«Լույս» հիմնադրամը ուսումնասիրել է Թուրքիայի տարանցիկ դերակատարությունը՝ դեպի Եվրոպա գազի մատակարարման հարցում։ Հիմնադրամի ուսումնասիրության մեջ ասված է.• Այսօր Թուրքիան հանդիսանում է ոչ միայն Մերձկասպյան, այլեւ ռուսական գազի՝ դեպի Եվրոպա մատակարարումների առանցքային ուղղությունը։ Հաշվի առնելով Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունները, ինչպես նաեւ հեղուկ գազի արտահանման սահմանափակ կարողությունները՝ ԵՄ-ին գազ մատակարարելու տեսանկյունից թուրքական տարանցումը ՌԴ-ի համար մնացել է միակ հուսալի ուղղությունը։• Թուրքիան հանդիսանում է Եվրոպայում բնական գազի ամենախոշոր սպառողներից մեկը․ 2021-ին Եվրոպայում բնական գազի տարեկան սպառման ցուցանիշով Թուրքիան զիջել է միայն 3 երկրի՝ Գերմանիային, Մեծ Բրիտանիային եւ Իտալիային։• 2021-ին Թուրքիան բնական գազ է ներմուծել 4 հիմնական աղբյուրից՝ Ռուսաստանից, Իրանից, Ադրբեջանից եւ Ալժիրից։ Ռուսաստանն ապահովել է ներմուծման շուրջ 45%-ը (26,3 մլրդ մ3), Իրանը՝ 16%-ը (9,6 մլրդ մ3), Ադրբեջանը՝ 13,6%-ը (8 մլրդ մ3), Ալժիրը՝ 10,2%-ը (6 մլրդ մ3)։ Ռուսաստանից Թուրքիա բնական գազի ներմուծումը 2021-ին 2020-ի համեմատ ավելացել է գրեթե 60%-ով, սակայն այդ ցուցանիշը մոտ է վերջին տասնամյակի միջին ցուցանիշին՝ տարեկան մոտ 25 մլրդ մ3։• Մերձկասպյան երկրներից եւ Կենտրոնական Ասիայից դեպի ԵՄ ինչպես էներգակիրների, այնպես էլ առեւտրի տարանցման կենտրոն դառնալու ձգտումը լիովին համապատասխանում է Թուրքիայի գործող իշխանությունների պանթուրանական հավակնություններին եւ կարող է դառնալ այդ մեգանախագծի տնտեսական շարժիչը։ Թուրքիայի այս քաղաքականությունը որոշ չափով համընկնում է նաեւ վերջինիս անգլոսաքսոնական դաշնակիցների շահերի հետ, որոնք ձգտում են թուլացնել ԵՄ ուղիղ կախվածությունը ՌԴ-ից, իսկ ԵՄ եւ ՌԴ էներգետիկ կապերում Թուրքիայի բուֆերային դերակատարությունը կարող է այդ կախվածությունը ավելի կառավարելի դարձնել՝ հաշվի առնելով Թուրքիայի նկատմամբ ազդեցության բազմաթիվ լծակների առկայությունը։• 44-օրյա պատերազմից առաջ՝ 2018-2020թթ․ Թուրքիան կտրուկ կրճատեց ՌԴ-ից գազի ներմուծման մասնաբաժինը՝ ավելի քան 50%-ից հասցնելով մոտ 33%-ի, միաժամանակ ավելացրեց Ադրբեջանից ներմուծման մասնաբաժինը՝ նախկինում 12-14%-ից 2020-ին հասցնելով 24%-ի։ Սա Թուրքիային հնարավորություն տվեց, ի թիվս այլ գործոնների, նաեւ էներգետիկ անվտանգության տեսանկյունից նվազեցնել ՌԴ ազդեցության լծակները եւ ավելի ազատ վարքագիծ դրսեւորել Հարավային Կովկասում։ Պատերազմից հետո տնտեսական բաղադրիչը կրկին գերակայող դարձավ, եւ Թուրքիան արդեն 2021-ին սկսեց ավելացնել ռուսական գազի մասնաբաժինը։• Այսօր արդեն Թուրքիան հնարավորություն ունի կրճատելու այս կամ այն մատակարարից ստացվող գազի մասնաբաժինը սեփական սպառման մեջ եւ դրա հաշվին ավելացնելու սեփական տարածքով տարանցումը դեպի ԵՄ։ Օրինակ, Տրանսադրիատիկ խողովակաշարի հզորությունների ավելացման, ինչպես նաեւ Հունաստանից եւ Ալբանիայից դեպի մյուս բալկանյան երկրներ խողովակաշարերի ցանցի ընդլայնման պարագայում, Թուրքիան կարող է նվազագույնի հասցնել ադրբեջանական գազի սպառումը եւ Ադրբեջանից ներմուծվող գազի առավել մեծ մասնաբաժինը ուղղել դեպի եվրոպական շուկա։• Թուրքիան բնական գազի տեսանկյունից Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար շատ կարեւոր դեր է կատարում, իսկ վերջինիս տարածքով անցնող Հարավային գազային միջանցքը դեպի ԵՄ գազի մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացիայի առանցքային ուղղություններից է։«Էներգետիկ ճգնաժամը Եվրոպայում եւ ադրբեջանական գազի գործոնը» վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետեւյալ հղումով։ Tweet Դիտում՝ 2782