2022 թվականի ընթացքում եւ տարվա ամփոփ տվյալներով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) պահպանել է Հայաստանի առաջին հարկատուի կարգավիճակը՝ գրանցելով աննախադեպ ցուցանիշ։ 2022 թ. ընկերությունը վճարել է 144 մլրդ դրամի հարկ նախորդ տարվա 61 մլրդ դրամի համեմատ։ ԶՊՄԿ վճարած հարկերը գերազանցում են խոշոր հարկատուների ցուցակում իրեն հաջորդող 4 ընկերությունների վճարած հարկերը միասին։ Ինչպես հայտնել են ԶՊՄԿ-ից, ընկերությունը շարունակում է մնալ երկրի խոշորագույն գործատուներից մեկը։ ԶՊՄԿ-ում 2023 թ. հունվարի դրությամբ աշխատում է 4607 մարդ, որից 2481-ը Քաջարան համայնքի բնակիչ է, 1629-ը՝ Կապանի։ Միայն վերջին տարվա ընթացքում աշխատանքի է ընդունվել 504 մարդ, այդ թվում Կապանից՝ 192, Քաջարանից՝ 216 մարդ, որոնցից 45-ը՝ նոր զորացրված երիտասարդ։Հարկային տարվա ցուցանիշները ամփոփելով` ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հանքագործների եւ մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը նշել է. «Այս աննախադեպ ցուցանիշն ունի երկու բացատրություն՝ նախ մետաղների գների բարձր մակարդակը եւ հարկման նոր ռեժիմը։ Իսկ երկրորդ պատճառը ընկերության կառավարման ընթացակարգային եւ վարչարարության բարելավումն է։ Ամեն դեպքում՝ անհնար է թերագնահատել ԶՊՄԿ-ի դերը մեր տնտեսության համար»։ Նրա խոսքով՝ ոլորտը լուրջ ազդեցություն ունի երկրի տնտեսության վրա․ «Ընդհանուր առմամբ, անցյալ տարի մետաղական օգտակար հանածո արդյունահանող մի քանի կազմակերպություն վճարել է ավելի քան 203 մլրդ դրամի հարկ։ Ներդրումն ահռելի է, բայց ոլորտն ունի եւ քանակական, եւ որակական աճի կարիք։ Մեր բոլոր ջանքերն ուղղված են թե ԶՊՄԿ-ում, թե ոլորտում բարեփոխումների միջոցառումների հետեւողական ներդրմանը՝ ձգտելով տեսնել հայաստանյան հանքարդյունաբերության ոլորտում մոդեռնիզացիայի, մրցունակության եւ կայուն զարգացման դրական անշեղ դինամիկա»։ Tweet Դիտում՝ 14451