Միջազգային զբոսաշրջությունն աճել է, բայց չի հասել նախակովիդյան մակարդակի

19.01.2023 | 12:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#UNWTO #զբոսաշրջություն
2022 թվականին ամբողջ աշխարհում կատարվել է ավելի քան 900 միլիոն միջազգային զբոսաշրջային ուղեւորություն, ինչը երկու անգամ ավելի է, քան 2021 թվականին, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) վիճակագրությունը։

Միաժամանակ, նախակովիդյան 2019 թվականի մակարդակի համեմատ՝ համաշխարհային զբոսաշրջությունը վերականգնվել է ընդամենը 63%-ով։ Տարբեր տարածաշրջաններում վերականգնումը տարբեր տեմպերով է ընթանում։

«Ամենաբարձր աճը գրանցվել է Մերձավոր Արեւելքում. այստեղ 2022 թվականին միջազգային զբոսաշրջությունը 2019 թվականի մակարդակի համեմատ կազմել է 83%։ Զբոսաշրջային հոսքերի աճն, այդ թվում, կապված է Դուբայում EXPO-ի եւ Քաթարում Ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման հետ:

Երկրորդ տեղում Եվրոպան է, որտեղ այդ ցուցանիշը հասել է գրեթե 80%-ի։ Աֆրիկայում եւ Ամերիկայում վերականգնումը կազմել է մոտ 65%: Իսկ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որտեղ շատ ուղղություններ պահպանում էին մուտքի սահմանափակումները, օտարերկրյա զբոսաշրջիկների ժամանումների թիվը կազմել է մինչհամավարակային մակարդակի ընդամենը 23%-ը»,- հայտնում է UNWTO-ն։

«2023 թվականին միջազգային զբոսաշրջության համար իրավիճակը կլավանա։ Մենք ակնկալում ենք, որ ոլորտը կաճի նույնիսկ տնտեսական մարտահրավերների, պահպանվող աշխարհաքաղաքական անորոշության եւ Covid-ի պատճառով նոր սահմանափակումների հնարավոր ներդրման պայմաններում։ Երկրների ներսում եւ դեպի արտերկիր ճամփորդությունների պահանջարկը մեծ կլինի եւ որոշ ուղղություններին թույլ կտա լիովին վերականգնվել համավարակից հետո»,- ասել է UNWTO-ի գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին:

Ըստ կազմակերպության՝ շատ բան կախված կլինի չինացի զբոսաշրջիկների ուղեւորությունների վերսկսումից, քանի որ Չինաստանը մինչեւ 2020 թվականն արտագնա զբոսաշրջության ամենամեծ շուկան էր աշխարհում։ Մասնավորապես, նրանց վերադարձը ուժեղ դրական ազդեցություն կունենա հարեւան ասիական երկրներում տիրող իրավիճակի վրա։

Բացի այդ, լավատեսական կանխատեսումներին նպաստում է ԱՄՆ մեկնելու մեծ պահանջարկը, որը հիմք է հանդիսանում դոլարի նկատմամբ եվրոյի թուլացմանը:

«2022 թվականին շատ երկրներ գրանցել են զբոսաշրջիկների կողմից կատարված ծախսերի աճ։ Ընդ որում, միջազգային զբոսաշրջությունից եկամուտները հաճախ ավելի արագ են աճել, քան ժամանողների թիվը։ Դա պայմանավորված է ճանապարհորդության վրա միջին ծախսերի ավելացմամբ՝ կապված ուղեւորության ավելի երկար տեւողության եւ զբոսաշրջիկների՝ իրենց ժամանման վայրում ավելի շատ ծախսելու պատրաստակամությամբ»,- նշել են UNWTO-ում։

Կազմակերպության տվյալներով՝ որոշ ուղղություններում միջազգային զբոսաշրջությունից ստացված եկամուտը գերազանցել է մինչհամավարակային մակարդակը, օրինակ՝ Թուրքիայում՝ 40%-ով, Ռումինիայում՝ 25%-ով, Մեքսիկայում եւ Պորտուգալիայում՝ համապատասխանաբար 15 եւ 13%-ով:
Դիտում՝ 4078
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW