Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) գործունեության հաշվետվությունը:Զեկուցվել է ֆոնդի կողմից իրականացվող ծրագրերի եւ ներդրումային պորտֆելի մասին։ Նշվել է, որ ԱՆԻՖ-ի եռամյա գործունեության արդյունքում համատեղ ծրագրերով Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ներդրվել է, ընդհանուր առմամբ, $214 մլն, 2021-2022թթ. ստեղծվել եւ պահպանվել է շուրջ 800 աշխատատեղ։Կառավարությունից հայտնել են, որ ռազմավարական նշանակություն ունեցող 2 խոշոր ներդրումային ծրագրերից մեկը՝ ԱՆԻՖ-ի եւ «Էյր Արաբիա» ընկերության համատեղ «Ֆլայ Արնա» հայկական ազգային ավիաընկերությունն անցած տարվա հունիսից սկսել է իրականացնել չվերթներ։ Ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում 4 ուղղությամբ, առաջիկայում նախատեսվում է եւս 3 նոր չվերթ: Ընթացքի մեջ են ԱՆԻՖ-ի եւ արաբական «Մասդար» ընկերության համատեղ «Այգ-1» ֆոտովոլտային կայանի կառուցման նախապատրաստական աշխատանքները: Առաջիկայում կավարտվի կայանի կառուցման համար Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) գործընթացը, որից հետո նախատեսվում է հայտարարել կայանի կառուցման շինաշխատանքների իրականացման մրցույթ: ԱՆԻՖ-ի դուստր ընկերության`«Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդի մասնակցությամբ իրականացվում է 7 ներդրումային ծրագիր, այդ թվում` գյուղատնտեսության, լոգիստիկայի, սպասարկման ոլորտներում: Մանրամասներ են ներկայացվել անցած տարեվերջին գործարկված ԱՌՖԻ քրաուդֆանդինգային հարթակի վերաբերյալ, որի նպատակն է խթանել ներդրումների ներգրավումը։ Նշվում է, որ հաշվետվության առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն: Քննարկվել են ԱՆԻՖ-ի գործունեության գործիքակազմին, ընթացիկ ծրագրերին, բիզնես ռիսկերի գնահատման մեխանիզմներին, հանրային հաղորդակցությանը վերաբերող եւ այլ հարցեր: Վարչապետը կարեւորել է ԱՆԻՖ-ի կողմից ռազմավարական նշանակության ծրագրերի, ներդրումային միջավայրի զարգացման միջոցառումների արդյունավետ իրականացումը եւ հանձնարարել հետեւողական լինել այդ հարցում: Կառավարության ղեկավարը կարեւորել է հաշվետվողականության ու թափանցիկության շարունակական բարձրացումը, հանրային ակտիվ իրազեկումը, որի կարեւոր բաղադրիչներից է բիզնես խորհրդատվությունը, միջգերատեսչական շահագրգիռ համագործակցությունը: Tweet Դիտում՝ 1952