Իմփաքթ Հաբ Երեւանը ազդարարել է Հայաստանում սոցիալական ձեռներեցության զարգացման համար նախատեսված առաջին սոցիալական ազդեցության ներդրումային ֆոնդի (VIA Fund) գործունեության պաշտոնական մեկնարկը:Իմփաքթ Հաբ Երեւանից հայտնել են, որ ֆոնդը կխթանի այս ոլորտում ներդրումների հոսքերն ու կդառնա կապող օղակ սոցիալական ձեռներեցների եւ ներդրողների միջեւ։Ֆոնդից ներդրումներ ներգրավել կարող են հիմնականում կայուն շարժ ունեցող այն սոցիալական ձեռնարկությունները, որոնք ունեն ձեռնարկատիրական մոդելի եւ սոցիալական ազդեցության ընդլայնման կենսունակ գաղափարներ: Արդյունքում ֆոնդի գործունեությունը կնպաստի ՍՁ համայնքի կայունությանը՝ մեծացնելով ձեռնարկությունների գրավչությունը նոր ներդրումների համար՝ ամրապնդելով ֆինանսական անկախությունն ու թուլացնելով կախվածությունը դրամաշնորհային ծրագրերից:Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ն․Գ․ Անդրեա Վիկտորինը նշել է, որ սոցիալական ձեռներեցությունը բիզնես է՝ ստեղծված եւ նախատեսված սոցիալական խնդիրների լուծման համար։ «Կարեւոր է, որ սոցիալական բիզնեսը ֆինանսապես ինքնաբավ լինի, սոցիալական խնդիրները լուծի բիզնես մոտեցումների միջոցով եւ ունենա սոցիալական ազդեցություն, հակառակ դեպքում դա կդիտարկվի որպես օգնություն։ Կոչ եմ անում Սփյուռքի եւ Հայաստանի ներդրողներին միանալու այս ֆոնդին եւ նպաստելու ոլորտի զարգացմանը․ Հայաստանն արժանի է եւ ունի դրա կարիքը»,- ասել է նա:Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ իր հերթին նշել է, որ «բացի բանկերից, Հայաստանում ֆինանսական որեւէ այլ զարգացած ենթակառուցվածք չունենք»:«Մենք հույս ունենք, որ VIA Fund–ը կկարողանա նոր նշաձող սահմանել մասնավոր ներդրումային ֆոնդերի մակարդակում։ Դա առաջին թիրախն է, եւ երկրորդը, բնականաբար, սոցիալական խնդիրների լուծումն է»,- ասել է նախարարը:Իմփաքթ Հաբ Երեւանի գործադիր տնօրեն Գեւորգ Պողոսյանն էլ ասել է, որ ներդրումային ֆոնդը նորություն է ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում։ «Հայաստանում VIA Fund–ը ձեւավորվում է, որպեսզի ներդրումներ իրականացվեն այն սոցիալական ձեռներեցների գործունեության մեջ, որոնք վերջին 1-2 տարվա ընթացքում ապացուցել են, որ կարողանում են ձեռնարկատիրական ուժեղ եւ հստակ մոդել ունենալ, աճելու եւ զարգանալու պոտենցիալ ունեն»,- ասել է նա:Ֆոնդը ստեղծվել է Իմփաքթ Հաբ Երեւանի կողմից «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ Եվրոպական վենչուրային մարդասիրության ասոցիացիայի կողմից Արեւելյան գործընկերության երկրներում։Ֆոնդը Եվրոպական Միությունից ստացել է առաջին ներդրումը՝ €300.000, եւս €1.2 մլն անհրաժեշտ կլինի ներգրավել առաջին 5 տարվա ծրագրի իրականացման համար: VIA Fund-ն աջակցելու է սոցիալական ձեռնարկություններին իրենց նպատակների իրագործման եւ սոցիալական ազդեցության բարձրացման գործում՝ ներդրումների միջազգային մշակույթն ու փորձը բերելով հայաստանյան ՍՁ էկոհամակարգ: Tweet Դիտում՝ 5190