Եվրամիության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալը (Brexit) 2022 թվականի հունիսի դրությամբ Մեծ Բրիտանիային արժեցել է £33 միլիարդ ($40 միլիարդ)՝ չստացված ներդրումների եւ առեւտրային եկամուտների տեսքով:ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Եվրոպական բարեփոխումների կենտրոնի կողմից նախօրեին հրապարակված ուսումնասիրության մեջ։Իրենց հաշվարկներում գիտահետազոտական կենտրոնի վերլուծաբանները կառուցել են բրիտանական տնտեսության մոդելը՝ ինչպիսին այն կարող էր լինել, եթե 2016 թվականի հունիսին բրիտանացիները հանրաքվեում չքվեարկեին Բրյուսելի հետ «բաժանման» օգտին։ Համեմատության համար օգտագործվել են Brexit-ից առաջ ընկած ժամանակահատվածում զարգացած տնտեսություններով այնպիսի երկրների ցուցանիշներն, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Գերմանիան, Նորվեգիան եւ Ավստրալիան:Փաստաթղթի համաձայն՝ այս տարվա երկրորդ եռամսյակում Թագավորության ՀՆԱ-ի չափը 5,5%-ով ավելի կլիներ։ Զուգահեռաբար բրիտանական առեւտրի ծավալը 7%-ով բարձր կլիներ, իսկ ստացված ներդրումների չափը՝ 11%-ով։«Brexit-ն ակնհայտորեն զգալի բացասական ազդեցություն է ունեցել Մեծ Բրիտանիայի տնտեսության վրա: Տարբերություն կա այն բանի միջեւ, թե ինչ են ուզում ասել քաղաքական գործիչները Brexit-ի մասին եւ ինչ է ցույց տալիս մեզ վիճակագրությունը։ Կարծում եմ՝ այլեւս հնարավոր չէ պնդել, որ Brexit-ը չի վնասել տնտեսությանը»,- ասել է զեկույցի հեղինակ, Կենտրոնի ղեկավարի տեղակալ Ջոն Սփրինգֆորդը։Եվրոպական բարեփոխումների կենտրոնի նախորդ գնահատականների համաձայն՝ անցած տարեվերջին բրիտանական տնտեսությունը 5,2%-ով փոքր էր այն ցուցանիշից, որը երկիրը կարող էր ունենալ՝ մնալով ԵՄ կազմում։«Brexit-ն անխուսափելիորեն հանգեցրել է հարկերի բարձրացման, քանի որ դանդաղ աճող տնտեսությունը կարիք ունի ավելի բարձր վճարների՝ պետական ծառայությունները եւ սոցիալական ապահովության նպաստները ֆինանսավորելու համար»,- նշել են զեկույցի հեղինակները:Նրանց կարծիքով, եթե Մեծ Բրիտանիան մնար ԵՄ անդամ, հարկերի բարձրացումը, որի մասին հայտարարվել էր 2022 թվականի մարտին, անհրաժեշտ չէր լինի, իսկ հարկերի հավաքագրումը £40 միլիարդով ($48,6 միլիարդով) ավելի բարձր կլիներ, քան այսօր։ Tweet Դիտում՝ 10947