Հրապարակվել է Համաշխարհային բանկի (ՀԲ) «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» հունվարյան զեկույցը, համաձայն որի 2023 թվականին տնտեսական աճը Հայաստանում կկազմի 4,1%, իսկ 2024-ին`4,8%։Ըստ զեկույցի՝ այս տարի տնտեսական աճը Վրաստանում կկազմի 4% (2024 թվականին՝ 5%), Ադրբեջանում՝ 2,8% (2024 թվականին՝ 2,6%): ՀԲ կանխատեսմամբ՝ 2023 թվականին Ռուսաստանի տնտեսությունը կնվազի 3,3%-ով, իսկ հաջորդ տարի կաճի 1,6%-ով։ Թուրքիայում տնտեսությունն այս տարի կաճի 2,7%-ով, իսկ 2024 թվականին՝ 4%-ով։Ուկրաինայում ՀԲ-ն այս տարի կանխատեսում է 3,3% տնտեսական աճ, իսկ 2024 թվականին՝ 4,1%:ՀԲ զեկույցի համաձայն՝ համաշխարհային տնտեսության աճը կտրուկ դանդաղում է բարձր գնաճի, տոկոսադրույքների բարձրացման, ներդրումների կրճատման եւ Ուկրաինա ՌԴ ներխուժման հետեւանքով առաջացած մատակարարումների շղթաների խափանումների ֆոնին։ Կանխատեսվում է, որ 2023 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 1,7%-ով (6 ամիս առաջ ակնկալվող 3%-ի փոխարեն), իսկ 2024 թվականին՝ 2,7%-ով: Սպասվում է, որ տնտեսական աճի կտրուկ անկումը համատարած կլինի. 2023 թվականի կանխատեսման վատթարացումը վերաբերում է զարգացած տնտեսությունների 95%-ին եւ ձեւավորվող շուկաներով ու զարգացող տնտեսություններով երկրների գրեթե 70%-ին։ Նշվում է, որ 2023 թվականին ԱՄՆ-ում աճը կդանդաղի մինչեւ 0,5%, ինչը 1,9 տոկոսային կետով ցածր է նախկինում կանխատեսվածից եւ ամենացածր մակարդակն է 1970 թվականից ի վեր՝ հաշվի չառնելով ռեցեսիայի ժամանակաշրջանները: Եվրոգոտում 2023 թվականին ակնկալվում է զրոյական տնտեսական աճ՝ 1,9 տոկոսային կետով ցածր նախորդ կանխատեսումներից։ Ըստ կանխատեսումների՝ 2023 թվականին Չինաստանում աճի տեմպերը կկազմեն 4,3%՝ կանխատեսվածից 0,9 տոկոսային կետով ցածր։«Համաշխարհային տնտեսության աճի հեռանկարների վատթարացման ֆոնին սրվում է ճգնաժամը զարգացման ասպարեզում: Ձեւավորվող շուկաներով երկրներին ու զարգացող տնտեսություններին սպառնում է դանդաղ տնտեսական աճի երկարատեւ շրջան՝ պարտքային բեռի բարձր մակարդակի եւ ներդրումների ներհոսքի նվազման հետեւանքով, քանի որ կապիտալի գլոբալ հոսքերը կկլանվեն զարգացած տնտեսությունների կողմից, որոնք իրենք էլ բախվում են խնդիրների՝ պետական պարտքի չափազանց բարձր մակարդակի եւ տոկոսադրույքների բարձրացման պատճառով։ Տնտեսական աճի թույլ տեմպերը եւ ձեռնարկություններում ներդրումների պակասը կխորացնեն կրթության, առողջապահության, աղքատության հաղթահարման եւ ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում առանց այն էլ բարդ իրավիճակը, ինչպես նաեւ կլիմայի փոփոխության հետ կապված աճող մարտահրավերները»,- ասել է Համաշխարհային բանկի խմբի նախագահ Դեւիդ Մելպասը։ Tweet Դիտում՝ 2768