Ավանդաբար ոսկին համարվում է այն ակտիվներից մեկը, որն իրեն լավ է զգում ճգնաժամերի փուլում, սակայն հաջորդ տարին ոսկու շուկայի համար մի քանի մարտահրավեր կբերի:Frank Media-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է աշխարհի ոսկի հիմնական արտադրողներին միավորող՝ Ոսկու համաշխարհային խորհրդի (World Gold Council, WGS) հրապարակած զեկույցում։ 2022 թվականին մանրածախ ներդրողների կողմից ոսկու նկատմամբ մեծ պահանջարկ էր արձանագրվել, մինչդեռ այս ակտիվի նկատմամբ ինստիտուցիոնալ ներդրողների հետաքրքրությունը ցածր էր։ Նոր տարում ոսկու պահանջարկն առաջին հերթին կախված կլինի գնաճի մակարդակից եւ պարտատոմսերի եկամտաբերությունից, որն աճում էր կարգավորիչների կողմից տոկոսադրույքների բարձրացումից հետո, նշում են WGS տնտեսագետները։Գնաճի նվազման դեպքում ոսկին որպես պաշտպանիչ ակտիվ ավելի քիչ կհետաքրքրի մանրածախ ոլորտին: Սակայն սա կարող է շուկա վերադարձնել ինստիտուցիոնալ ներդրողներին. գնաճի նկատմամբ հաղթանակը կնշանակի տոկոսադրույքների բարձրացման ցիկլի ավարտ եւ պարտատոմսերի եկամտաբերության անկման սկիզբ:2023 թվականին ոսկու առանցքային շուկաներից մեկը կարող է դառնալ Չինաստանը։ Հաջորդ տարի WGS փորձագետներն ակնկալում են, որ այս երկրում ոսկու պահանջարկը կվերականգնվի 2021 թվականի մակարդակում՝ COVID-19-ի հետ կապված իրավիճակի բարելավման եւ կորոնավիրուսի նկատմամբ «զրոյական հանդուրժողականության» քաղաքականության փոփոխությունների հետ մեկտեղ։ Եթե դրանք դրական լինեն, դա կնպաստի Չինաստանում տնտեսական ակտիվության վերականգնմանը եւ սպառողական վստահության աճին։Եվրոպական շուկայում ոսկու նկատմամբ պահանջարկը կայուն կմնա, վստահ են WGS-ում։ Եվրամիության, հատկապես գերմանալեզու երկրների ներդրողները, 2023 թվականին կշարունակեն պաշտպանիչ ակտիվների կարիք ունենալ: Սակայն ինչպես եվրոպական, այնպես էլ գլոբալ մասշտաբում սուր է լինելու էներգառեսուրսների արժեքի հարցը՝ տնային տնտեսությունների ու արտադրությունների տնտեսական թուլության ֆոնին։Ընդհանուր առմամբ, 2023 թվականին WGS-ը դրական կանխատեսում ունի ոսկու համար, սակայն Խորհուրդն ընդունում է, որ ոսկու շուկայում գնային իրավիճակի վրա այլ մակրոտնտեսական գործոնների եւ աշխարհաքաղաքականության ազդեցությունն ավելի նկատելի կլինի, իսկ սցենարների անորոշության եւ նույնիսկ անկանխատեսելիության մակարդակն՝ ավելի բարձր։ Tweet Դիտում՝ 4835