) €117 միլիոն գումարի չափով ներդրումներ է իրականացրել Հայաստանի տնտեսությունում:

Ինչպես հայտնել են ՎԶԵԲ-ից, ֆինանսավորումը հիմնականում տրամադրվել է հեռահաղորդակցության եւ ֆինանսական հաստատությունների ոլորտներին՝ վարկային գծերի եւ առեւտրի ֆինանսավորման միջոցով փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) աջակցելու նպատակով։ Բոլոր ներդրումներն արվել են մասնավոր հատվածում։

Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Ջորջ Ախալկացին ասել է, որ իրենք տրամադրել են առեւտրի ֆինանսավորման աջակցություն:

«Մենք օգնել ենք մեր հաճախորդներին կառուցել ավելի ներառական, ավելի կանաչ եւ թվայնացված տնտեսություն՝ տեղական բանկերին տրամադրելով ֆինանսավորում, որը հետագայում ուղղված կլինի նրանց կողմից բիզնեսների վարկավորմանը եւ պարունակում է լրացուցիչ դրամաշնորհային խթաններ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից։ Մենք նաեւ ընդլայնել ենք հեռահաղորդակցության ենթակառուցվածքը՝ աջակցելով այս կենսական ցանցի ընդլայնմանը, հատկապես դեպի գյուղական վայրեր»,- ասել է նա:

ՎԶԵԲ-ը շարունակել է աջակցել ՓՄՁ-ներին՝ երեք գործընկեր բանկերին տրամադրելով մինչեւ €24 միլիոն վարկային գծեր բիզնեսների (այդ թվում՝ կին ձեռներեցների) հետագա վարկավորման համար՝ մրցունակության, էներգաարդյունավետության, տնտեսական ճկունության եւ ներառականության բարելավման նպատակով։

Այս վարկային գծերը զուգորդվում են դոնոր գործընկերների՝ ԵՄ-ի, Շվեդական միջազգային զարգացման եւ համագործակցության գործակալության (SIDA) եւ Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) կողմից տրամադրվող դրամաշնորհներով: Առեւտրի կարեւորագույն հոսքերը պահպանելու նպատակով ՎԶԵԲ-ն աջակցել է Հայաստանում առեւտրի ֆինանսավորման գործարքներին շուրջ €74 միլիոն գումարի չափով՝ ներգրավելով ութ տեղական գործընկեր բանկ ՎԶԵԲ-ի՝ Առեւտրի խթանման ծրագրի շրջանակներում։

Նշվում է, որ ՎԶԵԲ-ը նաեւ $20 միլիոնի չափով վարկ է տրամադրել «Տելեկոմ Արմենիա» ընկերությանը՝ ավելի հուսալի եւ արագ ինտերնետ կապի ֆինանսավորման նպատակով՝ օգնելով բարելավել կապի հնարավորությունները Հայաստանի 450,000 տնային տնտեսությունների եւ ձեռնարկությունների համար:

«Այս ֆինանսավորմանը զուգահեռ ՎԶԵԲ-ը տեղական ՓՄՁ-ներին բիզնես խորհրդատվություն է տրամադրել՝ իրականացնելով 49 խորհրդատվական ծրագիր եւ շուկայի զարգացման 15 միջոցառում ու վերապատրաստման դասընթաց: Տպավորիչ է այն փաստը, որ շահառուների 92%-ը հայտնել է եկամուտների աճի եւ արտադրողականության բարելավման մասին:

Ի լրումն ներդրումների, ՎԶԵԲ-ը շարունակել է ներգրավված լինել նաեւ քաղաքականության վերաբերյալ երկխոսությունում: Բանկը նպաստել է տեղական արժույթի եւ կապիտալի շուկաների զարգացմանը եւ աջակցել Հայաստանի Կենտրոնական բանկին քրաուդֆանդինգի կարգավորող շրջանակի ներդրման գործում՝ օգնելով գործարկել քրաուդֆանդինգի առաջին հարթակը:

Հայաստանի ներդրումային խորհուրդը, որը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության կողմից «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից, ինչպես նաեւ աջակցություն ստանում ՎԶԵԲ-ից, շարունակել է իր աշխատանքը Էկոնոմիկայի նախարարության հետ բիզնես միջավայրի մի շարք բարելավումների (օրինակ՝ անվճարունակության շրջանակի արդիականացման) ուղղությամբ։

Բանկի՝ գենդերային եւ ներառականության ռազմավարություններին համահունչ, ՎԶԵԲ-ը շարունակել է իր ծրագրերում գենդերային ներառումը խթանելու ջանքերը՝ հավասար հնարավորություններ ստեղծելով տղամարդկանց, կանանց եւ երիտասարդների համար, հատկապես գյուղական վայրերում:

Հայաստանում բանկի ծրագրերի ընդհանուր թիվը հասել է 205-ի, ընդ որում ներդրումները կազմում են ավելի քան €2 միլիարդ, որի 91%-ը բաժին է ընկնում մասնավոր հատվածին»,- ասվում է հաղորդագրությունում:
Դիտում՝ 14916
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW