Ֆինանսական շուկայի ոչ լիարժեքությունը խոչընդոտում է տնտեսության զարգացմանը, կարծում է AEPLAC-ի ներկայացուցիչը
19.11.2008 | 14:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանում 2007 թվականին արձանագրվել է ազգային տարադրամի ամրապնդման## ամենաբարձր տեմպը Եվրոպայում եւ ԱՊՀ-ում:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին այսօր ասել է Տնտեսական քաղաքականության եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի /AEPLAC/ տնտեսական խմբի ղեկավար Գագիկ Գաբրիելյանը` ներկայացնելով “Տնտեսական զարգացումները Հայաստանում 2007 թվականին” զեկույցը:
Զեկույցի համաձայն, դոլարի նկատմամբ դրամի ամրապնդումը 2007 թվականին կազմել է 24%:
Գագիկ Գաբրիելյանը նշել է, որ դրամի ամրապնդումը Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության բացասական հաշվեկշռի ավելացման հիմնական պատճառներից է, որը 2007 թվականին կազմել է ՀՆԱ-ի 20%-ը: Արտահանման կրճատման եւ արտասահմանում հայկական ապրանքատեսակների ցածր մրցունակության այլ պատճառների թվում Գագիկ Գաբրիելյանը նշել է արտահանվող ապրանքների փոքր թվաքանակը, նրանց ցածր տեխնոլոգիականությունը, հումքի արտահանման վրա կենտրոնացումը եւ կատարյալ ֆինանսական գործիքների բացակայությունը:
“Հայաստանի տնտեսության զարգացմանը խոչընդոտող հիմնական խնդիր է մնում ֆինանսական շուկայի անարդյունավետությունն ու ոչ լիարժեքությունը”,- ասել է Գագիկ Գաբրիելյանը: Նա հստակեցրել է, որ չնայած վերջին տարիներին Հայաստանում վարկային տոկոսադրույքների կրճատմանը` 2007 թվականին վարկային եւ ավանդային տոկոսադրույքների միջեւ տարբերությունն աճել է 0.5%-ով` կազմելով 11.2%, որն աշխարհի ամենաբարձր ցուցանիշերից է:
Վերլուծելով ՀՆԱ կառուցվածքը` զեկուցողը նշել է, որ շինարարությունը մնում է Հայաստանի տնտեսական աճի “շոգեքարշը”, սակայն 2007 թվականին այդ բնագավառի աճի տեմպը նվազել է:
“Եթե 2006 թվականին շինարարության տեմպն աճել էր 37.7%-ով` ապահովելով ՀՆԱ կեսից ավելին, ապա 2007 թվականին տվյալ ոլորտի աճի տեմպն արդեն կազմում էր 18.6%` ապահովելով ՀՆԱ մեկ երրորդը”,- ասել է Գագիկ Գաբրիելյանը:
Նրա խոսքերով, Հայաստանի հիմնական խնդիրն այս փուլում տնտեսական աճի վերափոխումն է տնտեսության զարգացմանը, ինչը պահանջում է վերջինիս կառուցվածքի փոփոխում, ինստիտուցիոնալ արդյունավետության ավելի բարձր մակարդակ, ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործում եւ պետության ու մասնավոր հատվածի միջեւ համագործակցության նոր մոտեցումներ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: