«հայrate». Հայաստանի ամենագրավիչ գործատուները` ըստ ուսանողների ընտրության

16.12.2022 | 14:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#«հայrate» #գործատու #Գրանթ Թորնթոն Հայաստան
Դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել «հայrate» մրցանակաբաշխությունը, որի շրջանակում պարգեւատրվել են Հայաստանում ամենագրավիչ գործատուները՝ համաձայն ուսանողների շրջանում անցկացված համապարփակ հարցման։

Արդեն երկրորդ տարին է, ինչ նախաձեռնությունն իրականացվում է Գրանթ Թորնթոն Հայաստանի եւ Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի համատեղ ջանքերով. Նպատակն է շեշտադրել գործատուների գրավչությունը աշխատաշուկա մուտք գործող երիտասարդների շրջանում եւ բացահայտել, թե որքանով են հասցեական իրենց բրենդի ճանաչելիության բարձրացման ուղղությամբ գործատուների ձեռնարկած միջոցառումները ուսանողների շրջանում:

Գրանթ Թորնթոն Հայաստանից հայտնել են, որ հարցմանը մասնակցել է Հայաստանի առաջատար բուհերի շուրջ 1000 ուսանող՝ ազատորեն արտահայտելով իր կարծիքը եւ նշելով 2022 թվականի ամենագրավիչ գործատուին՝ անկախ գործունեության ոլորտից:

«Նմանօրինակ նախաձեռնությունները կարեւոր են թե՛ ուսանողության պատկերացումների արտացոլման եւ կարծիքի արտահայտման տեսանկյունից, թե՛ գործատուների՝ երիտասարդության, որպես Հայաստանի աշխատաշուկայի վաղվա օրվա ներկայացուցիչների, հանդեպ առավել ճկուն, խրախուսիչ եւ ընդգրկուն գործելակերպի ձեւավորման համար»,- ասվում է հաղորդագրությունում:

Որպես գրավիչ գործատու՝ ուսանողները նշել են ավելի քան 50 կազմակերպության անվանում, որոնցից առանձնացվել եւ մրցանակաբաշխության ընթացքում հայտարարվել են հարցման արդյունքում ամենից շատ ձայներ հավաքած 10-ի անունը:

Առանձնահատուկ շեշտադրվել եւ պարգեւատրվել է «ամենագրավիչ գործատու» անվանակարգում առավելագույն ձայներ հավաքած կազմակերպությունը:

Առաջին հորիզոնականներով տեղ գտած կազմակերպությունների շարքում են՝ Դիջիթեյն, Պիքսարտ, Սոֆթ Կոնստրակտ, Ամերիաբանկ, Սինոփսիս, Սերվիս Տիտան, Կենտրոնական բանկ, Կոկա-Կոլա Հելլենիկ, Ինեկոբանկ, Ադոբ:

Գրանթ Թորնթոն Քնսալթինգի տնօրեն Գուրգեն Հակոբյանը նշել է, որ երկրորդ տարին անցկացվող «հայrate»-ը հավակնում է դառնալ հայաստանյան աշխատաշուկայի ամենահեղինակավոր վարկանիշերից մեկը:

«Շնորհավորում եմ նախաձեռնողներին ու մասնակիցներին: Երիտասարդ տաղանդների ներգրավումն ու խրախուսումն այսօր ռազմավարական կարեւորություն ունեն գործատուների համար: Կարծում եմ, որ «հայrate»-ը ուսանողների շրջանում բրենդի ճանաչելիության ուղղությամբ ընկերությունների ջանքերի լավագույն արտացոլումն է»,- ասել է նա:

Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանն էլ իր հերթին նշել է, որ այսօր «հայrate»-ը վերահաստատում է երիտասարդության եւ գործատուների կապի կարեւորությունը։

«Որպես ուսանողության ներգրավմանն ուղղված գործատուների կողմից իրականացված հաջողված ծրագրերի ու քաղաքականության ակնարկ՝ այս մրցանակաբաշխությունը յուրովի ուղղորդում է Հայաստանի աշխատաշուկայի կատարելագործումը դեպի նոր մշակույթ, որտեղ գործատուի բրենդինգը ծանրակշիռ դեր է խաղում տաղանդների ներգրավման գործում։ Քանզի վաղուց արդեն ոչ միայն գործատուն է ընտրում աշխատակցին, այլեւ աշխատակիցն է ընտրում գործատուին»,- ասել է Արփի Կարապետյանը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն էլ կարեւորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը, որը նպաստում է բուհ-աշխատաշուկա-գործատու կապի ամրապնդմանը։

«Պետք է փաստել, որ այսօր խզված է բուհ-աշխատաշուկա կապը։ Պատճառն այն է, որ աշխատաշուկայի կառուցվածքն ու գործատուի պահանջներն արագ են փոփոխվում, իսկ շատ հաճախ բուհերի տված գիտելիքները դառնում են ոչ մրցունակ։ Մինչեւ աշխատանքի անցնելն ուսանողը ստիպված է լրացուցիչ միջոցներ եւ ժամանակ տրամադրել այդ պահանջներին համապատասխանելու համար: Բուհ-աշխատաշուկա հարաբերություններում առկա են մի շարք հիմնախնդիրներ, իսկ իրավիճակը կարելի է բարելավել՝ իրականացնելով բարեփոխումներ ինչպես կրթության ոլորտում, այնպես էլ աշխատանքի շուկայում:

Մասնավոր հատվածը պետք է իր ակտիվ մասնակցությունն ունենա ուսանողներին տրված վերջնարդյունքների գործում: Եվ, իսկապես, բուհ-աշխատաշուկա կապը խոչընդոտող գլխավոր գործոնն այն է, որ բուհն ավելի շատ կարեւորում է հիմնարար գիտելիքները, իսկ գործատուն առաջնահերթությունը տալիս է հմտություններին։ Կարծում եմ՝ պետք է ստեղծվեն բուհ-աշխատաշուկա-գործատու կապն արդյունավետ միավորող հարթակներ, որոնք կփակեն ոլորտում առկա բացերը եւ կնպաստեն խնդիրների լուծմանը»,- ասել է նախարարի տեղակալը։

Նշվում է, որ մասնակիցները բարձր են գնահատել նման նախաձեռնության անհրաժեշտությունը՝ նշելով, որ Հայաստանի գործատուները «հայrate»-ի շնորհիվ հնարավորություն ունեն գնահատել ինչպես իրենց ձեռնարկած քայլերի արդյունավետությունը, այնպես էլ բացահայտել նոր հնարավորություններ երիտասարդ տաղանդների ներգրավման համար:

Հետազոտության վերլուծության ամբողջական արդյունքներին կարելի է ծանոթանալ հետեւյալ հղմամբ:
Դիտում՝ 7597
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW